«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Բուկինիստ»-ի 90-ամյակի հոբելյանական տարվա միջոցառումը, որի ընթացքում հայտարարվեցին «Գրքի մրցանակաբաշխություն 2022»-ի հաղթողների անունները։ Յուրաքանչյուր անվանակարգում առաջադրվածները հինգն էին:
«Լավագույն ոչ գեղարվեստական գիրք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը» («Վերնատուն» հրատարակչություն), «Տարվա լավագույն մանկական գիրք» անվանակարգում՝ Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» («Զանգակ» հրատարակչություն), «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք» անվանակարգում՝ Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» («Զանգակ» հրատարակչություն), «Տարվա լավագույն հրատարակչություն» անվանակարգում՝ «Անտարես» հրատարակչությունը:
«Տարվա լավագույն մանկագիր» մրցանակին արժանացավ Լևոն Նեսն իր «Բալզակ. մի շան պատմություն» գրքով («Զանգակ» հրատարակչություն), «Տարվա լավագույն օտարագիր հայ հեղինակ» ճանաչվեց Մարկ Արենն իր «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություններ» գրքով: «Տարվա լավագույն հայ հեղինակ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աշոտ Աղաբաբյանը «Վերջին անգամ ենք ապրում» գրքով:
«Տարվա ընթերցող» անվանակարգում հաղթողին՝ Կարեն Գասպարյանին, մրցանակը հանձնեց «Բուկինիստ»-ի հիմնադիր տնօրեն Խաչիկ Վարդանյանը: Իր խոսքում նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, գործընկերներին, իր աշխատանքային թիմին և կարևորելով ընթերցողի դերը՝ նշեց. «Առանց ձեզ անիմաստ են գրքերը, որոնք հրատարակում ենք, սա ձեր գնահատականն է»:
Ի դեպ, մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր իրականացվում և դառնալու է ամենամյա:
Հրատարակչության տպագրած գրքերի, գրքի շուկայում պահանջարկի, առկա խնդիրների մասին զրուցեցինք «Բուկինիստ» ընկերության փոխտնօրեն Լորիս Վարդանյանի հետ։
— Գրքի բովանդակության ընտրությունից մինչև դիզայնի ձևավորում, հրատարակումից մինչև ընթերցողին հասանելիություն, համագործակցություն արտասահմանյան հրատարակչությունների հետ։ Աշխատանքային պատասխանատու այս գործընթացում հետևու՞մ եք ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին :
-Անպայման, մասնակցում ենք համարյա գրեթե բոլոր կարևոր գրքի ցուցահանդես-տոնավաճառներին, որտեղից էլ սովորում ենք, պայմանագրեր ենք կնքում: Արտասահմանյան գրքեր թարգմանելու գործում երկու տարբերակ կա․ մեկը՝ հեղինակային իրավունք գնել, որի դեպքում հիմնականում հրատարակչության հետ չես համագործակցում, այլ հեղինակի իրավունքի իրավատիրոջ կամ որևէ գործակալության հետ, իսկ որոշ դեպքերում, երբ «համատեղ հրատարակչության» տարբերակն է, ուղիղ համագործակցում ես կոնկրետ հրատարակչության հետ: Իրենք տրամադրում են նյութերը, մենք միայն տեքստը փոխում ենք հայերեն, և հենց իրենք էլ տպում են հայերեն տարբերակը: Իրենցից գնում ենք արդեն տպված վիճակում: Այս միջոցով էլ նորություններին ծանոթանում ենք: Համագործակցում ենք անգլիական «Dorling Kindersley», «Miles Kelly», բելգիական «Caramel» և այլ հրատարակչությունների հետ: Հետաքրքիր հանրագիտարաններ ենք հայերեն թարգմանել, որոնցից են անգլիական «100 փաստ» շարքը: Այս մատենաշարով ավելացվել է «Հին Հայաստան» բաժինը երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Հետաքրքիր ձեռնարկ, որը ներկայացնում է Հին Հայաստանը՝ թագավորությունները, արվեստ, դպրություն, հին աստվածներ, կրոն, լեզու և այլ էջեր: Ինչպես նաև հանրագիտարանների շարքից երկուսում՝ «Գիտելիքների հանրագիտարան» և «Գիտելիքների հանրագիտարան. պատմություն» գրքերում, համապատասխանաբար «Հայաստան» և «Հայոց պատմություն» բաժիններն են ընդգրկված: Ի դեպ, «Գիտելիքների հանրագիտարան»-ը գրքի շուկայում վաճառքի առումով նմանը դեռ չի ունեցել հետխորհրդային մեր իրականության մեջ, չի եղել, որ այդ գնով, այդ քանակի մանկական գիրք վաճառվի այդպիսի արագությամբ:
