Մաթեմիկ ՀԿ-ի հիմադիր, մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Առուշանյանի նախաձեռնությամբ` 2021 թվականից հայաստանցի կամավոր ուսուցիչները առցանց հայոց լեզվի, անգլերենի, ռուսերենի, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի և մաթեմատիկա առարկաների խմբակներ են վարում արցախցի երեխաների հետ։ «Մաթեմիկն Արցախում» ծրագիրն արդեն երրորդ անգամ է, ինչ կապ է ստեղծում հայաստանցի կամավոր ուսուցիչների և արցախցի աշակերտների միջև։ Տիգրան Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ծնվեց գաղափարը։
— Պատերազմից հետո, քանի որ Արցախի կրթական համակարգը պարբերաբար կաթվածահար էր լինում, առաջացավ գաղափար` ինչ-որ կերպ մեղմել այս իրավիճակը։ Ինքս կամավորական հիմունքներով դասավանդում էի երեխաներին և մտածեցի, որ ես հաստատ մենակ չեմ ու մեծ թվով մարդիկ պատրաստ են անել նույն բանը` փոխանցել իրենց գիտելիքները մեր երեխաներին։
— Քանի՞ կամավոր ուսուցիչ է մասնակցում ծրագրին և քանի՞ աշակերտ։ Ի՞նչ հաջողություններ ունի «Մաթեմիկն» Արցախում։
— Առաջին և երկրորդ փուլում մոտ 400 երեխա մասնակցել է դասերին, ինչի արդյունքում երեխաներից շատերը ձեռք են բերել մասնագիտական կողմնորոշում, բարելավել են առարկայական գիտելիքները, դարձել են ավելի թվային, սկսել են հավատալ իրենց ուժերին։ Ներկա պահին ունենք մոտ 100 երեխա և 30 կամավոր ուսուցիչ, սակայն հայտերը դեռ շարունակվում են ընդունվել։ Նախատեսում ենք երեխաների թիվը հասցնել 500-ի, իսկ կամավորների թիվը ՝ 100-ի։ Մոտ երկու տասնյակ երեխաներ անցած փուլերի արդյունքում շատ բարձր միավորներով ընդունվեցին Հայաստանի և Արցախի բուհեր։
— Ի՞նչ ձևաչափով են անցկացվում դասերը։
— Առցանց։ Երեխաներին օգնում ենք նաև համակարգիչներով և ամենապարտաճանաչներին տրամադրում ենք անհրաժեշտ տեխնիկա։
— Ի՞նչ առանձնահատկություն ունեն Արցախի երեխաները։
— Արդեն երկու տարի է զուգահեռ աշխատում ենք Արցախի և Հայաստանի երեխաների հետ։ Առաջին հայացքից ոչ մի տարբերություն՝ բոլորն էլ հրաշալի երեխաներ են` իրենց ուժեղ ու թույլ կողմերով, բայց ի տարբերություն Հայաստանի երեխաների` Արցախի երեխաները բացառիկ դեպքերում են ինքնակամ դուրս գալիս խմբակներից։ Սա կարող ենք բացատրել միայն մի բանով՝ Արցախի երեխաներն ավելի շատ են իրենց ապագան կապում կրթության հետ։ Իսկ ինչու՞ են արցախցիներն ապագայի հարցում այդքան կարևորում կրթության դերը, ենթադրում եմ, որ դժվարացած պայմաններն այս հարցում բերեցին միակ դրական արդյունքը, որն, իհարկե, ավելի լավ է չլիներ՝ մենք էլ այլ կերպ մոտիվացնեինք մեր երեխաներին։
— Ի՞նչ դժվարություններ է ստեղծում բլոկադան։
— Բլոկադան բազում դժվարություններ է ստեղծել։ Հիմնականում հոսանքազրկումն է և ինտերնետի խափանումը։ Մնացածը հաղթահարելի է մեր ծրագրի մասով։
Զրուցեց Մարինե Թաթոյանը
No Comments