ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Ֆիասկո

07.04.2023

Սրճարանում նստած էին երկու հոգի: Տղամարդը յոթանասունն անց, առույգ, համակրելի ծերունի էր՝ բարեկիրթ շարժուձևով և նրբաճաշակ, մոդայիկ հագուստով: Կինը երիտասարդ էր նրանից տասնհինգ-քսան տարով, բայց նրանք շատ ներդաշնակ էին դիտվում: Աշխույժ զրուցում էին, սուրճ ու աղանդեր վայելում: Երկուսից էլ  երջանկություն ու սեր էր ճառագում: Ակնհայտ էր, որ այնքա՜ն ինքնաբավ են՝ ասես աշխարհում ոչ մեկի և ոչնչի կարիքը չունեն, իրարից բացի: Հանկարծ տղամարդն այլայլվեց, անօգնական նայեց շուրջն ու սեղանի անկյունում դրված կերակրացանկը հապշտապ մոտեցրեց դեմքին այնպես, կարծես ուզում էր թաքնվել ինչ-որ մեկից:           

-Գեղա՞մ, ի՞նչ պատահեց,- տարակուսանքով ամուսնուն դիմեց խոսքը բերանում կիսատ թողած Նինան:

-Նի՛ն, էն կնոջը տեսնո՞ւմ ես մուտքի մոտ, կապույտ կոստյումովը: Աննկատ հետևիր, թե ուր է նստում ու ասա ինձ:

-Ո՞վ է, ի՞նչ կապ ունես հետը:

-Կպատմեմ: Անհեթեթ պատմություն է, բայց քանի որ բոլոր ինտիմ արկածներս քեզ անկեղծորեն պատմել եմ, էս մեկն էլ կպատմեմ:

-Հո գրողը չի՞: էդ մեկին շատ կուզեի տեսնել:

-Չէ՜:

Գրողը նախկին սիրուհիներից մեկն էր, որի հետ տևական կապ էր ունեցել Գեղամը: Նինան շատ էր ծիծաղել էդ պատմության վրա: Գեղամն ասում էր, որ նրա հետ հանդիպելու ընթացում կնոջ հարցին՝ ո՞ւր էիր, ինքը չոր ու հատու պատասխանել է՝ գրողի ծոցում, ու կինը ձեռք է քաշել՝ հասկանալով, որ ամուսինը խոսելու սիրտ չունի:

-Չկայացածների շարքից է, Նի՛ն: Սրա մասին բան չգիտես,- ասաց Գեղամը:

-Չկայացածներ էլ են եղե՞լ: Սկսում ես հիասթափեցնել:

Գեղամի ու Նինայի հարաբերությունները դուրս էին բոլոր օրինաչափություններից՝ լավ իմաստով: Նույնիսկ առաջին հանդիպումն էր այդպիսին եղել:

Գեղամը տասը տարի առաջ կորցրել էր կնոջը, որին ո՛չ սիրել էր, ո՛չ էլ հավատարիմ եղել: Առհասարակ, մինչև Նինային հանդիպելը նա չէր իմացել՝ ինչ բան է սերը: Անգամ ասում էր, որ Նինան առաջին կինն է, որին ինքը համբուրել է: Մինչ այդ՝ կանայք (արյունակիցներին չհաշված) նրա կյանքում բաժանվել են երկու խմբի՝ սեքս-զուգընկերուհիներ և՝ ոչ: Նույնիսկ օրինական կնոջ ու սիրուհիների միջև մեծ տարբերություն չի դրել:

-Ամուսնությունից հինգ-վեց տարի անց մենք դադարել էինք միմյանց համար ինչ-որ բան նշանակելուց, օտարվել էինք իրարից-, տխուր պատմել էր նա Նինային:- Ընդամենը նույն անկողնում քնող կին ու տղամարդն էինք: Տարբերությունը երևի թե այն էր միայն, որ նրա հետ քնում էի մեր տանը, ոչ թե՝ որտեղ պատահի: Կողքից նայողի աչքում երջանիկ, նախանձելի ընտանիք էինք, բայց իրականում մեկս մյուսիս կյանքում չկայինք այլևս, հասկանո՞ւմ ես, ուղղակի վերջացել էինք միմյանց համար: Ու իմ կյանքում եղած ոչ քիչ կանանց մեջ ես ապարդյուն փնտրել եմ այն, ինչի մասին միայն կարդացել էի սիրավեպերում, տեսել սիրո մասին ֆիլմերում, լսել իմ ընկերներից:    

