Երաժշտություն

Կոնստանտին Օրբելյանի հյուրախաղերը` աշխարհի հեղինակավոր բեմերում

27.03.2024

Զրուցել ենք Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, հայազգի մեծանուն երաժիշտ Կոնստանտին Օրբելյանի հետ:

-Մաեստրո, մենք ուրախությամբ հետևում ենք Ձեր ելույթներին աշխարհի տարբեր բեմերում և այնպիսի տպավորություն է, որ այս տարվա Ձեր հյուրախաղերն, իսկապես, շատ են և բազմազան։

-Այո, դուք իրավացի եք. այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ նպաստել աշխարհի տարբեր երկրներում մշակութային նախագծերի իրագործմանը։ Հյուրախաղերն իրականացվում են Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնում և Կաունասի սիմֆոնիկ նվագախմբում իմ հիմնական աշխատանքին զուգընթաց։ Նաև ձայնագրություններն են կարևոր տեղ զբաղեցնում իմ գործունեության ընթացքում։



Ի դեպ, անցյալ տարի մեր հայ արտիստների մասնակցությամբ շքեղ ալբոմներ ձայնագրեցիք, իսկ այս տարին մեկնարկեցիք «Delos Music» աշխարհահռչակ ընկերությունում նոր ձայնագրությամբ՝ ինչի առթիվ շնորհավորում ենք։

-Շնորհակալություն գնահատանքի և իմ գործունեության նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության համար։ Անցյալ տարի մեր տաղանդաշատ արտիստներ Լիպարիտ Ասետիսյանի և Գևորգ Հակոբյանի մաանակցությամբ ունեցանք ձայնագրություններ, իսկ այս տարեսկզբին Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և շնորհալի թավջութակահարուհի Քրիստինա Ռեյկո Կուպերի մասնակցությամբ «Delos Music»-ում ունեցանք նոր ձայնագրություն։ Հուսամ հայ արտիստների մասնակցությամբ առաջիկայում դարձյալ կունենանք նոր ալբոմների ձայնագրություններ։

-Որքանով հետևում ենք Ձեր գործունեությանը՝ մշտապես ակտիվ ստեղծագործական կապի մեջ եք հայ արտիստների հետ։

-Ես բոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել կապը հայազգի իմ բոլոր ընկերների, բարեկամների հետ։ Մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում, քննարկում տարատեսակ ստեղծագործական ծրագրեր։ Սա անդադար և շարունակական պրոցես է։

 -Պարոն Օրբելյան, օրերս Ձեր ղեկավարությամբ Ռումինիայում շքեղ համերգային տոն կայացավ։ Մենք առիթ ունեցանք այդ ելույթը վայելելու հեռուստատեսային հեռարձակմամբ։ Իսկապես շքեղ էր։

-Այո, Ռումինիայի Կլուժ Նապոկայում կայացավ ամենամյա Մեծ Օպերային պարահանդեսը, որը կազմակերպվում էր արդեն 29-րդ անգամ։ Հանդես եկան տենոր Սթիվեն Կոստելլոն, սոպրանո Եկատերինա Սյուրինան և սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին՝ մասնակցությամբ Ռումինիայի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի։ Ի դեպ, Սթիվեն Կոստելլոն և Ֆեդերիկո Մոնդելչին իմ հրավերով հանդես են եկել նաև Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում նույնպես։ Անչափ հետաքրքիր ձևաչափ էր. հանդիսատեսին նույնպես հնարավորություն է տրվում անմիջական մասնակցություն ունենալ այս համերգային ներկայացմանը։ Հանդիսատեսի հետ միասին մենք նույնպես շատ վառ տպավորություններ ստացանք։


-Այնքան հագեցած ստեղծագործական տարի է, որ կարծում եմ մենք անսպառ զրույցի նյութ ունենք, սակայն ուզում եմ անպայման անդրադառնանք այս տարի Ձեր ղեկավարությամբ Բուխարեստում տեղի ունեցած համերգին։

-Փետրվարի 22-ին և 23-ին Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ վիրտուոզ ջութակահարուհի Միխաելա Մարտինի հետ միասին ներկայացրինք Հարությունյանի, Խաչատրյանի ստեղծագործություններից և Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան։ Ռումինիայի Ազգային թատրոնում էլ տեղի ունեցավ շնորհաշատ սոպրանո Լալի Խաբալովայի դեբյուտը։ Կարծում եմ՝ գեղեցիկ համերգային երեկո էր։

-Սիրելի մաեստրո, մենք, իսկապես, հպարտանում ենք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներով և ուրախ կլինենք պարբերաբար մեր հայ լսարանին իրազեկել Ձեր ընթացիկ ծրագրերին։ Մինչ նոր հադիպում։

-Ես նույնպես ուրախ եմ, որ առիթ եղավ զրուցելու և խնդրում եմ փոխանցել ջերմագին ողջույններս իմ հայրենակիցներին։

Զրույցը՝ Սոնա Սահակյանի

No Comments

Leave a Reply