Grammophone Award, Diapason d’or և այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
«Որպեսզի ամբողջությամբ գնահատեք նրա կատարման նրբագեղ մեղմությունը, հստակությունը՝ միահյուսված փխրուն նրբազգացության հետ, ապա պետք է լսեք Ֆաուսի կենդանի կատարումը» (Զաքարի Լյուիս, cleveland.com, փետրվար 2020):
Դուք բացառիկ հնարավորություն ունեք մարտի 16-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Իզաբել Ֆաուստի կատարմամբ ունկնդրելու Բեթհովենի ջութակի կոնցերտը: Երեկոն առավել բացառիկ է նաև այն առումով, որ Ֆաուստը համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 8 սիմֆոնիան, համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704թ.ին կերտված «Քնած գեղեցկուհի» ջութակով:
Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապերով է կապված Հայաստանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ: Սա նրա երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 և 4 կոնցերտները: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է: Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015), համերգին Ֆաուստը կատարեց Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Իզաբել Ֆաուստը հայերի կողքին էր նաև արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»:
No Comments