ԳրաԴաշտ Կարինե Ռաֆայելյան

Կարինե Ռաֆայելյան, Շավղից դուրս

12.10.2023

Տեղեկացնենք մեր ընթերցողին, որ Կարինե Ռաֆայելյանի ներկայացվող վիպակն արժանացել է ամիսներ առաջ կայացած «Մարդ Աստծո» գրական մրցույթի երրորդ մրցանակին:                   

Ardi.am

1

Լույսի բեկումը

-Վահե՛, հերի՛ք է, լույսն անջատի՛ր, քնի՛ր:

-Լա՛վ էլի, պա՛պ, էս մի խնդիրն էլ լուծեմ:

Հոր և որդու այս երկխոսությունն օրակարգային էր մինչև կեսգիշեր, երբեմն էլ կեսգիշերն անց քիմիայի դասագրքերից չկտրվող, բարդագույն խնդիրներ լուծող Վահեենց նեղլիկ բնակարանում:

Գիտնական Սերոբն իրեն աշխարհի ամենաերջանիկ հայրն էր զգում՝ Վահեի նման ուսումնատենչ, շնորհալի որդի ունենալու համար: Այսուհանդերձ, նա ուղղակի հունից դուրս էր գալիս, երբ տղան չափից երկար էր մնում գրասեղանի առջև նստած: Վահեն սովորում էր Երևանի լավագույն դպրոցներից մեկում, իսկ մինչև իններորդ դասարանը զուգահեռ հաճախել էր երաժշտական դպրոց. ջութակ էր նվագում: Երկու դպրոցների միջև համառ մրցակցություն էր եղել: Մի դպրոցում Վահեին տրամադրում-մղում էին դեպի գիտությունը, մյուսում՝ դեպի երաժշտությունը, դեպի մեծ բեմերն ու հանրահռչակությունը:

Վահեն ուներ իր նպատակը. ամենապիտանի մասնագիտությունը բժշկությունն է, ինքը պիտի բժիշկ դառնա, գիտնակա՛ն բժիշկ: Նրա խոհուն-խելացի հայացքից չէր վրիպել պապի շուրջ խմբված բժիշկների անճարակությունն ու հիվանդանոցի թշվառ վիճակը: Նա դեռ այն ժամանակ՝ տասներեք տարեկանում էր հասկացել, որ բժիշկները պիտի լինեն շատ գրագետ, հետազոտող սարքերն էլ՝ բարձրորակ, որպեսզի կույր աղիքի պարզ վիրահատությունից չմահանան մարդիկ, ինչպես իր պապը: Եվ Վահեն կայացրել էր բժիշկ դառնալու հաստատուն վճիռը:

Խրուշչովկա կոչված շենքի նեղլիկ բնակարանում մինչև ուշ գիշեր նա պրպտում էր քիմիայի, կենսաբանության դասագրքերը, տարբեր գիտական ամսագրեր, լուծում բարդագույն խնդիրներ, սերտում տեսական գիտելիքներ՝ կանխավայելելով մեծ բժիշկ դառնալու, մարդկանց կյանքերը փրկելու հեռանկարը: Գրասեղանին վառվող լամպը խանգարում էր ընդամենը անթափանց վարագույրով միակ սենյակից անջրպետված խորշում քնել փորձող ծնողներին, սակայն այլ անկյուն Վահեն չուներ պարապելու համար: Պատշգամբ-ննջասենյակում մի կերպ խցկված էին երկու եղբայրների մահճակալները, իսկ գրասեղանն ընդհանուր սենյակում էր, որը և՛ հյուրասենյակ էր, և՛ ճաշասենյակ, և՛ աշխատասենյակ՝ կենսաբան հոր, տնտեսագիտականի ուսանող ավագ որդու՝ Անդրանիկի ու ապագա բժիշկ Վահեի համար: Մոր տեղը խոհանոցն էր: Այստեղ էր նա գործում իր խոհարարական հրաշքներն ու ազատ ժամերին ընթերցում սիրելի գրքերը, ամսագրերը: Ջութակի մասին վաղուց մոռացել էր ժամանակին ֆիլհարմոնիկում նվագող Սիրարփին: Մինչև երկրորդ որդու ծնունդը նա դեռ համառում-դիմադրում էր կյանքի պարտադրանքներին, չէր հրաժարվում երաժշտի կարիերայից, բայց Վահեի աշխարհ գալուց հետո հասկացավ, որ իր գլխավոր կոչումը մայր և կին լինելն է: Դուրս եկավ աշխատանքից, անմնացորդ նվիրվեց ընտանիքին, ինչի համար շատ ցավեցին թե՛ ինքը, թե՛ ամուսինը: Ավելի ուշ փորձեց իր չիրականացած երազանքը կյանքի կոչել Վահեի միջոցով. որդուն տարավ երաժշտական դպրոց՝ վստահ, որ իր գեները ժառանգած կլինի և իր փոխարեն կնվաճի մեծ բեմեր: Այնինչ որդին նույն հաջողությամբ փայլեց բնագիտական առարկաների մեջ՝ հիացնելով ուսուցիչներին և կենսաբան հորը: Եվ Սիրարփին, համակերպվող-հարմարվող էությանը բնորոշ խաղաղությամբ, իր համար փակեց երաժշտական աշխարհի դռները երկրորդ անգամ:

…Վահեն լուծեց վերջին խնդիրը, հավաքեց գրքերը, տետրերը, անջատեց լամպն ու գնաց քնելու՝ անշշուկ տեղավորվելով իր անկողնում:

***

-Բարի լույս, էլի ուշանում ես:

-Ներիր:                                    

-Ամեն օրվա պե՞ս:

-Դե, ուրիշ ճար չունես: Կրակն ես ընկել ձեռքս: Գիշերն ուշ քնելն էլ էս է:

-Ոնց էլ կարողանում ես: Երևի տանեցիքին էլ չես թողնում ձայն-ծպտուն հանեն: Տեսեք-տեսեք՝ ես պիտի հանճարեղ բժիշկ դառնամ, բոլորդ արբանյակի պես պտտվեք իմ շուրջ:

-Էս եմ, կուզես՝ ուզիր, չէ՝ գոնե ինքնասպանության մի մարդասիրական տարբերակ հուշիր, որ շատ չտանջվեմ:

-Մարդասիրականն ինչի՞դ է պետք, դու ռոմանտիկ մի բան մտածիր:

-Նետվե՞մ կամրջից:

-Ո՞ր:

-Եսիմ: Դու ասա:

-Էնքան են նետվել բոլոր հնարավոր կամուրջներից, որ համը դուրս է եկել: Ուրիշ բան հնարիր:

-Լա՛վ: Հորդ կասեմ, որ քեզ սիրում եմ, ինքն ինձ կսպանի: Լա՞վ է:

-Շա՜տ: Մանավանդ որ՝ նախ ինձ կսպանի: Միանգամից կպրծնեմ:

-Հա՛ս, մի՛ գժվիր, քիչ մնաց: Երկրորդ կուրսից կաշխատեմ, բնակարան կվարձեմ, ու կապրենք միասին:

-Դու էդ հրեշից հեշտ պրծնե՞լ ես կարծում: Միակ ելքը աշխարհի մի թաքուն անկյուն փախչելն է: Էնպես, որ երբեք չգտնի:

-Ես իմ քաղաքից, իմ ընտանիքից փախչելու ծրագիր չունեմ: Է՛դ էր պակաս: Կդառնաս իմ կինն ու հրաժեշտ կտաս հորդ անհատական հոգեբուժարանին: Մայրիկիդ էլ կկանչենք մեզ մոտ: Մերոնց արդեն պատմել եմ:

-Վահե՜, այ էստեղ դու ամենամեծ ռոմանտիկն ես: Քեզ ոչ ոք չի հասնի: Գոնե գիտե՞ս՝ ինչ կրակի հետ ես խաղում: Ես մորս մասին, անունից բացի, ոչինչ չգիտեմ, ոչի՛նչ…

-Ասել եմ, չէ՞, հենց ամուսնանանք, առաջին գործը նրան գտնելն է լինելու: Էլ չխրվես ընկճախտի մեջ: Հասանք: Դեմքիդ տնօրենի ինքնավստահ դստեր դիմակ քաշիր ու անցիր առաջ:

