Տևական ժամանակ խոսվում էր Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման մասին, սակայն Կառավարության որոշմամբ և Քաղաքաշինության կոմիտեի պատվերով՝ թատրոնը նոր շենք է ունենալու։ Ըստ լուրերի՝ թատրոնի շենքն ամբողջությամբ քանդվելու է, ճակատային մասը վերականգնվելու է նույնությամբ։
Թատերական անցուդարձի, նոր ներկայացումների, շենքի վերակառուցման ու սպասվող փոփոխությունների մասին ardi.am-ը զրուցել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի հետ։
-Վանաձորի դրամատիկական թատրոնը տնօրինում եք 2019-ից։ Ի՞նչ շրջափուլեր է անցել թատրոնը և ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել այս տարիներին։
-2019-ից մինչև հիմա․․․ շրջափուլերի բաժանել վեց տարվա համար գուցե այդքա՞ն էլ ճիշտ չէ։ Ձեռքբերումնե՞ր․․․ Գիտե՞ք, 2020-ից հետո ինձ համար մի քիչ տարօրինակ է հնչում ձեռքբերումներ բառը․․․ Մենք ավելի շատ կորցնում ենք․․․ Եթե կարելի է ձեռքբերումներ համարել նոր, լավ ներկայացումները, երկրից դուրս և երկրի ներսում միջազգային փառատոների մասնակցությունը, ուրեմն ունեցել ենք․․․ Հատկապես ուզում եմ առանձնացնել Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» պիեսի բեմադրությունը 2021 թվականին։ Մեր համընդհանուր կորուստների և ցավեցնող իրականության մեջ թերևս ամենամեծ ձեռքբերումն է, որ հիշեցնում է՝ ով ես, ինչ ունես, ինչու չունես․․․
-Հանդիսատեսին թերևս թատրոն է բերում լավ խաղացանկը, առաջնախաղերը, դերասանական լավ կազմը։ Իսկ ի՞նչ դեր ունի թատրոն- հանդիսատես կապի համար թատրոնի շենքի ներքին ու արտաքին հարդարանքը, հարմարավետությունը։ Եվ ըստ այդմ՝ ինչի՞ կարիք ունի թատրոնն այսօր։
-Իհարկե, ճիշտ եք նկատում՝ խաղացանկը, նոր, գրավիչ ներկայացումները, դերասանի վարպետությունը, համոզիչ խաղը կարևոր են, կարևոր է նաև շենքը, բայց թատրոնը միայն նոր ու բարեկարգ շենքը չէ, և հատկապես շենքը չէ․․․ թատրոնը տարիների պատմությունն է, տվյալ միջավայրում ստեղծագործած մարդիկ են, ովքեր իրենցից մի քիչ թողել են այնտեղ, որտեղով անցել են։
-Ինչո՞ւ որոշվեց թատրոնի շենքը կառուցել զրոյից, որքա՞ն կտևի կառուցումը, ի՞նչ տեսք է ունենալու նոր թատրոնը, և ի՞նչ է սպասվում ստեղծագործական խմբին այս ընթացքում։
-Նախորդ տարի քաղաքաշինության կոմիտեի կողմից մրցույթ էր հայտարարվել թատրոնի շենքի էսքիզային առաջարկների ներկայացման։ Ներկայացրած գնառաջարկով արդեն կա հաղթող ճանաչված ընկերություն։ Չեմ կարող ասել՝ ինչու զրոյից, մասնագիտական եզրակացություն պետք է լինի դրա համար։ Էսքիզի և կառուցման ժամկետների հարցով նույնպես մասնագետները կպատասխանեն, իսկ ինչ վերաբերում է թատրոնի գործունեությանը, ապա մենք մեր աշխատանքները շարունակելու ենք Վանաձորում և հյուրախաղային։

-Վանաձորի դրամատիկական թատրոնը վերջերս մասնակցել է Թեհրանի «Ֆաջր» փառատոնին։ Ի՞նչ տպավորութուններով եք վերադարձել։
-Այո, Թեհրանում մենք ներկայացանք Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի բեմադրությամբ, որը դեռևս տասը տարի առաջ՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բեմադրել է երջանկահիշատակ Վահե Շահվերդյանը։ Գիտե՞ք ինչն էր զարմանալի, գուցե ոչ այնքան զարմանալի, որքան անսպասելիորեն հուզիչ ու մինչև հոգու խորքերը թափանցող․․․ այն, որ ներկայացումը խոսեց նաև հայերեն չիմացող, լեզուն չկրող հանդիսատեսի հետ։ Իհարկե, կային ենթագրեր, սակայն տեխնիկական պատճառներով դրանք մեջընդմեջ էին ընթերցվում։
-Հայաստանում անցկացվող թատերական փառատոների մասին ի՞նչ կարծիք ունեք, աշխուժացնո՞ւմ են թատերական կյանքը, սպասվա՞ծ են հանդիսատեսի կողմից։
-Ընդհանրապես, մշակութային կյանքի ակտիվացումը բոլոր ասպարեզներում կարևոր է։ Փառատոները, իհարկե, գնահատելի են, որովհետև հանդիսատեսը հնարավորություն է ստանում հաղորդակից դառնալու տարբեր մտածողությունների, ստեղծագործական տարբեր ձեռագրերի և ճաշակների։
-Հաճա՞խ եք հյուրախաղեր ունենում և հիմնականում ի՞նչ աշխարհագրությամբ։
-Մեր թատրոնը հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ՀՀ-ում, այնպես էլ հանրապետությունից դուրս։ Վերջերս, ինչպես նկատեցիք, եղանք Թեհրանում, դրանից առաջ Մոսկվայում, Թբիլիսիում, Ակտաուում․․․
-Կա՞ն ներկայացումներ, որ այցեքարտային են դարձել՝ դրսի հանդիսատեսին ներկայացնելու առումով։
-Կա՛ն։ Մեր մի շարք ներկայացումներ, առանց որևէ երկընտրանքի, վստահաբար կարելի է հրամցնել բոլորին։ Մեր «Անուշը», «Երկիր հայրենին», «Չար ոգին», «Մեկ ժամ հիշողությունը», «Չարլեյի մորաքույրը», «Ես միայն զանգահարելու եմ եկել»․․․ Բոլորովին վերջերս մեր խաղացանկը համալրվեց ևս մեկ հետաքրքիր բեմադրությամբ՝ «Սովորական հրաշք» (Եվգենի Շվարց)։
-Վանաձորի դրամատիկականում համատեղ աշխատում են դերասանների երեք սերունդ։ Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ասել, որ կա նոր կադրերի կարիք։
-Թիկունքից եկող շնչառություն միշտ պետք է։ Մեր ներկայացումները պարբերաբար համալրվում են նոր, երիտասարդ, կարող ուժերով՝ հրավիրված դերասաններով, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներով, թատերական ստուդիաներում սովորող պատանիներովուերեխաներով։
-Հաճա՞խ եք համագործակցում հրավիրված ռեժիսորների հետ։
-Համագործակցում ենք։ Այս տարի մեզ մոտ բեմադրություն կանի Դավիթ Հարությունյանը։ Նախորդող տարիներին թատրոնն աշխատել է Սաթէ Խաչատրյանի, Գալուստ Ներսիսյանի, ԵԹԿՊԻ-ի շրջանավարտներ Նարե Մարտիրոսյանի, Ալյոնա Ջավուկցյանի, Մարիամ Մնացականյանի և էլի ուրիշների հետ։
-Խաղացանկը վերջին տարիներին ի՞նչ ներկայացումներով է համալրվել։
— Յուրաքանչյուր տարի մեր խաղացանկը համալրվում է դասական և ժամանակակից ստեղծագործողների հետաքրքիր գործերի բեմադրություններով։ Վերջին տարիներին ունեցել ենք «Ժաննա դ՛Արկ», «Ամուսնացիր և սանձիր կնոջդ», «Ոստրեն ու Մարգարիտը», «Սովորական հրաշք», «Ռատատույ», «Մանչուկն ու Կառլսոնը» ևն։
-Բեմադրիչները աշխատո՞ւմ են ժամանակակից դրամատուրգների հետ։
-Մեր թատրոնում վաղուց ձևավորված ավանդույթ կա՝ աշխատել ժամանակակից դրամատուրգների հետ, բեմադրել նրանց լավագույն, ասելիքաշատ ստեղծագործությունները։
-Թատերասերներին թատրոն են բերում ավելի շատ հին ու սիրված ներկայացումնե՞րը, թե՞ առաջնախաղերը։
-Տարբեր է։ Երկուսն էլ։ Հին ու սիրված ներկայացումները հանդիսատեսը կարոտում է, նորերը՝ ընկալում ու ընդունում յուրովի։ Վանաձորն ունի թատերասեր հանդիսատես։
-Խոսում ենք արդիականացման մասին, նոր կադրերի, նոր ներկայացումների, արդյոք կա՞ բավականաչափ ֆինանսավորում, որ թատրոնը գործի ժամանակի պահանջներին համահունչ։
-Հիմնականում առաջարկվող պրոդուկտից է կախված նրա սպառման հնարավորությունը։ Ինչքան շատ լավ ներկայացումներ, այնքան նաև ֆինանսական հնարավորությունների ավելացում և ժամանակին համաքայլ ընթացքի շարունակականության ապահովում։
-Թատերարվեստի հանդեպ հետաքրքրության բարձրացման ի՞նչ նոր այլընտրանքային մոդելներ ու ծրագրեր են իրականացվում։
-Ունեցել ենք «Բեմից դուրս» շատ լավ հեղինակային նախագիծ (թատրոնի հանրային կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն էր իրականացնում), մշակվում են նոր ծրագրեր, որոնք հատկապես կրթամշակութային բաղադրիչը կունենան իբրև հիմնական ասելիք և կհրամցվեն հանդիսատեսին նաև այլընտրանքային հարթակներով։
-Ունենք թատրոնների օպտիմալացման օրինակ, և ավելի վատ օրինակ՝ Երևանի կրկեսի շենքի վերակառուցումն ու անհասկանալի ճակատագիրը։ Մտավախություն չունե՞ք, որ տևական դադարը կարող է ճակատագրական լինել Վանաձորի դրամատիկական թատրոնի համար։
-Նախ՝ առաջարկում եմ սպասել, մինչև նախագիծը վերջնականապես ավարտված կլինի, և համապատասխան ընթացակարգերով կգա շինարարության իրականացման պահը։ Տևական դադարի մասին չենք մտածում, աշխատելու ենք։
-Ի՞նչ է Ձեզ համար թատրոնը, ու հենց Վանաձորի դրամատիկական թատրոնը, այն ամենակարևորը, որ կուզեիք թատրոնի համար և հանդիսատեսի։
-Թատրո՞նը անբացատրելի, հակասական, անսահման հետաքրքիր երևույթ է՝ աննկարագրելի խորը հակասություններով ու սիրո անկշռելի դրսևորումներով առլեցուն։
Թատրոնի համար՝ օրեցօր հարստացող խաղացանկ, բարձրաճաշակ, ճշմարիտ արվեստը գնահատող հանդիսատես, հանդիսատեսի համար՝ բարձրարվեստ, արժեհամակարգ կերտող ներկայացումներ, խաղաղ լուսաբացներ․․․
Զրուցեց Արմինե Սարգսյանը