Կնոջ մահից հետո Գեղամն իրեն մի տեսակ դատարկված էր զգում: Բոլոր հաճույքները խտացրել էր դասական երաժշտության մեջ և այլևս որևէ նվերի չէր սպասում ճակատագրից: Բայց նվերը հայտնվեց մեկ տարի առաջ՝ հենց դասական երաժշտության շնորհիվ, քաղաքի համերգասրահներից մեկում: Նինան ու նրա թերթը թրջվել էին անձրևից: Նա թերթը փռել էր կողքի բազկաթոռին՝ հույսով, որ այն կմնա դատարակ: Այնինչ դա Գեղամի տեղն էր: Նինան արագ ծալեց թերթը, բայց Գեղամը մեծահոգաբար կանխեց նրան և նստեց մեկ այլ բազկաթոռի: Երկրորդ բաժնում Նինան հավաքեց արդեն չորացած թերթը, ներողություն հայցող ժպիտով նայեց Գեղամին, և նրանք  նստեցին կողք կողքի: Համերգից հետո Գեղամն առաջարկեց Նինային տուն հասցնել մեքենայով. անձրևը դեռ շարունակվում էր: Նինան էլ նրան հրավիրեց իր տուն՝ թեյի…

Նինան բոլոր առումներով երազանքի կին էր, կին, որի մեջ Գեղամը օր օրի բացահայտում էր աշխարհի բոլոր առեղծվածները, վայելքները, տառապանքներն ու տագնապները՝ միաժամանակ:       

Նինան էլ խոստովանում էր, որ ինքն առաջին անգամ է տղամարդու կողքին անդորր ու ինքնավստահություն գտել. Գեղամի կյանքում ոչ ոք չկար ու այլևս չէր հասցնի լինել, իրենից բացի:

Կապույտ կոստյումը եկավ-նստեց նրանց կողքի սեղանին և զննեց շուրջը: Գեղամը փորձեց հնարավորինս թեքել աթոռը, որպեսզի նրան թիկունք դարձնի, ու ավելի մոտեցրեց դեմքին կերակրացանկը:

-Գեղա՛մ, վերջապես իջեցրու դա ու բացատրիր՝ ինչ է կատարվում: Էդ կինը, միևնույն է, արդեն նկատել է քեզ, նստել-չի նստել աչքերով ուտում է:

Թե ինչպես կարող էր իրեն աչքերով ուտել այդ կինը, որի անունն անգամ չէր հիշում, Գեղամին պետք չէր բացատրել: Ինչ-որ ժամանակ միասին էին աշխատել սովետական շրջկոմներից մեկում, և նա Գեղամին ուղղակի շուրջկալի մեջ էր պահել: Ամեն առիթ օգտագործել էր, որ քարշ տար անկողին, բոլոր տրամաբանական և անտրամաբանական քայլերին գնացել էր, բայց Գեղամի նման նրբաքիմք (հատկապես՝ կանանց հարցում) տղամարդու մեջ որևէ հետաքրքրություն չէր կարող արթնացնել կոշտուկոպիտ, բռի այդ կինը, որը տղամարդուց տարբերվում էր, թերևս, միայն փեշով ավարտվող հագուստով:

Գեղամն ուղղակի վախենում էր նրանից, ի լուր ողջ շրջկոմի աղերսել-հայտարարել էր, որ իրեն ոչ մի պարագայում մենակ չթողնեն նրա հետ: Բայց մի անգամ քիչ էր մնացել՝ ընկներ թակարդը: Սովետի հոգեվարքի շրջանն էր՝ Գերագույն խորհրդի վերջին ընտրությունները: Իրենց մոտ ընտրական շտաբ էր գործում, որտեղ ողջ օրվա ընթացքում պիտի հերթապահեին երեքական աշխատակից: Այս կինը միանգամից մի քանի կոմբինացիա էր խաղարկել՝ Գեղամին իր ճանկը գցելու համար: Նախ արել էր այնպես, որ ինքը և Գեղամը միասին հերթապահեն, ապա, որ դա լինի գիշերվա ժամերին, և վերջապես, որ ճիշտ մարդ լինի երրորդ հերթապահը: Այս դերի համար կնոջ աչքում ամենահամապատասխանը շրջկոմի երիտասարդ հրահանգիչն էր, որը հայտնի գլուխ պահող էր ու գործից փախչող: Կինը կասկած չուներ, որ նա մի պատրվակ կգտնի շուտ ծլկելու համար, ինքն էլ «մեծահոգաբար» չի առարկի:   

