Թատրոն

Մատեի Վիշնիեկ․ «Բոլոր ձևերով եմ օգտագործել բառերը»

05.11.2025

«Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագրով ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ «Ստեղծագործական 50 տարի՝ երկխոսություն աշխարհի հետ» խորագրով հանդիպում ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգ, ռումինացի գրող, լրագրող Մատեի Վիշնիեկի հետ։ Վերջինս ստեղծագործել սկսել է իբրև բանաստեղծ: 1977 թվականից գրել է դրամատուրգիական գործեր, սակայն դրանցից ոչ մեկը Ռումինիայի գրաքննության կողմից չի հաստատվել հրատարակման կամ բեմադրության համար:

«Ես ունեմ մի քանի գործիքներ՝ հեգնանքը, փոխաբերությունը, ինքնաքննադատությունը և սև հումորը։ Դրանք ծառայում են մեկ նպատակի՝ կազմաքանդել միասնական մտքի պատրանքը։ Իմ կերպարը միշտ մարդն է՝ իր հակասություններով, թուլություններով ու  լույսով։ Իսկ հասարակությունը, բնականաբար, այդ նույն հակասությունների ժառանգն է։ Գրականությունն, իր հերթին, ամենանուրբ գործիքն է, որով հնարավոր է դիպչել մարդու ամենախոր ու ամենանվիրական հոգուն»,- հանդիպմանը նշել է դրամատուրգը:

Հայերեն են թարգմանվել դրամատուրգի «Վերջին Գոդոն», «Ինչպես խխունջին վարժեցրի ստինքներիդ», «Չեխով մաքինա», «Նինա կամ հարդալից ճայերի փխրունության մասին», «Արևմտյան ճեպընթաց» պիեսները: Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել դրամատուրգին՝ փորձելով բացահայտել փորձելով բացահայտել նրա ստեղծագործական մտածողության առանձնահատկությունները, կերպարների ձևավորման գաղտնիքները և ժամանակակից թատրոնի նկատմամբ ունեցած դիտակետերը։