«Երևանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնելու է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ:
Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենահայտնի ֆլեյտահարներից է, ով հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ և նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային և նվագախմբային երաժշտությունից մինչև էքսպերիմենտալ, ջազ և փոփ երաժշտություն:
«Ֆլեյտայի աստվածուհի», «Երաժշտության պատմության լավագույն ֆլեյտահարներից մեկը», «Յուրաքանչյուր ոք, ով լսում է Ջասմին Չոյի կատարումը, կբացահայտի ֆլեյտա նվագելու բոլորովին նոր մակարդակ»․ ահա այսպիսինն է միջազգային մամուլի արձագանքը Ջասմին Չոյի մասին: Նրա անսահման հետաքրքրասիրությունը և աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի և Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաև կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ:
No Comments