Այս շարքով «Տիեզերք» հանրագիտարանն արդեն 3000 տպաքանակով վաճառվել է: Առաջիկայում կլինի վերահրատարակությունը: Հանրագիտարանը թարգմանել է Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրեն, ֆիզիկոս Հայկ Հարությունյանը: Այս գրքում շատ տերմիններ հայերեն առաջին անգամ են թարգմանված։
Առաջիկայում «Երկիր մոլորակ» գիրքն ենք թողարկելու, մանկական մի քանի շարքեր, ինչպես նաև նախատեսում ենք հեքիաթների ժողովածու հրատարակել:
«Իմ առաջին ատլաս» շարքը, որը ևս շատ սիրեց հայ փոքրիկ ընթերցողը, ներառում է «Աշխարհի ռեկորդների ատլաս», «Աշխարհի հրաշալիքները» «Կենդանիների իմ ատլասը» «Տիեզերք», «Ծովեր», «Մարդու մարմինը, «Դինոզավրեր» բաժինները: Այս շարքով առաջիկայում կունենանք ևս երկու նորություն: Այսինքն՝ ցանկացած նորություն, որ ունենում են իրենք, մենք ևս հայերեն տարբերակով թողարկում ենք:
-Ունե՞ք վիճակագրություն, թե որ գրքերն ավելի շատ պահանջարկ ունեն այսօր:
-Եթե ըստ բաժինների դասակարգենք, ավելի շատ վաճառվում են մանկական գրականության գրքերը, երկրորդը գեղարվեստական գրականությունն է, հետո արդեն՝ մոտիվացիոն, բիզնես հոգեբանության, անձի զարգացմանն ուղղված գրքերը: Ամենաշատ վաճառվող հեղինակներից է Ռոբին Շարման։ Առաջին եռյակը գլխավորում են «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»», «Առաջնորդ առանց պաշտոնի», «Առավոտյան 5-ի ակումբ» գրքերը: Տարիներ առաջ, երբ չկային այս գրքերի հայերեն տարբերակները, հայ ընթերցողները կարդում էին այլ լեզուներով: Հիմա ունեն հնարավորություն մայրենի լեզվով կարդալ հայտնի հեղինակների գրքերը, որոնց թարգմանությունները կատարվում են հենց բնագրից։
-Ունե՞ք սահմանված չափորոշիչներ, որոնցով առաջնորդվում եք հեղինակների, գրքերի, ինչպես նաև թարգմանությունների համար գործերի ընտրության հարցում:
-Որպես այդպիսին՝ չափորոշիչ չունենք, մեր տարիների փորձն ենք օգտագործում: Կարողանում ենք կողմնորոշվել՝ արդյոք տվյալ գիրքը վաճառվող է, թե չէ: Իհարկե, շատ դեպքերում դրան չենք նայում, գրքի կարևորությունից ելնելով՝ գիրքը թարգմանում կամ հրատարակում ենք: Թեկուզ հասկանում ենք, որ գիրքը դանդաղ կվաճառվի, բայց եթե գտնում ենք, որ տվյալ գրքի հայերեն տարբերակը պետք է լինի, հրատարակում ենք: Կանադացի գրող Ռոբին Շարմայի 6 գրքերը, որոնք մինչ այդ հայերեն չեն եղել, թարգմանել և հրատարակել ենք: Առաջիկայում ևս հինգ գրքի պայմանագիր ունենք։ Թարգմանել ենք ամերիկացի գրող Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն գաղտնիքը», «Աշխարհի մեծագույն առեղծվածը», հանրահայտ դերասան Թոմ Հենքսի «Այն, ինչ զգում է իմ սիրտը» գրքերը: Ինչպես նաև ժամանակակից հայազգի հեղինակ, գրող Մարկ Արենի գրքերը, որը հիմնականում գրում է ռուսերեն:
Համաշխարհային բեսթսելլերների կողքին հրատարակում ենք նաև գրքեր, որոնք առանձնանում են նախևառաջ իրենց արժեքայնությամբ, պատմագրական նշանակությամբ: Օրինակ՝ «Պատմություն կերտողները» մատենաշարով վերահրատարակել ենք Ավետիս Թերզիպաշյանի «Անդրանիկ» գիրքը, որտեղ ընդգրկված է շուրջ երեսնամյա ժամանակահատված, որի առանցքում ժամանակի ամենանշանավոր հայի՝ Զորավար Անդրանիկի գործունեությունն է։ Այս շարքով լույս են տեսել նաև հեղինակի «Արծիվը իր բույնի մեջ» և «Նուպար» գրքերը: Վերջերս վերահրատարակել ենք Հովսեփ Վարդանյանի «Ագապի» վեպը: Այն սիրո պատմություն է, որի գլխավոր հերոսուհին՝ Ագապին, հարում է հայ լուսավորչական դավանանքին, իսկ նրա սիրած երիտասարդը՝ կաթոլիկ: Ներկայացված է Հայ առաքելական և Հայ կաթոլիկ եկեղեցիների միջև եղած հակասությունները, ինչպես նաև արտացոլված են Պոլսում ապրող հայերի կյանքը, կենցաղը: Առաջին անգամ գիրքը լույս է տեսել 1851թ․ Կոստանդնուպոլսում՝ թուրքերեն՝ հայկական տառերով: Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը ևս վերահրատարակություն է, որն ընդգրկում է շուրջ վաթսունամյա ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները․ այն պատմություն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների մասին: Սասունցի հայն այդ ծանր օրերին սասունցիների հավաքական կերպարն է մարմնավորում:
-Խոսենք դժվարությունների մասին: Ի՞նչ խնդիրների է այսօր բախվում հրատարակիչը:
-Նույն խնդիրներն են, ինչ ցանկացած բիզնեսում։ Մեզ մոտ շուկան շատ փոքր է, հարկային դաշտում հավասար պայմաններով ենք աշխատում, հավասար մրցակցության մեջ ենք մյուս բիզնեսների հետ։ Հաշվի առնենք նաև այն, որ գիրքն արագ վաճառվող ապրանք չէ, ու ներդրումները երկար ժամանակ են պահանջում, որպեսզի արդյունքը երևա: Այսօր պետությունը շատ քիչ գիրք է գնում հրատարակիչներից․ եթե համեմատում ենք այլ երկրների հետ, մեր գրադարաններին շատ քիչ գումար է հատկացվում, որպեսզի դրանք համալրվեն նոր գրականությամբ (չենք խոսում դասագրքերի մասին): Եթե մարզկենտրոնների գրադարանները քիչ թե շատ համալրվում են, ապա փոքր գրադարանները դրա կարիքը շատ ունեն։ Հայաստանում սկսել են անհամեմատ շատ կարդալ, գնալով ավելի է մեծանում գրքի պահանջը։ Բայց եթե համեմատենք մյուս երկրների հետ, ընթերցանության ցուցանիշը ցածր է։ Մեծամասամբ դպրոցում, բուհում հանձնարարված գրքերից բացի՝ այլ գրքեր կարդալու, զարգանալու պահանջ չի ձևավորվում: Նախընտրում են ժամանցի այլ տարբերակներ՝ համակարգչային խաղեր, սոցիալական ցանցեր, կինոդիտում։ Այնինչ գրքի միջոցով կարող են ինքնակրթվել, զարգանալ:
Մենք մեր հնարավորության սահմաններում, մեր ունեցած ռեսուրսներով փորձում ենք հնարավորինս մարդկանց մոտեցնել գրքին, քանի որ մեր առաքելությունը գիրքը տարածելն է, մեր ամբողջ կյանքը դրանով ենք զբաղվում: Առանձին հրատարակչություններ տարբեր միջոցառումներ են նախաձեռնում։ Օրինակ՝ «Անտարես»-ն ընթերցանության օլիմպիադա է անցկացնում: Տարիներ առաջ ուսուցիչները Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու միջոցառումներ կազմակերպեցին, ու դա վերածվեց սիրված ավանդույթի: Բայց պետք է լինեն համակարգված քայլեր, որոնք միտված կլինեն գրադարանները հարստացնելուն, միջոցառումներ կազմակերպելուն, գովազդներ, որոնք ուղղված կլինեն փոքր տարիքից երեխայի մեջ դեպի գիրքը սեր արթնացնելուն։ Դպրոցներում պարտադիր պայման պետք է լինի գրախանութ այցելելը, ինչպես որ թատրոն ու կինո են հաճախում: Պետք է ընտրվի, մշակվի ստրատեգիա՝ ուղղված ժողովրդին կրթելուն, իսկ գրքից բացի՝ դեպի կրթություն տանող ավելի կարճ ճանապարհ չկա։
-Ինչպիսի՞ն էր նախորդ՝ 2022 թ․ հոբելյանական տարին:
-Տարին իրոք հոբելյանական էր: Լրացավ մեր հիմնական՝ Մաշտոցի պողոտա 20 հասցեում գործող գրախանութի 90-ամյակը: Այսինքն՝ այդտեղ 90 տարի անընդմեջ գրախանութ է գործել: Փակել ենք որոշ մասնաճյուղեր, որոնք չեն արդարացրել իրենց: Բացել ենք նորերը, որոնք աշխատում են: 15-16 գրախանութը շատ քիչ է, թեև մեզնից բացի՝ էլի գրախանութներ կան: Ցանկալի է՝ գոնե մեծ ու միջին բնակավայրերում լինեն լավ գրախանութներ: Մարզերի փոքր խանութներում, լավագույն դեպքում՝ գրենական խանութներում, լինում է գրքերի բաժին, վատագույն դեպքում ընդհանրապես չի լինում: Կա՛մ խանութ է, որտեղ և՛ տնտեսական, և՛ գրենական բաժիններ են, կա՛մ փոքր գրքի բաժին է, որտեղ կգտնես միայն դպրոցական ուղեցույցներ, բառարաններ կամ ամենապահանջված գրքերը։ Մարզերում փորձ արեցինք գրախանութ բացել, անհաջող ստացվեց, բայց հետագայում էլի փորձելու ենք:
Թեպետ ունենք կայք, որտեղից գրքեր հնարավոր է պատվիրել նաև առցանց տարբերակով, բայց գրախանութի, գրքի հետ շփման միջավայրն ու մշակույթն այլ է: Ինչքան շատ լինեն գրախանութները, այնքան մեր ազգը, ժողովուրդը կշահի։ Այս ձևով ևս փորձում ենք գիրքը մոտեցնել ընթերցողին։
Զրուցեց Սիրանուշ Նազլուխանյանը
No Comments