Դպրոցի բակում խմբված դասընկերները բազմանշանակ ժպիտներով բարևեցին Հասմիկին՝ աչքները Վահեի ճանապարհին: Գիտեին՝ խաչմերուկի մոտ բաժանվում են, որ դպրոցի դռների առջև կանգնած տնօրեն-հայրիկն իրենց միասին չտեսնի:

Ամեն առավոտ տնօրենն անձամբ էր դիմավորում ուսուցիչներին և աշակերտներին, խիստ ու չոր պատասխանում բոլորի բարևներին, զննում կասկածող հայացքով. կասկածամտությունը նրա գլխավոր հատկանիշն էր: Դեմքին ժլատ ժպիտ էր գծագրվում միայն Վահեին տեսնելիս: Վահեն նրա սիրելին էր, դպրոցի պարծանքը, բոլոր քաղաքային, հանրապետական, միջազգային օլիմպիադաների հաղթողը: Կարճ ասած՝ Վահեն նրա դպրոցի այցեքարտն էր ու գլուխ գովելու թեման: Որ իր հաստատած բռնապետության գլխավոր զոհը՝ Հասմիկը կարող է Վահեի հետ սիրո պատմություն ունենալ, նրա մտքով չէր էլ անցնում: Վահեն չափազանց կատարյալ էակ էր նրա աչքում՝ իր դստեր նմանին նկատելու համար: Դեռ մանկուց նա Հասմիկին ընկալում էր իբրև ինքնահաստատվելու գործոն, կռվախնձոր՝ իր և կնոջ միջև, ըստ սեփական քմահաճույքների կառավարվող տիկնիկ…  մի խոսքով՝ ամեն բան, բացի հարազատ երեխա լինելուց: Նա Հասմիկի մեջ տեսնում էր կնոջ նմանակին և դա համարում ճակատագրի դառը հեգնանքը: Բավական չէ, որ կինն էր իրեն ատում, դուստրն էլ երկու-երեք տարեկանից վանում էր: Եվ նա որոշեց իր չստացված կյանքի վրեժը լուծել երկուսից էլ: Ամուսնալուծության հարցը կտրուկ դրած կնոջն սպառնաց՝ երեխային խլելով ու նրա հետ որևէ հանդիպում արգելելով: Կինը որոշել էր ամուսնուց թաքուն Հասմիկի հետ փախչել մի հեռու տեղ: Բայց փորձը չէր հաջողվել, և դա հնարավորություն էր տվել ամուսնուն պատկան ատյաններում հասնել կնոջը մայրական իրավունքներից զրկելու և դստերն իր մոտ պահելու վճռին: Հասմիկը, դեռ գիտակցական կյանք ոտք չդրած, անբնականորեն հասունացել էր և ուղղակի փակվել ինքն իր մեջ, օտարվել աշխարհից, խլացրել ներսում աղաղակող ողբերգության ճիչերը: Նա ո՛չ ընկերներ ուներ, ո՛չ հարազատներ: Մայրը և մորական կողմի ազգականներն արգելապատնեշից այն կողմ էին: Չգիտեր էլ՝ կա՞ն, թե՞ չկան: Իսկ հոր հատուկենտ հարազատները խորթ էին, օտար: Տանը ժամանակ առ ժամանակ հայտնվող հյուրերն առհասարակ դատարկ տեղ էին Հասմիկի համար: Համադասարանցիներն էլ կա՛մ քծնում էին նրան՝ իբրև տնօրենի դստեր, կա՛մ թաքուն մաղձ թափում՝ հոր կամայականություններին մեղսակից համարելով:

Յոթերորդում էին, երբ իրենց դասարան եկավ Վահեն ու միանգամից դարձավ բոլորի սիրելին: Բարձրահասակ, շիկահեր, խաժակն այս տղան մարդկանց սիրտը նվաճելու բացառիկ շնորհ ուներ: Ոչ միայն գեղեցիկ արտաքինը, այլև բարեկիրթ վարքը նրան սիրելի էին դարձնում անգամ անծանոթ մադկանց աչքում: Բավական էր փողոցում, տրանսպորտում, խանութում, սրճարանում, այլուր հայտնվեր, իսկույն նկատվում էր ու արժանանում համակրանքի:

Վահեն նաև շատ խորաթափանց մարդ էր: Երբ դասարանի տղաները մեկ-երկու օրվա շփումից հետո նրան ընդունել էին իբրև յուրայինի ու ներկայացրել դասարանի աղջիկներին, Հասմիկի մասին արտահայտվել էին ոչ այնքան բարեհաճորեն:

-Քիթը ցից, հոր պես դառը կորիզ արարած է,- ասել էին,- դրանից ինչքան հեռու, էնքան լավ:

-Տո չես էլ կարող հեռու չլինել: Դա ում է մոտ թողնո՞ւմ, որ…- վրա էր բերել մեկ ուրիշը:

-Իբր որ մոտ թողեց, վազելով մոտենալո՞ւ ենք: Մեր սիրուններին թողած՝ էդ գեշոյի՞ն մոտենանք: Ինչքա՞ն անճաշակ պիտի լինես, որ դրա անդուր մռութը սիրես,- լկտիացել էր մեկ ուրիշը:

Վահեն լսել էր տղաներին, բայց հետևել հոր սովորեցրած ոսկե կանոնին. մարդու մասին չդատել ուրիշների խոսքով, այլ ճանաչել անձամբ:

Հենց առաջին հայացքից նա Հասմիկի մեջ խորհրդավոր տխրություն էր նկատել ու վախի նման մի բան: Իսկ գեղեցկուհի չլինելը բնավ էլ քարկոծելու պատճառ չէր: Վահեն մինչև կոկորդը կուշտ էր էդ գեղեցկություն կոչված արժանիքից. նրան ուղղակի հունից հանում էին ծանոթ-անծանոթներից լսած տափակ հաճոյախոսություններն իր արտաքինի մասին: Նա չէր հանդուրժում մարդուն արտաքինով գնահատելու հիմար նախապայմանը: Եվ չի բացառվում, որ Հասմիկի հանդեպ համակրանքն ի սկզբանե պայմանավորվեց նաև նրա՝ գեղեցկուհի չլինելով:

Անբացատրելի մի ուժ Վահեին մղում էր դեպի Հասմիկը, ավելի ճիշտ՝ դեպի Հասմիկի առեղծվածը: Նա հաստատ գիտեր՝ այդ աղջկա ներսում ինչ-որ բան էր կատարվում, ու ինքը շատ էր ուզում բացահայտել այդ ինչ-որ բանը:

Սկզբում զանգահարում էր՝ տնային առաջադրանքը ճշտելու պատրվակով, հետո իբրև թե չհասկացած վարժությունը լուծել էր փորձում նրա օգնությամբ, ինչ-որ գիրք էր «մոռանում» ու նստում կողքին… Ավելի ուշ Հասմիկին հրավիրեց ջութակահարների քաղաքային մրցույթին և առաջին անգամ արտասովոր հպարտություն զգաց, երբ մրցատյանի նախագահի ձեռամբ իրեն շնորհվեց հաղթողի դափնին. դահլիճում Հասմիկն էր: Երբ շփումները, ըստ աղջկա, սկսեցին անցնել թույլատրելի սահմանը, վերջինս խնդրեց բոլորից ու հատկապես հորից թաքուն պահել իրենց մտերմությունը…

Մեկ տարի անց Վահեն խոստովանեց, որ սիրում է Հասմիկին, ու իրենք, թաքուն թե բացահայտ, պետք է միասին լինեն: Հասմիկը ևս սիրահարված էր Վահեին: Տղան դարձել էր նրա փրկօղակն այն փոթորկուն օվկիանոսում, որից երբևէ դուրս պրծնելու հեռանկարին չէր հավատում: Ինչևէ, կյանքն իր անկանգ ընթացքի մեջ էր առել նրանց, և Հասմիկի հոռետեսությունն անզոր էր դրա դեմ:

Վահեն քայլ առ քայլ մոտենում էր իրեն մտատանջող թեմային, փորձում զգուշությամբ, բայց անպայմանորեն բացահայտել Հասմիկի տիեզերական թախծի պատճառները: Վստահ էր՝ այդ պատմության առանցքում նրա մայրն է, որի մասին երբեք ոչ ոք չի խոսում: Ասես՝ Հասմիկն անմայր էր աշխարհ եկել: Այդ կինն ուղղակի մութ առեղծված էր:

***

Հասմիկը սևեռուն նայում էր սրճարանում նստած դարչնագույն թավշակաշվից բաճկոնով կնոջը: Գրեթե չէր լսում Վահեին: Հանկարծ կտրուկ ընդհատեց նրան:

-Հաստա՛տ հիշում եմ՝ մայրս էսպիսի բաճկոն էր հագնում,- շշնջաց:

-Խոսի՛ր, դատարկվի՛ր վերջապես: Մի օր պիտի պատմե՞ս գլխովդ անցածը, թե՞ չէ:  

-Չորս տարեկան եմ եղել, երբ նա անհետացել է. հորս դարակում պահվող փաստաթղթերից եմ ենթադրում: Մորս դեմքն անգամ չեմ հիշում: Բայց նրա հետ այնքա՜ն ապահով էի: Միակ մարդն էր աշխարհում, որ ինձ սիրում էր… քեզ՝ չհաշված:

-Հասմիկ, բրազիլական սերիալ ես պատմում: Մի կարգին բացատրիր, հասկանամ՝ ինչն-ինչոց է:

-Գիտեմ, որ բժշկուհի էր… Աղոտ հիշում եմ, որ ինձ մանկապարտեզից վերցնում էր շտապօգնության մեքենայով… Ինքը Շուշանի հետ (երևի բուժքույրն էր) գնում էր հիվանդների տուն, ես վարորդ Հակոբի հետ սպասում էի մեքենայում… Մեկ-մեկ էլ Հակոբը մամայիցս թաքուն իր ու ինձ համար պաղպաղակ էր գնում… Արագ-արագ ուտում, թղթերը պահում էինք, որ մամաս չտեսնի… Մի անգամ Հակոբի տղան էլ էր մեզ հետ, երեքով պաղպաղակ կերանք… Անունը Սեթ էր կարծեմ… Էսքանը:

-Դա էլ քիչ չէ, որ կարողանանք գտնել մայրիկիդ: Խոստանում եմ՝ հենց բժշկական ընդունվեմ ու բժիշկ ծանոթներ ունենամ, կհետաքրքրվեմ, կգտնեմ նրան:

-Վահե, հայրս երբեք թույլ չի տա, որ ես նրան տեսնեմ:

-Հասմիկ, դու արդեն մեծացել ես, տեղյա՞կ ես: Չափահաս դառնալուց հետո ինքդ ես որոշում ինչպես և ում հետ ապրել: Դա նույնիսկ օրենքը չի արգելում: Այն օրենքը, որին հայրդ էլ չի կարող չենթարկվել:

-Երանի քեզ, որ չգիտես՝ ինչ ասել է Վաղինակ Մութաֆյան: Ձեռք քաշիր, Վահե՛: Կրակի հետ մի՛ խաղա:

***

-Շատ մութ ու խճճված պատմություն է, հեշտ չի լինի գլուխ հանել:

-Գիտեմ, տիկի՛ն Ազատյան: Բայց ես մարդկանց ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես առողջացնելու նպատակով եմ ուզում բժիշկ դառնալ: Էլ ի՞նչ բժիշկ, եթե սիրածս աղջկան չօգնեմ:

-Տղա՛ս: Դու իսկապե՞ս որոշել ես կյանքդ կապել այդպիսի բարդ ճակատագրով աղջկա հետ: Չե՞ս վախենում նրա ընտանեկան թնջուկի մեջ հայտնվելուց:

-Ոչ միայն չեմ վախեում, այլև Հասմիկին պիտի դուրս բերեմ այդ թնջուկից: Բայց նախ հարկավոր է գտնել Գայանեին:

-Լա՛վ, միայն՝ հանուն քեզ,- համաձայնեց քաղաքում մեծ համբավ ունեցող վիրաբույժ, պրոֆեսոր Ազատյանը, որ Վահեի գիտական խորհրդատուն էր, պատրաստում էր նրան բժշկականի ընդունելության քննություններին և անհամբեր սպասում, թե նա երբ պիտի  իրենց բուհի ուսանողը դառնա:

-Ես կյանքովս մեկ Ձեր պարտապանը կլինեմ: Բայց այս մասին, ինձնից ու հայրիկիցս բացի, ոչ մեկի՝ ոչ մի խոսք: Խնդրում եմ:

***

Վահեն դեռ առավոտյան Հասմիկին նրա սիրելի բոցագույն վարդերն էր նվիրել, իսկ երեկոյան դպրոցի դահլիճում պիտի կայանար ավարտական երեկոն:

Բոլորի հիացական հայացքները սևեռված էին ոսկե մեդալակիր Վահեի կողմը, իսկ Վահեն միայն Հասմիկին էր տեսնում՝ դժվարությամբ կառավարելով ներսում փոթորկվող զգացմունքները օրիորդական նրբագեղ զգեստի մեջ անճանաչելի դարձած սիրելիի հանդեպ:

Արդեն մթնել էր, երբ Վահեն դուրս եկավ դպրոցից ու քայլեց դեպի կանգառ: Դեռ հեռվից ինչ-որ անհանգիստ շարժում նկատեց փողոցի ծայրում: Լկտի ծիծաղ, հևոցներ, մայթեզրին մոտ կանգնած շքեղ ավտոմեքենա… Չորս հարբած երիտասարդ քաշքշում-ծաղրում էին հնամաշ հագուստով, մուրացկանի արտաքինով մի ծերունու:

-Տղե՛րք, ի՞նչ եք անում, բաց թողեք պապին,- առերևույթ հանգիստ ասաց Վահեն:

-Իա՜, հենց քո հրամանին էինք սպասում, լավ ա էկար,- բերանը ծռեց հերոսներից մեկը:

-Գուցե և չգայի, բայց արդեն եկել եմ: Ի՞նչ եք ուզում խեղճ մարդուց,- ծերունուն իր կողմը քաշեց Վահեն:

-Արա՛, է՞ս ով ա: Թարս ոտից ե՞ս հելե, ա՛յ տղա: Ճամփեդ գնա,- մեջ ընկավ երկրորդը:

-Հենց դա էլ ուզում եմ անել: Գնացինք, պապի՛ ջան,- ասաց Վահեն ու փորձեց հեռանալ ծերունու հետ:

-Էս չջոգինք, մեր փայ հարիֆի՞ն ուր ես տանում: Դու դավա՛յ, հելա՛ր, քո հետ գործ չունենք:

-Ես առանց պապի էստեղից չեմ գնա,- արդեն խիստ ասաց Վահեն:

-Լսի՛, էս կարող ա՞ իրոքից քո պապն ա: Բա որ ըտենց ա, խի՞ ես թողում փողոցում բոմժություն անի: Կարգին տղա էս՝ կոստով-բանով: Բա մարդ իրա պապին ըսենց կպահի՞,- վրա տվեց երրորդը:

-Համարեք, որ իմ պապն է ու ձեռք քաշեք,- արհամարհական նետեց Վահեն՝  կրկին առաջ մղելով ծերունուն:

-Դե որ քո պապն ա, արի ստեղ, ասեմ,- գոռաց չորրոդն ու մի հուժկու հարված հասցրեց Վահեի դեմքին:

Վահեի աչքերը մթնեցին, նա երերաց, բայց մնաց ոտքի վրա:

-Ի՞նչ եք անում, անաստվածնե՛ր,- գոռաց ծերունին:

-Պահո՜, էս դու գոռալ էլ գիտե՞ս:

Հաջորդ հարվածն իջավ ծերունու գլխին, ու նա ընկավ գետնին:

Վահեն հարձակվեց հարբածի վրա ու բոքսի պարապմունքներից սովորած հնարով շեշտակի խփեց կրծքին:

Հրմշտոցի մեջ սուր գործիքի հպում զգաց այտին: Արյունը ցայտեց առատ շիթով:

-Երևի էդ սիրուն քիթումռութովդ ծտերի աչքի լույսն էիր, հիմի կվախենան էրեսիդ նայեն,- հռհռաց վայրենին:

Մինչ Վահեն փորձում էր սեղմել այտն ու կանխել արյան հոսքը, հետևից հարվածեցին գլխին: Դրանից հետո նա կորցրեց գիտակցությունը:

Չորս անասնակերպները ոտքերով անկանոն հարվածներ էին հասցնում գետնին ընկած Վահեին ու ծերունուն…

(Շարունակելի)

No Comments

Leave a Reply