Անիմացիոն պատմություններ
Գրականությունը՝ որպես արվեստի ձև, գործում է «խոսքի» հայեցակարգով, որն իր հերթին առաջացնում է կայուն, հաստատուն և սինթեզված անվերջ գեղարվեստական պատկերներ, որոնք առաջանում են ընթերցողի մտքում։ Իսկ կինոյում ոչ թե «խոսքն» է լեզվի հիմնական միջոցը, այլ՝ պատկերների ամբողջությունը։ Կարճ ժամանակահատվածում տեսողական պատկերները համակցելու հնարավորությունը թույլ է տալիս կինոյին ավելի մեծ տարածքներ ընդգրկել։ Այժմ կփորձենք ամբողջացնել ժամանակակից հայկական անիմացիոն ֆիլմերը։

Առհասարակ ժամանակակից արվեստում անիմացիոն ֆիլմերը կարևոր տեղ են զբաղեցնում։ Անիմացիայի ոլորտում ստեղծագործողները լայն հնարավորություններ ունեն նոր գեղարվեստական պատկերների որոնման, նորի ստեղծման և արդեն ուսումնասիրված տարբեր տեխնիկաների համադրման հետ կապված փորձերի մեջ։ Անիմացիայի փոխաբերական միջոցների, աուդիովիզուալ տեխնոլոգիաների էվոլյուցիան, խառը ժանրի զարգացումը, որը համատեղում է անիմացիոն ոճը և գեղարվեստական կինոյի փորձը, ցույց են տալիս անիմացիայի մեջ տեղի ունեցող փոփոխությունները, որոնք հանգեցնում են դրա անցմանը արվեստի զարգացման նոր մակարդակի:
Հայտնի անիմացիոն կերպարները մարդուն ուղեկցում են վաղ մանկությունից: Դրանց հետ են կապված ամենանշանակալի հիշողությունները, ասոցիացիաները, սենսացիաները։ Անիմացիոն ֆիլմերը մեծ սեր են վայելում ոչ միայն երեխաների, այլև չափահաս հեռուստադիտողների շրջանում: Անիմացիան ունի ամենաուժեղ տեսողական և արտահայտիչ միջոցները, քանի որ այն համատեղում է արվեստի բազմաթիվ տեսակներ։ Բնականաբար հասկանալի է, որ շատերին է հետաքրքրում անշունչ պատկերների կենդանացման գործընթացը։

Անիմացիայում գրեթե յուրաքանչյուր գեղարվեստական միտք, նույնիսկ ամենաբարդը, կարող է արտահայտվել առավելագույն պայծառությամբ։ Այստեղ կան կոնկրետ խնդիրներ, թեմա, կերպարային համակարգ, գաղափարական հայեցակարգ։ Այս ամենն էկրանի արտահայտչական հնարավորություններով նոր մակարդակի է հասնում։
Ռեժիսոր Պետյա Սարգսյանի «Մուշուրբա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի (սցենարը՝ Ա․ Մուրադյանի) սյուժետային գիծը կառուցված է 20-րդ դարի Գյումրու և իր կոլորիտային կերպարների գեղարվեստական մեկնաբանման ընթացքով։ Պոլոզ Մուկուչ, Օնես, Ծիտրո Ալեք, Վարպետ Սուրո․ այս կերպարները թեև տարբեր ժամանակներում են ապրել, բայց ֆիլմում հանդես են գալիս իբրև ժամանակակից՝ հումորային բուռն պահեր հաղորդելով ինը րոպեների ընթացքում։ Պահի մեջ պատմություն կերտող մարդկանց համար դժվար չէր երգող բաժակ՝ Էրզրումի մուշուրբա ստեղծելը։ Երաժշտական շեշտադրումն այստեղ նույնպես մեծ ներգործություն ունի։

Ինքնատիպ է այս ֆիլմում իրադարձությունների գեղարվեստական կառուցվածքը, որը լինելով սյուժետային գծի հիմնարար մաս՝ կերպարների բնավորություններով, առանձնահատկություններով է ամբողջանում և ապահովում պատմության ընթացքը։ Ինչ խոսք, իրականության թեմատիկ կողմնորոշումը, որը պատմության առանցք է հանդիսացել, գտնված է։ Այստեղ կա կենսականություն, սցենարիստը հստակ տրամաբանությամբ է որոշել իր սյուժետային մտահղացման ամբողջականությունը։
Ի՞նչն է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցում։ Կարծում ենք՝ երազանքը։ Դեպի երազանք են ճանապարհորդում նաև ռեժիսոր Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի (սցենարի հեղինակներ՝ Ա․ Անդա, Ռ․ Բալայան) հերոսները՝ 12-ամյա աղջիկն ու 200-ամյա ծերունին։ Այս անիմացիոն ֆիլմում սցենարի հեղինակների վերացական-երևակայականը ստանում է տեսանելի և առարկայական բնույթ։ Հավաստի երևակայությունը երբ ներդաշնակվում է կյանքով լի էկրանային մթնոլորտում, ապա այսպես կոչված գեղարվեստական ոգին հասնում է կինոդիտողին։