Գեղամը, որ պակաս վարպետ չէր գայթակղության խաղերի մեջ, հասկացել էր կնոջ հաշվարկներն ու ձեռք առել համապատասխան հակաքայլեր: Նախ իր հետ ընտրատարածք էր բերել իբրև թե իրեն շատ հետաքրքրող մի գիրք, որի ընթերցանությամբ կլանված՝ քաշվել էր մի անկյուն ու զերծ մնացել որևէ խոսք ու զրույցից, ապա հրամայելու պես խնդրել էր երիտասարդ հրահանգչին չհեռանալ իր կողքից այնքան ժամանակ, մինչև ինքը լինի այդ կնոջից ապահով հեռավորության վրա: Տղային տարածքից քշելու կնոջ բոլոր փորձերն անցել էին ապարդյուն: Միակ հույսը Գեղամի հետ գոնե մեքենայում մենակ մնալն էր. կինը վստահ էր, որ երիտշրջկոմականը տուն կգնա տաքսիով: Այնինչ ընտրատեղամասը փակելուց հետո տեսել էր նրան մեքենայում՝ Գեղամի կողքին նստած: Կատաղի փնչոցով տեղավորվել էր հետևում և ուժգին դրխկացրել դուռը:

Կինը դեռ հույս ուներ երրորդ ավելորդից ազատվել ավելի վաղ, քան կհասնեն իր տուն: Ճանապարհին անհանգիստ շուռումուռ էր եկել կարմիր Ժիգուլու նեղ սրահում, բարձրաձայն հևոցներ արձակել: Առջևում նստածները ձևացրել էին, թե ոչինչ չեն նկատում: Երբ կինը հասկացել էր, որ մոտենում են իրենց թաղամասին, գործի էր դրել «ծանր հրետանին». մատները մոտեցրել էր Գեղամի ձախ ականջին և երրորդի համար աննկատ սկսել քնքնշանքով (որքանով դա հնարավոր էր նրա նման անտաշի դեպքում) տրորել-շոյել:

Գեղամը հազիվ էր զսպել մեքենան արգելակելու և էդ աննորմալին կեսգիշերվա խավարի մեջ դուրս շպրտելու մղումը… Ինչևէ, ամեն բան բարեհաջող էր ավարտվել: Տղամարդիկ կնոջից ազատվել էին ու գրեթե լուսադեմին հասել տուն: Հետագայում բազմաթիվ անգամներ են հիշել այդ պատմությունն ու ծիծաղել, բայց հերթապահության օրը հեչ ծիծաղի սիրտ չունեին ո՛չ Գեղամը, ո՛չ Երևանով մեկ գիշերային զբոսանքի ելած քնատ հրահանգիչը:

-Նի՜ն, վեր կաց, էստեղից գնանք, թե չէ ես պատասխանատու չեմ երեկոյի շարունակության համար,- կամաց շշնջաց ամուսինը:

Երբ Գեղամն իջեցրեց կերակրացանկն ու պատրաստվում էր արագ դուրս պրծնել սրճարանից, իր սեղանից գրեթե ոստյունով Գեղամենց սեղանին հասավ ու նրան խեդդելու չափ ամուր գրկեց կապույտ կոստյումը.

-Գեղա՞մ… ես էլ նայո՜ւմ եմ, նայո՜ւմ՝ դո՞ւ ես, թե՞ դու չես:

Առանց հրավերի նստեց Գեղամի կողքի աթոռին ու գնահատող մի հայացք գցելով Նինայի վրա՝ ներկայացավ.

