Մանեի (Մանե Բաղդասարյան) «Ճայը» ֆիլմն ընդգրկվել է Մինսկի «ԵվրազիաԴոկ» կինոփառատոնի մրցութային ծրագրում և առաջիկայում էկրան կբարձրանա Բելառուսում: Նախորդ տարի Մանեն «ԵվրազիաԴոկ» կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակի էր արժանացել՝ «Ադապտացիա» ֆիլմի համար։ Նրա խոսքով՝ նախորդ տարի «Ադապտացիան» «ԵվրազիաԴոկ»-ում հրավիրյալ ֆիլմ էր, իսկ այս տարի «Ճայը» ֆիլմը մրցութային ծրագրում է․ «Կինոփառատոնը նվիրված է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին։ Փառատոնում ընդգրկված ֆիլմերն առանձնանում էին մարդասիարական թեմաներով։ «Ճայը» նույնպես համահունչ է փառատոնի թեմատիկային։ Այն զգուշացում է սպասվող ատոմային պատերազմների մասին և խաղաղության կոչ անում: Ֆիլմի ստեղծման առաջին իսկ օրերից մտածում էի անպայման ընդգծել այն փաստը, որ եթե մարդը շարունակի ապրել այնպես, ինչպես հիմա, մենք ականատես կլինենք մի սարսափելի երևույթի, որը կոչվում է «ճառագայթային ձմեռ»։
Մանեն նշում է նաև, որ այս փառատոնը առաքելություն է վերցրել իր վրա՝ ցուցադրելու պատերազմի մասին ֆիլմեր, և Էյնշտեյնի այն միտքը, որ չորրորդ համաշխարհայինը կլինի նետ ու աղեղով, պետք է կինոյի միջոցով տեղ հասցնել։ «ԵվրազիաԴոկ»-ին հիմնականում մասնակցում են հետխորհրդային երկրների ներկայացուցիչները:
Ardi.am
No Comments