Ardi.am-ը զրույցի է հրավիրել դերասանուհի Սոֆիկ Սարգսյանին:
-Տիկի՛ն Սոֆիկ, վերջին տարիներին Դուք ավելի շատ զբաղված եք մանկավարժությամբ, քան դերասանությամբ: Ի՞նչ սերունդ է այսօր պատրաստվում հայ կինոյի և թատրոնի համար: Հայտնի ճշմարտություն է, որ մեր ժամանակի երիտասարդությունն այնքան էլ սերտ կապեր չունի գրքի հետ, իսկ սա արդեն լուրջ խնդիր է կինոյի, թատրոնի ասպարեզներում հաջողության հասնելու համար:
-Ուրախությամբ պիտի ասեմ, որ ինձ հետ առնչվող, իմ կուրսերում սովորած, սովորող ուսանողները կարդում են: Ինձնից մշտապես վերցնում են Լևոն Խեչոյանի, Աղասի Այվազյանի, Հրանտ Մաթևոսյանի, այլոց գրքերը: Եվ ամեն մի կուրսում 5-6 հոգի կան, որոնց վրա կարող ես հենվել, արդյունք ապահովել: Այնպես որ, ես այս իմաստով երջանիկ ու հպարտ մարդ եմ, ունեմ կարդացող, գրագետ ուսանողներ: 21 տարի է, որ դասավանդում եմ կինոյի և թատրոնի ինստիտուտում, դրանից առաջ էլ 6-7 տարի աշխատել եմ մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի ֆալուկտետում՝ Յուրի Երզնկյանի կուրսում:
-Մանկավարժական աշխատանքը մեծ ջանք ու ժամանակ է պահանջում, հետևաբար դա խանգարում է դերասանուհու կարիերային, այդպես չէ՞:
-Շատ ճիշտ զգացել եք: Եթե ես որևէ բան եմ փոխանցում ուսանողներիս, դա ինձնից ինչ-որ բան է տանում, անպայման: Եվ զգում եմ, որ ես՝ որպես կատարող դերասանուհի, պակասում եմ: Այդուհանդերձ, ուսանողներիս մեջ եմ ինձ ավելի ճիշտ, ավելի ուժեղ զգում:
-Այդուհանդերձ, Դուք նկարահանվում եք, անգամ հրավիրվում արտասահմանցի ռեժիսորների ֆիլմերում խաղալու: Ինչպե՞ս են Ձեզ գտնում նրանք:
-Ինձ գտնում են կինոգետ Արծվի Բախչինյանի միջոցով: Ամերիկյան, ֆրանսիական, մոսկովյան կինոնախագծերում եմ ներգրավվել Արծվիի շնորհիվ:
-Ո՞րն է տարբերությունը հայ և օտարազգի կինոգործիչների հետ աշխատելու միջև:
-Առաջին անգամ նկարվում էի «Մոսֆիլմ»-ում: Ռեժիսորը՝ Մարիա Սահակյանցը, ընդամենը 26 տարեկան էր: Ապշում էի, թե որքան հզոր է այդ երիտասարդ աղջիկը: Գիտեր, թե ինչը ինչպես պետք է անել, հսկայական 70 հոգանոց խումբը ղեկավարում էր հրաշալի, հմտորեն կառավարում էր նկարահանման հրապարակը: Ես առաջին անգամ էի տեսնում այդպիսի մոտեցում կինոյում: Հետո, իհարկե, տեսա ամերիկացիներին, ֆրանսիացիներին: Ինքս կարգապահ մարդ եմ, և ինձ շատ էր դուր գալիս, որ նկարահանումներն սկսվում էին ճիշտ նշանակված ժամին: Իսկ մերոնց մոտ այլ պատկեր է. գնում ես սերիալում նկարվելու, պատրաստ ես գործդ սկսելու, բայց հայտնի չէ, թե երբ դա հնարավոր կլինի: Իհարկե, մերոնց մեջ էլ կան ճշտապահ մարդիկ, բայց դրանք բացառություններ են՝ ի տարբերություն դրսից եկած ռեժիսորների: Ես միշտ զարմացել եմ, որ հայերի մեջ էլ են գտնվել ճշտապահ մարդիկ, դա հայերին բնորոշ չէ:
