Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծն իրականացնում են լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորել է Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության Մշակույթի տարածման հիմնադրամը:
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19։00-ին, «Դալան» ցուցասրահում կկայանա «Լեհական մշակույթի օրերը Հայաստանում» ծրագրի և «Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսի նյութերը տրամադրել է Royal Łazienki Museum-ը։ Կցուցադրվի նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Տեղի կունենա նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» ֆիլմը։ Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» ֆիլմը։ Երկու ֆիլմերն էլ թարգմանված են հայերեն։
Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կկազմակերպվի լեհական դասական երաժշտության համերգ։ Համերգի ընթացքում ելույթ կունենա Armenia լարային քառյակը, որի կազմում են Աստղիկ Վարդանյանը (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանը (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ), Հակոբ Աթյանը (թավջութակ): Լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կկատարեն Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Հավելյալ պարզաբանումներ կարող եք ստանալ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77303484:
Ardi.am
No Comments