Նոյ Ստեփանյանն իբրև լուսանկարիչ ավելի քան 8 տարվա փորձ ունի։ Սիրում է լուսանկարել ամեն ինչ՝ սովորական միջոցառումից մինչև հետաքրքիր կադրեր։ Լուսանկարի միջոցով փոխանցում է իր տեսածը։ Կարծում է, որ յուրաքանչյուր մարդ նույն պատկերը տեսնում է տարբեր կերպ։ Լուսանկարելուն զուգահեռ զբաղվում է իվենթ մենեջմենթով, ներգրավված է տարբեր միջոցառումների կազմակերպման գործում։ Շատ է սիրում շախմատ խաղալ, վստահ է՝ խաղը զարգացնում է մտահորիզոնը։
— Լո՞ւյս, թե՞ ստվեր ։
-Երկուսն էլ կարևոր են, բայց ամեն ինչ կախված է նաև կադրից։ Եթե ես գիտեմ, որ հետագայում շատ լույսի առկայությունն ինձ հնարավորություն կտա նկարն ավելի լավ մշակել, ապա ստվերի բացակայությունն ինձ չի խանգարի։ Լինում է նաև հակառակը, երբ ստվերի առկայությունն օգնում է նկարին խորություն տալ, ինչպես, օրինակ, այս նկարում է։
— Սև-սպիտա՞կ, թե՞ գույներ․․․
-Այս հարցին շատ դժվար է պատասխանել, քանի որ նախընտրելի գույներ չկան։ Բոլոր գույներն էլ կարող են գեղեցիկ լինել, բոլոր գույներով էլ կարելի է ստեղծագործել։ Ընդհանրապես գույնը նկարի տրամադրությունն է։ Եթե ցանկանում եմ դիտողի մաքսիմալ ուշադրությունը գրավել, նախապատվությունը տալիս եմ դեղին գույնին։ Եթե տխուր եմ, նկարներիս մեծ մասը սև ու սպիտակ են դառնում։ Տաք երանգները՝ նարնջագույնը, բաց կարմիրը, մայրամուտի գույնը, մարդիկ ասոցացնում են ֆիլմերի և հիշողությունների հետ։ Այսպիսով, չկան նախընտրելի գույներ, ամեն ինչ կախված է նրանից, թե լուսանկարիչն ինչ է ուզում ասել։
— Երբ ինչ-որ հետաքրքիր պահ եք բաց թողել․․․
— Երկու զգացողություն եմ ունենում։ Սկզբում՝ ափսոսանք, իսկ հետո մտածում եմ, որ այդպես էր պետք։ Մի օր գիշերային հերթափոխից հետո (ես այս պահին նաև այլ աշխատանքով եմ զբաղվում, բացի լուսանկարչությունից) քնել էի և արթնացա երեկոյան ժամը 18:00-ին, երբ արևը մայր էր մտնում։ Իմ սենյակի պատուհանից կինոյի տեսարան էր բացվում․ մայրամուտի շողերն ընկել էին մեր դիմացի սալորի ծառի վրա, իսկ դրա տակ նստած էր շունն իր ձագուկների հետ։ Միանգամից մտածեցի, որ պետք է վերցնեմ տեսախցիկը և նկարեմ։ Բայց․․․ քնեցի։ Երբ արթնացա, գիշեր էր։ Գուցե այդպես էր պետք։ Ստացվեց, որ այդ գեղեցիկ տեսարանի ականատեսը միայն ես եմ եղել։
— Արգելքներ լուսանկարելիս․․․
— Լուսանկարչությունն ինքնին արդեն իսկ խախտում է բոլոր կանոնները, չի ճանաչում ոչ մի սահմանափակում, եզրեր, արգելքներ, իսկ լուսանկարիչը պետք է հասկանա, թե ինչ կարևոր առաքելություն է իրականացնում։ Մի դեպք հիշեցի։ Մի անգամ, երբ անցնում էի մեր բակով, գետնին՝ խոտերի մեջ, նկատեցի, որ երեխաները Pepsi-ի շշեր էին նետել։ Ինձ թվաց, որ կադրը բավականին խոսուն է, և որոշեցի լուսանկարել։ Երբ բարձր որակով և դետալներով նկարում ես ինչ-որ ապրանքանիշ, շատ մեծ է ռիսկը, որ հրապարակումից հետո տվյալ ապրանքանիշի ներկայացուցիչն առնվազն վատ կարձագանքինման լուսանկարի։