-Մարիա Սահակյանցն էլ հայ էր և բացառիկ մի տեսակ: Ի՞նչ կպատմեք նրա մասին:
-Մարիան ապշեցուցիչ էր: Նախ՝ կարոտով եմ հիշում նրան: Իսկ վերջին ֆիլմը՝ «Այդ ես չեմ»-ը, պարզապես ցնցող էր: Այդ տարիքում ինչպե՞ս էր հնարավոր նման հասուն ֆիլմ նկարել: Նա ապշեցնում էր նաև իր կյանքով: Իր ամեն ֆիլմից հետո երեխա էր ունենում: Այսինքն՝ ոչ միայն կինոյում էր երկնում, այլև կյանքում: Այսինքն՝ արարելն իր կերպն էր, իր ձևը:
-Ո՞ր հայ ռեժիսորներն են այսօր գրավում Ձեզ՝ իբրև դերասանուհու, ո՞ւմ կինոձեռագիրն եք հավանում, ո՞ւմ հետ կցանկանայիք աշխատել:
-Ինձ համար շատ թանկ է Հարություն Խաչատրյանը: Նա դոկումենտալ ռեժիսոր է, իհարկե, բայց նրա ֆիլմերն իմ ընկալմամբ գեղարվեստականի արժեք ունեն, ինչպես օրինակ՝ «Սահման» ֆիլմը: Հավանում եմ այն ամենը, ինչ անում են Էդգար Բաղդասարյանը, Արամ Շահբազյանը: Նրանք ինձ համար չափանիշ են: Նրանք հետաքրքիր են և՛ կինոյում, և՛ կյանքում:
-Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը հիշատակեցիք: Սահման հասկացությունն այսօր սարսափ կինոյի է վերածվել մեզ համար, դարձել շարունակական մղձավանջ: Ի՞նչ զգացումներ ունեք այս առումով:
-Ի՞նչ ասեմ: Դժվար է այդ մասին խոսել, որովհետև Արցախից եկած մարդկանց դեմքերին նայել չեմ կարողանում: Շատ ծանր է: Ես չեմ կարող անունները նույնիսկ տալ մեր կորցրած հողերի, ուր մնաց՝ բառերով արտահայտեմ իմ զգացումները: Լինելով կայտառ, առույգ կին՝ կոտրվել եմ, որովհետև դժբախտության պատճառը մեր մեջ է: Որքան կարելի է սխալվել, որքան կարելի է էս ձևով պահել մեզ: Առաջ ես գոնե հպարտ էի, որ հայ եմ: Հիմա էդ հպարտությունս էլ կորավ: Ես հպարտ էի, որ մենք Շուշին ազատագրել էինք: Հիմա էս ի՞նչ է կատարվում: Հիմա չեմ կարողանում աշխատել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության վրա: Իմ տան պատուհանից հրաշալի երևում է Մասիսը: Մեկ-երկու տարի է՝ Մասիսն աչքիս փոքրացած է: Կուչ է եկել: Մենակ ե՞ս եմ տեսնում, չեմ հասկանում: Խնդրում եմ` նայեք ինքներդ. փոքրացած է Մասիսը: Եվ չեմ դադարում զարմանալ այս ամբոխի վրա, որն ամբողջ օրը խոսում է: Բոլորը գեներալներ են, բոլորն ամեն ինչ գիտե՜ն: Ուղղակի փախչում եմ, երբ երկու հոգի սկսում են խոսել քաղաքականությունից: Ես ամաչում եմ էլ խոսել: Ես լուռ եմ: Բայց և իրավունք չունեմ թևաթափվելու, որովհետև ուսանողներ ունեմ, զավակներ ունեմ: Պարտավոր եմ նրանց ոգևորել: Նրանք իմ խոսքին են սպասում: Այն, ինչ հիմա ասացի, նրանց մոտ չեմ ասում: Որովհետև չեմ կարող ինձ թույլ տալ նրանց ջարդել: Չե՛մ կարող:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
No Comments