Անի Անտոնյան ԳրաԴաշտ

Մեկնարկում է «Ակտուալ ռեստարտ» նախագիծը

22.01.2023

«Ակտուալ արվեստ» հրատարակչությունը սկսել է «Ակտուալ ռեստարտ» նախագիծը, որի շրջանակում վերահրատարակվելու են նախկինում տպագրված և պահանջարկ ունեցող այն գրքերը, որ հնարավոր չէ գտնել գրախանութներում։

Վաճառքի մենեջեր Վարդան Սմբատյանի խոսքով՝ արդեն ընտրվել  են որոշ գրքեր՝ Փարաջանովի պատմվածքներն ու սցենարները, Սամուել Բեկետի «Գոդոյին սպասելիս» պիեսը, Ժան Լուի Ֆուրնիեի «Ու՞ր ենք գնում, հայրի՛կ» վեպը և այլն։ Հրատարակչությունը փնտրում է ֆինանսական գործընկերների, անհատների, որոք կցանկանան իրենց ներդրումն ունենալ գրահրատարակչական ոլորտում։




«Ակտուալ ռեստարտ» նախագծով կազմակերպվելու են նաև նախավաճառքներ, հանդիպում-քննարկումներ, մրցույթներ։

Նախավաճառքի պայմանները պարզ են։ Ընթերցողը նախապես հայտագրվում է, վճարում գրքի արժեքը և տպագրության գումարը հավաքվելու դեպքում ստանում իր օրինակը։
Թե ինչ սկզբունքով են ընտրվում գրքերը, և որքանով ենք դրանք ակտուալ մեր օրերում, Վարդան Սմբատյանը նշում է․ «Իրականում, ակտուալությունը հակասական հասկացություն է, մենք առաջնորդվում ենք որոշ չափորոշիչներով՝  ժամանակաշրջանը, առկա խնդիրները։ Օրինակ՝ Ֆուրնիեի  «Ու՞ր ենք գնում, հայրի՛կ» գիրքը միշտ ակտուալ է։ Այս կարևոր վեպը  պատմում է մի մարդու մասին, որը երկու հաշմանդամ երեխա  ունի։ Շատերը չեն էլ պատկերացնում՝ ինչի միջով են անցնում հաշմանդամ մարդիկ և նրանց ծնողները։ Գիրքը կօգնի հասկանալ նրանց»։

Իսկ, օրինակ, «Գոդոյին սպասելիս» պիեսով երիտասարդությունն է հետաքրքրված, այն 2010 թվականից հետո չի տպագրվել, թեև շատ է բեմադրվում։ «Իմ» շարքով նախատեսվում է վերահրատարակել Չարենց, Մեծարենց, Չիլոյան, Մայակովսկի և այլ պոետների։

Մասնագետի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ ընթերցողների մեծ մասը չի կարողանում  տարբերակել  լավ գրականությունը։  Նպատակն է ընթերցողին հասանելի դարձնել այն, նրան ընտրություն կատարելու հնարավորություն տալ։ «Ակտուալ արվեստ»-ի գրքերը, ժանրային առանձնահատկություններից բացի,  նաև մեկ այլ առավելություն ունեն՝  թարգմանությանը կից ներկայացվում է բնագիրը։ Այսինքն՝ ընթերցողը կարող է ստեղծագործությունը միանգամից երկու լեզվով կարդալ, ինչը ևս կարևոր է։

Վերջերս հրատարակչությունը տպագրել է «Բառերի գետը» պատմվածքների ժողովածու-անթոլոգիան, որում ընդգրկված են 19-21-րդ դարերի երեսուն հեղինակի պատմվածքներ։ Գիրքը 18+ է, թեման՝ կանայք։ Այն սիրելի հեղինակներին՝ Պոյին, Հեմինգուեին, Բուկովսկուն, Ֆիցջերալդին և այլոց նորովի բացահայտելու հնարավորություն կտա։ 

Վերահրատարակման ենթակա գրքերը հիմնականում ինտելեկտուալ են, չկան կոմերցիոն հեղինակներ։ Նախատեսվում է տարեկան 5-10 գիրք հրատարակել։  Դրան զուգահեռ՝  վերափոխվում է նաև հրատարակչության պաշտոնական  arteria կայքը. այն  կհամալրվի նոր էլեկտրոնային գրքերով։

Կլինեն հետաքրքիր հոդվածներ, կներկայացվեն նաև լուսանկարիչների, գեղանկարիչների, քանդակագործների, ժամանակակից հեղինակների աշխատանքներ։

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply