Խորեոգրաֆիկ օպերայի առաջնախաղ Հայաստանում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի արվեստի միանգամայն նոր ձևաչափ։ Ապրիլի 26-ին տեղի կունենա Ֆրանսիս Պուլենկի «Մարդկային ձայն» մոնոօպերայի առաջնախաղը՝ ըստ Ժան Կոկտոյի լիբրետոյի: Սա «խորեոգրաֆիկ օպերա» ժանրի առաջին փորձն է Հայաստանում, որտեղ դասական օպերային ձայնն ու ժամանակակից պլաստիկան միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։
Ժան Կոկտոյի հայտնի սյուժեի հիմքում կնոջ վերջին հեռախոսազրույցն է իրեն լքած սիրեցյալի հետ։ Ընդհատվող խոսքեր, չասված մտքեր ու ծանր լռություն. ամբողջ աշխարհը սեղմվում է մինչև հեռախոսի լարը, որով հեռանում է հույսի վերջին թելը։ Կոկտոն այս պիեսն անվանել է «միայնակ կնոջ մենախոսություն, ում ստում են, և նա գիտի այդ մասին»։


Համաշխարհային օպերային երգացանկի այս գլուխգործոցը նոր շունչ ու ձև է ստացել Անդրեյ Կայդանովսկու ժամանակակից խորեոգրաֆիայի շնորհիվ։ Բեմական ինքնատիպ մարմնավորումը վստահված է արվեստի երկու վարպետների՝ պարուհի Դարյա Պավլենկոյին և մեցցո-սոպրանո Յուլիա Մատոչկինային։
Նախագծի գաղափարն իրականություն է դարձել պրոդյուսեր Եկատերինա Բարերի և «JokerLab» ընկերության ջանքերով։ Բեմադրող-խորեոգրաֆն Անդրեյ Կայդանովսկին է (Ավստրիա), դիրիժորը՝ Կարեն Դուրգարյանը (Հայաստան)։ Հագուստների ձևավորողն ու բեմի նկարիչը Թոմաս Միկան է (Գերմանիա), լուսային նկարիչը՝ Ալեքս Բրոկը (Ավստրիա)։
Ներկայացումը միջազգային մեծ հեռանկարներ ունի, այն կներկայացվի մի շարք հեղինակավոր փառատոների շրջանակում։






