ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Զավեն Բեկյան․ Ինքնառերեսման փորձություն

20.03.2025

                       

       Ամենաանլուծելի հանելուկը «Ես»-ն է։ Ի՞նչ է այն։ Այսպիսի անալոգիաներ — մարդկային ուղեղի նմանությամբ, նեյրոնների կծիկների ու շղթաների գործողությունները  վերլուծելով ու պատճենահանելով, հիմա զբաղված են արհեստական բանականություն զարգացնելով , բայց ընդհակառակն՝ հենց ուղեղի գործողությունները կարող են ինչ-որ չափով ճանաչվել համակարգիչի պրոցեսորի «վարքով»։
Այսպես, երբ վերլուծում ենք մեր արթնանալու պրոցեսը, ինչպե՞ս է դա տեղի ունենում՝ սկզբում մենք ոչինչ չենք հասկանում, հետո քիչ-քիչ գիտակցությունը պարզվում է, ինչպես համակարգիչի պրոցեսորն է քիչ-քիչ «տաքանում» և սկսում գործել, սկսում ենք հասկանալ ինքներս մեզ, իսկ դա կատարվում է հիշողությունների պաշարը վերականգնելու միջոցով, հայտնաբերում ենք, որ մեր «ես»-ն ընդամենը հիշողությունների կույտ է, մենք ամեն մեկս «մեր գլխով անցածն» ենք մի որոշակի տեսք ու ֆիզիկական վիճակ ունեցող մարմնի մեջ, ինչպես համակարգչի տեղեկատվական պաշարներն ու ծրագրային ապահովվածությունը՝ որոշակի պլաստմասսայե պատյանի մեջ։ Այդքան բա՞ն․․․ Բայց, համակարգիչը համացանցով միացված է մի այլ էլեկտրոնային ոլորտի հետ,առանց որի ինքն առանձնապես մի բան չի, մե՞րն ինչի հետ է միացված․․․ Այսպես որ գնանք, պրիմիտիվ, վուլգար դատողությունների մեջ կընկնենք։ Բայց այդ դեպքում, ՄԻ ԱՅԼ, ՀՈԳԵՎՈՐ ՊԼԱՆՈՎ, ի՞նչ է մեր «Ես»-ը -ոչ ոք այն բացատրել հանձն չի առնի, քանի որ արդեն առնչվում ենք ՀՈԳՈՒ ԽՆԴՐԻՆ։ Այդ պլանով, «Ես»-ը մի վիհ է, որի եզրով, գիտության մոնոկլն աչքերին դրած, մի քիչ «զվռնում», «ղսպստում» են հոգեբանները, իսկ դրա իսկական մասնագետները՝ փիլիսոփաներն ու արվեստագետ- իմաստասերները մի քանի կցկտուր բան (թեև ասածը կարող է ամբողջ հատորներ կազմել) ասելուց հետո շլմորած լռում են․․․

         «Ես»-ը պասկալյան, նիցշեական վիհ է, որի զննությունը, չափից շա՛տ զննությունը լավ բանի չի տանում․․․ քանի՜ Հյոլդեռլին է խելագարվել այդ նեղլիկ արահետի վրա։ Միայն մի՛ նեղ բան ՝ «նեղ դուռ» կա, որ ասում է ՝ «Ես եմ դուռը», ինձանո՛վ մտեք, ի՛նձ հետևեցեք․․․Պատվիրաններ է տալիս։ Իսկ եթ փորձես մարդու համար սահմանվածից այնկողմ՝ ՍԱՀՄԱՆՆ անցնել, դա նույնն է․․․ ինչ որ փորձես աստեղային սև խոռոչի մեջ մտնել, տեսնելու, թե ինչ կա այնտեղ․․․ Ամեն ինչ աշխարհում իր գիտակցությունն ունի, նույնիսկ՝ սեզը, բայց սեզը «յոլա է գնում» իր համար նախասահմանված անհրաժեշտով, այնքանով, որ իր ու հողի հարաբերություններով զբաղվի, նրան չի կարելի խորանալ դրանից ավելի, որովհետև հանկարծ․․․իր դեմ իր վիհը կբացվի՝ կովի երախը․․․

      Նույնիսկ Հիսուս Քրիստոս ուներ իր «վիհը», դա Փորձիչը՝ սատանան էր , որ անապատում փորձությունների էր ենթարկում Մարդու Որդուն։ Նույնը «երևաց»  Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպում, «Մեծ հավատաքննիչը» գլխում։ Սխալ է կարծել, թե դա Իվանի տեսիլքն էր, ո՜չ, այստեղ գործ ունենք հենց իր՝ Դոստոևսկու «անձնական վիհի» հետ․․․

    Ամենամեծ ինքնառերեսումը Նարեկացին է արել, բայց նա դա արել է համընդհանուր, հայրաբանական-քրիստոնեական «պլատֆորմի» վրա, այնտեղ իր անձի հարցը չէ («Ես եմ համայնը, և ամենքինն է իմ մեջ պարփակված»)։ Այս տեսակետից ցնցող, ողբերգական է Եսենինի «ինքնառերեսումը» «Սև մարդը» պոեմի մեջ։ Սա ինքնա-եսա-զննություն է՝ իր ողբերգական հետևանքներով հանդերձ։ Տեսեք՝ ինչպես է ավարտվում այդ պոեմը․

«Սև՛ մարդ, մի գարշատիպ,
Զազրելի հյուր ես դու:
Տարածվել է վաղուց
Քո էդ փառքը հետին»:
Կատաղած, մոլեգնած՝
Ձեռնափայտս եմ նետում
Ու զարկում ողջ ուժով
Իր քիթ ու մռութին…

……………………………………………

… Լուսինը մահացավ,
Կապույտին է տալիս լուսաբացը:
Ա՜խ, գիշեր խառնակիչ,
Դա՞ էր հենց քեզ տրված:
Ես, ցիլինդրը գլխիս,
Մեն – մենակ կանգնած եմ:
Ես եմ ու…
Հայելին փշրված…

    Թարգմ․ Խորեն Գասպարյան

Նա՝ Եսենինը, հայելին է փշրել, այսինքն այդ ողջ անքնության ընթացքում ինքն իրեն է զննել, և Սև մարդը ոչ այլ ոք է, քան իր հոգու առեղծվածային խորքերի․․․ մի «բաղկացուցիչ մասը»։ Սովետական որոշ տափակ գրականագետներ ասել են, թե դա «հարբեցող» Եսենինի «սպիտակ տենդի» նկարագրությունն է։ Ոչ, դա աստվածաշնչային Հոբի տառապանքն ու «ինքնառերեսումն» է, երբ Հոբն իր հոգում նստած է տեսնում երկուսին էլ՝ և՛ Աստծուն, և՛ սատանային, ու ինքն իր հոգու ԵՐԿՈՒ ԲԵՎԵՌՆԵՐԻ միջև դառնում է․․․ կռվախնձոր․․․

Լուսանկարի աղբյուրը՝ rembrandtpaintings.com