Այսօր մեր կողքին ապրող տաղանդավորներից մեկի՝ կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի ծննդյան օրն է:
Նրա ֆիլմերն արժանացել են համաշխարհային հռչակի և անհաշիվ պատկառելի մրցանակների: Իսկ «Ոսկե ծիրանը» համաշխարհային հռչակ և սեր է բերել Հայաստանին, հայությանը: Մի առիթով Ռոման Բալայանն ասաց, թե Հարությունին դեռ կենդանության օրոք կարելի է արձան կանգնեցնել՝ միայն «Ոսկե ծիրանի» համար:
Հարություն Խաչատրյանն իրապաշտորեն երազող մարդ է: Այդպիսի երազանքի ծնունդն է «Ոսկե ծիրանը», այդպիսի մի երազանքից էլ, վստահ ենք, ծնվելու է Ազգային կինոյի թանգարան Սինեմատեքը:
Ինքն այսպես է ձևակերպել իր հավատամքը. «Կա ապրելու երկու ձև: Առաջինը՝ կարող ես ապրել փակ աչքերով և ոչինչ չտեսնելով՝ երջանիկ լինել: Երկրորդը՝ ապրել լայն բացված աչքերով և տեսնել ամեն ինչ: Եվ ոչ միայն տեսնել, այլև ցույց տալ տեսածդ: Տեսնել, նկարահանել և ցույց տալ՝ իր խորությամբ, իր դժվարություններով և բարդություններով: Եվ հնարավորություն տալ մարդուն գտնելու սեփական ուղին»:
Շնորհավոր տարեդարձ, Վարպե՛տ: Արևշատություն և բեղմնավոր ստեղծագործական ընթացք ենք մաղթում՝ չդադարելով հավատալ ամենաանհավանական թվացող երազանքների իրականացմանը:
Կարինե Ռաֆայելյան
No Comments