Ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձի կապակցությամբ կկազմակերպվեն մեծամասշտաբ համերգներ՝ համաշխարհային և հայ հռչակ վայելող արտիստների մասնակցությամբ:
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգը, որի շրջանակում նրանց կնվագակցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան):
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Գրեմմիի 10-ակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Երևանում աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը ելույթ է ունենալու առաջին անգամ:
Բացի այդ, դեկտեմբերի 25-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հոբելյանական երեկո՝ կրկին նվիրված Լևոն Մալխասյանի 75-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Մալխասը և նրա ընկերները:
Համերգների կազմակերպիչը Prime Production-ն է: Լևոն Մալխասյանը ծնվել է 1945-ին, Երևանում: 1963-ին Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը, որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որին ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ: 1998-ին Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000-ին` երկրորդը, 2006-ին` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն: 2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է: Բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր է: Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2007-ին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013-ին` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
No Comments