— Զավեշտալի դեպք լուսանկարելիս հիշո՞ւմ եք։
— Մի անգամ անձրևից հետո որոշեցի դուրս գալ և մակրո ֆոտոներ անել։ Չգիտես ինչու՝ գնացի ԵՊՀ-ի բակ։ Նկարելու ընթացքում երաժշտություն էի լսում ականջակալներով և չնկատեցի, թե ինչպես ֆոտոխցիկը ներքև իջեցնելիս պատահաբար հարվածեցի գետնին նստած մուրացկանի գլխին։ Ավելի ծիծաղելի էր այն, որ նա պարզապես վեր կացավ և լուռ հեռացավ։ Իսկ ես նկարեցի այդ գեղեցիկ վարդերը։
— Ինքնանկարին ո՞նց եք վերաբերվում, ունե՞ք ինքնանկար։
— Ինքնանկարներ շատ ունեմ։ Հստակ կարող եմ ասել, որ ինքնանկարում ես միշտ մտածկոտ եմ։
— Ձեր ամենահաջողված լուսանկարը։
— Նկարում Երևանն է, բայց, ասես, այլ իրականությունում լինես։
— Ամենահայտնի լուսանկարը․․․
— Ամենահայտնի լուսանկարները կապված են կորոնավիրուսի շրջանի հետ։ Այդ օրերին լուսանկարել եմ Երևանի կիսադատարկ փողոցները։ Այդ լուսանկարները շատ մեծ տարածում գտան համացանցում, տարբեր էջեր կիսեցին։
— «Ես կնկարեմ քո աչքերը, երբ տեսնեմ քո հոգին»։ Մոդիլիանիի այս մոտեցումը լուսանկարելիս գործո՞ւմ է։
— Միանշանակ, ես միշտ սկզբում շփվում եմ մարդու հետ, փորձում հասկանալ նրան, կորզել որոշակի ինֆորմացիա։ Հաճախ ստացվում է խիստ անձնական զրույց, որպեսզի հասկանամ՝ ինչպես ճիշտ նկարել տվյալ մարդուն։ Այս նույն մեթոդաբանությունն աշխատում է նաև, երբ նկարում ես փողոց, տեղանք, բնություն, միջոցառում․ փորձում ես ադապտացվել և ընկալել իրավիճակը, ընկնել ռիթմի մեջ, որպեսզի նկարները հաջող ստացվեն։
— Մեր օրերում ով ասես կարող է լուսանկարել ինչ ասես․ սա արժեզրկո՞ւմ է լուսանկարչությունը որպես արվեստ, թե՞ հակառակը, հնարավորություն է՝ լավ նկարներ ստեղծելու։
— Չեմ կարծում, թե արժեզրկում է։ Մարդկանց կոնտենտ ստեղծելու հնարավորություն է տալիս, նաև ինքնարտահայտման ու շփվելու միջոց է, ինչը վատ չէ։
— Ինչի՞ մասին են Ձեր լուսանկարները։
— Իմ լուսանկարները մտածկոտ, տխուր, ուրախ, հոգնած, մոտիվացված, չար ու բարի տրամադրությունների մասին են։ Տրամադրություններ, որոնք կարող է ունենալ յուրաքանչյուրը տարբեր իրավիճակներում։
— Ցուցահանդեսի մտադրություն ունե՞ք։
— Այո՛,մտադրություն կա, բայց ձևաչափը դեռ չեմ որոշել, թեմատիկան՝ նույնպես։
— Եվ ամփոփելով՝ ի՞նչ է լուսանկարչությունը։
— Լուսանկարչությունը ժամանակը կանգնեցնելու յուրատեսակ միջոց է։
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments