Խանջյանի «Անլռելի» նկարազարդումները
«Անլռելի զանգակատուն» պոեմը, չնայած դժվարություններին, լույս է տեսնում 1959 թվականին և վաճառվում հաշված օրերում։ 1966 թվականին լույս է տեսնում պոեմի երկրորդ՝ պատմական հրատարակությունը՝ Գրիգոր Խանջյանի հանճարեղ նկարազարդումներով։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բացվել է «Գրիգոր Խանջյան — 100. նկարիչը և գիրքը» ցուցահանդեսը, որը նվիրված է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդումների ստեղծման պատմությանը։
Ցուցադրությունը բացահայտում է, թե ինչպես է աշխատել նկարիչը և աշխատանքային ինչ փուլեր է անցել։ Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացված են պոեմի տպագրության համար արված շուրջ 40 էսքիզ և օֆորտի թերթ, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, որոնք տրամադրել է Գրիգոր Խանջյանի դուստրը՝ Սեդա Խանջյանը։
«Երբ լույս տեսավ «Անլռելի զանգակատուն» պոեմը, ովքեր կարդում էին, ամեն մեկն իր կոմիտասին էր պատկերացնում։ Երբ լույս տեսավ Խանջյանի նկարազարդումներով «Անլռելի զանգակատունը», բոլորի համար Խանջյանի Կոմիտասը դարձավ Կոմիտասի կերպար»,- ասաց ցուցահանդեսի համադրող Մարինե Հարոյանը։
«Անլռելի զանգակատուն» պոեմի պատկերազարդումներն ինքնուրույն գրաֆիկական աշխատանքներ են, որոնք ինչպես Գրիգոր Խանջյանի, այնպես էլ հայկական գրքային գրաֆիկայի գլուխգործոցներից են։ Պատահական չէ, որ դրանք այսօր ընդգրկված են Կոմիտասի թանգարան-ինստիտուտի մշտական ցուցադրության մեջ։
«Գրիգոր Խանջյան — 100. նկարիչը և գիրքը» ցուցադրության շարքը եզրափակվում է եզակի նմուշով՝ Կոմիտասին պատկերող գրաֆիկական աշխատանքով, որը տպագիր վիճակում միշտ կախված է եղել Խանջյանի արվեստանոցում և առաջին անգամ է դուրս գալիս արվեստանոցից։ Նկարի վրա Սևակը գրաբարով մակագրել է՝ «Զքոյսդ ի քոյոց քեզ մատուցանեմ, իմ սիրելի Գրիգոր։ Շնորհակալությամբ՝ Պարույր Սևակ» (Քո ստեղծածը քեզ եմ վերադարձնում)։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ կան մի շարք հրաշալի գրական ստեղծագործություններ, որոնք ունեն փառահեղ նկարազարդումներ՝ «Բախչիսարայի շատրվանը» (Վարդգես Սուրենյանց), «Ռոստամ և Սոհրապ» (Մարտիրոս Սարյան), «Սասնա ծռեր» (Երվանդ Քոչար)։
«Առանձնահատուկ են Կոմիտասին նվիրված բանաստեղծական երկի միակ ծավալուն, արտահայտիչ ու բովանդակալից նկարազարդումները՝ ստեղծված Գրիգոր Խանջյան հանճարի ձեռքով։ Պարույր Սևակի հետ Խանջյանի համագործակցությունն այնքան սերտ է եղել, որ նրա միջոցով Խանջյանը մտել է կոմիտասյան աշխարհ ու ստեղծել այնպիսի նկարազարդումներ, որոնք առ այսօր չեն կորցրել իրենց արդիականությունը։ Կոմիտասն իր ամբողջ բազմազանության, գեղեցկության ու խորության մեջ, Կոմիտասն իր հայրենիքի հետ ներդաշնակության մեջ պատկերող խանջյանական այս շարքն անուրանալի հետք է թողել և մինչ օրս մնում է չգերազանցված»։
Սեդա Խանջյանի կարծիքով՝ և՛ Սևակը, և՛ Խանջյանը 1960-ականներին վարպետության և տաղանդի շնորհիվ կերտեցին իրենց Կոմիտասին և վստահ էին, որ Կոմիտասը հենց այդպիսին է։ «Նրանց տաղանդը նրանում է, որ մենք էլ հավատացինք, որ Կոմիտասն իրականում այնպիսին է եղել, ինչպիսին նկարագրվում է պոեմում և պատկերվում է նկարազարդումներում»,- ասաց Խանջյանի դուստրն ու հավելեց, որ հայրը երջանիկ կլիներ, եթե իմանար, որ մի օր Երևանում Կոմիտասի թանգարան է լինելու, և այնտեղ ցուցադրվելու են իր աշխատանքները։
«Գրիգոր Խանջյան — 100. նկարիչը և գիրքը» ցուցադրության ընթացքում կկազմակերպվի լինոփորագրության աշխատարան, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի նկարչի կողմից ստեղծված տախտակով իրականացնել լինոտպագրություն։
Ա․ Ս․