Ժամանակակից անիմացիոն ֆիլմերի գեղարվեստական-երևակայական տարածություններն անչափելի են։ Իսկ այդ տարածությունների արձագանք-հետևանքն ինքնանպատակ չէ։
Դիտելով Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը (սցենարը՝ Լ․ Ալթունյանի, Ա․ Անդայի)՝ համոզվում ես, որ այս կողմի իրականությունը շատ հնարավոր է՝ նման է այն կողմի իրականությանը։ Երբ յոթ րոպեների ընթացքում ժպիտը ճանապարհորդում է տխրության աշխարհում, անընդհատ փոխում տրամադրությունը, հասկանում ես, որ գոյություն ունի երևակայության մեջ ապրող կյանք, որն ամենևին փակ տարածք չէ, և սուբյեկտը խճճված չէ։
Հաճախ գեղարվեստական տարածության տարակերպ դրսևորումներում գրական հիմքը կողմնորոշիչ դերակատարում ունի։ Երբ դիտեցինք ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական-խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որը Հայաստան-Գերմանիա-Լիտվա համատեղ արտադրություն է, միանգամից մի հարց առաջացավ՝ ինչո՞ւ այսօրինակ՝ համաշխարհային անիմացիոն միտումներով ֆիլմերը շատ չեն մեր՝ հայ կինոաշխարհում։ Ֆիլմ, որն ունի խորքային, ամուր պատմություն, դիպուկ նշանառություն, գեղարվեստական մակարդակ։ Այս ֆիլմի հիմքում մեծ ողբերգության՝ Եղեռն ապրած հայուհու՝ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանի պատմությունն է։ Կյանք և հիշողություն․ հիմնվելով այս երկու կարևորագույն կետերի վրա՝ ռեժիսոր-սցենարիստն այնպես է խաղարկել դրանք, որ առանց մեկը մյուսի պարզապես չեն կարող գոյություն ունենալ։ Այստեղ երբեմն խոսքը զիջում է պատկերին։ Պատկերը դառնում է խոսքի ելքը… Իսկ զգացմունքային տարրը՝ որպես կարևոր բաղադրիչ, համապատասխանեցված է ֆիլմի ընդհանուր հոգեբանությանը։

Ֆիլմի հեղինակը ստեղծել է ապրողների «պատասխանատվության անձնագիրը»՝ չմոռանալու, պահանջատեր լինելու, ինքնության քայլերում զգուշավոր լինելու նպատակով։ Նշենք, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ։ Կինոնկարի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։
«Օձի ապուր»-ն այն ֆիլմերից է, որը ոչ թե պարզապես դիտում ես, այլ զգում ես մաշկիդ վրա։ Զաքար Դեմիրճյանն ու Րաֆֆի Մովսիսյանը ստեղծել են մի գործ, որտեղ անիմացիան դադարում է լինել զուտ շարժվող պատկեր և դառնում է հոգեվիճակի արտացոլում։ Ֆիլմը մեզ տանում է մի ճամփորդության, որտեղ պատերազմի դաժանությունը բախվում է մարդկային երևակայության անսահմանությանը։ Ռումբի պայթյունը այստեղ ոչ միայն ֆիզիկական ավերածություն է, այլև դուռ, որը բացվում է դեպի զինվորի ներաշխարհը։ Այդ պահից սկսած՝ դուք այլևս չեք հասկանում՝ որտեղ է վերջանում խրամատը և որտեղ է սկսվում հիշողությունը։ Այստեղ գունային գամման ուղղակի էսթետիկա չէ, այն պատմող է։ Ֆիլմն օգտագործում է հակադրությունները՝ փոխանցելու համար տագնապալի և ծանր պահերը, վերհուշի ջերմությունը՝ երանելի իրականության վառ ու կենդանի գույներով։
Այսքանով չի սահմանափակվում ժամանակակից հայ անիմացիան։ Այն նոր փնտրտուքների ճանապարհին է՝ կենսականի ու երևակայականի։ Եվ վստահ ենք, որ վաղվա անիմացիոն ֆիլմերի գրական հիմքը այնքան ինքնատիպ ու բազմազան է լինելու, որ գրավելու է հազարավոր կինոդիտողների ուշադրությունը։ Համենայնդեպս այսօրը դրա մասին է վկայում…
Վովա Արզումանյան