-Ես Լիլիկն եմ՝ Գեղամի նախկին կոլեգան:

-Ե՜ս եմ, Լիլի՛կ, ե՜ս եմ (փաստորեն, անունը Լիլիկ է): Իսկ դու չես փոխվել,- հառաչեց Գեղամը:

-Իսկապե՞ս: Դե՜, դու միշտ ես ինձ ուրիշ աչքով նայել: Ինչքան էլ փոխվեմ, չես նկատի:

-Ե՞ս…

-Մի՛ փորձիր ժխտել: Արդեն այնքա՜ն ջրեր են հոսել, որ ինչ-որ բան թաքցնելն անիմաստ է: Դե՜, ես հասկանում եմ, դու այնքան պատասխանատու, արժանապատիվ տղամարդ էիր, որ չէիր կարող թողնել կնոջդ ու երեխաներիդ: Իսկ ես էլ երբեք չէի համաձայնի կապվել ամուսնացած տղամարդու հետ: Հիմա, երբ Անժելան չկա, երեխաներդ մեծացել են, արդեն կարելի է և չլռել զգացմունքների մասին: Հիշո՞ւմ ես ընտրությունների գիշերը: Ո՜նց էիր ուզում ինձ հետ մենակ մնալ: Լավ է էն տղան (ի՞նչ էր անունը, չեմ էլ հիշում) ծամոնի նման կպել-պոկ չէր գալիս մեզնից, թե չէ անուղղելի բան կկատարվեր: Եթե մենք մնայինք երկուսով, դու հաստատ կկորցնեիր ինքնատիրապետումդ, իսկ ես դրանից հետո քեզ կատեի: Մեծ դրամա կանխվեց այն գիշեր: Մե՜ծ հիասթափություն: Լսել եմ, որ Անժելայի մահը ծանր ես տարել: Բայց կյանքը շարունակվում է…

Նինան կարկամել էր: Այս անհեթեթ մենախոսությունը ոչ մի կերպ չէր տեղավորվում նրա գլխում: Նա, որ Գեղամի ունեցած բոլոր սիրախաղերի հերոսուհիներին գիտեր հականե-հանվանե, երբեք ոչինչ չէր լսել այս Լիլիկի մասին:

Լիլիկը կրկին հայացքը գցեց Նինային ու հանդիմանանքով դարձավ Գեղամին.

-Ինչո՞ւ չես ներկայացնում, ո՞վ է այս երիտասարադ կինը:

-Հա՜,- շունչ քաշեց վերջապես խոսելու հնարավորություն ստացած Գեղամը և սառնասիրտ մարդասպանի նման Լիլիկի ճակատին հատ-հատ շարեց բառերը,- Նինան է՝ իմ երկրորդ և վերջին կինը:

Աշխարհում որևէ գրող, հոգեբան, փիլիսոփա, մարդաբան, պայծառատես… չի կարող նկարագրել այն արտահայտությունը, որ դաջվեց-քարացավ Լիլիկի դեմքին:

Նինան ու Գեղամն օգտագործեցին ապշեցումի պահն ու դուրս թռան սրճարանից:

Գեղամը մեքենայի շարժիչը շտապ գործի գցեց և այնպես պոկվեց տեղից, ասես վախենում էր, որ Լիլիկը կհայտնվի հետևի նստատեղին ու կսկսի քաշքշել իր ձախ ականջը:

Երբ անցել էին երկու խաչմերուկ, պայթեց Գեղամի հոմերական ծիծաղը:

-Նի՜ն…,- նա փորձում էր խոսել, բայց բառերը խեղդվում էին ծիծաղի նոր ալիքում:

-Գեղա՛մ, վերջապես կբացատրե՞ս՝ էս ինչ շիլափլավ էր:

-Նի՜ն…,- անզուսպ քրքիջ,- Նի՜ն…, սպասի՜ր…

-Սպասո՜ւմ եմ, Գեղամ, սպասում եմ ծո՜վ անհամբերությամբ:        

-Իգդիրցի մայրս կասեր. «Ես ասանկ կ’ըսեմ նե, դուն անանկ հասկըցիր»,- փռթկոցի միջից արտաբերեց Գեղամը՝ Լիլիկի պատմության մանրամասները թողնելով հետագային:

-Այսի՞նքն…

-Նի՜ն, ո՞ւր կորավ անալիտիկ մտածողությունդ:

Նինան խորամանկ ժպտաց, հետո դեմքին շինծու մտահոգություն նկարեց ու ասաց.

-Գեղա՛մ, ի սեր Աստծո, այսուհետ առավել զգույշ վարիր մեքենան, երբ ես կողքիդ եմ:

-Ինչո՞ւ:

-Կարծում եմ՝ աշխարհում կա մեկը, ով հիվանդագին տենչում է իմ մահը,- քրքջաց Նինան:

No Comments

Leave a Reply