Գայանե Մկրտչյան Կինո

Միայնակ՝ երկուսով և թատերախմբում

Միայնակ՝ երկուսով և թատերախմբում

Ակամա  զուգահեռներ են մտածվում քսաներեքերորդ  «Ոսկե ծիրանի» հայկական  երկու մրցութային ֆիլմ՝ միջազգային  մրցույթի ներկայացված  «Վերապրելով Շեքսպիրին» և «Կորիզ» անվանակարգի «Մենակ երկուսով» կարճամետրաժը դիտելուց հետո: 

Առաջին ֆիլմը Նորքի տուն-ինտերնատի բնակիչների մասին է, երկրորդի անխոս հերոսները պեմզաշենցի տարեց ամուսիններ են՝ Շուրան ու Օֆելյան:

«Տարմանի» թատերախմբի շեքսպիրյան հերոսները անընդհատ խոսում են իրենց կյանքի տարբեր դրվագների մասին, պատմածը համեմելով ընտանեկան ալբոմների լուսանկարներով, Շուրայի ու Օֆելյայի միասին անցկացրած կես դարի մասին քիչ հուշումներ կան: Պատերազմը ներկա է երկու ֆիլմում էլ, բայց եթե ծերանոցի պատի նկարի մասին իմանում ենք, որ «այ էս տղան ա Արցախում զոհվել», ապա «Մենակ երկուսովի» հեռուստացույցի վերևի զինվորի նկարի մասին կարող ես միայն գուշակություններ անել՝ տասնամյակների ամպլիտուդով:

«Վերապրելով Շեքսպիրին» ֆիլմի  «ներշնչանքն» ու գլխավոր հերոսը պրոֆեսիոնալ ռեժիսոր Գառնիկ Սեյրանյանն է՝ «Մետրո», «Արտիստական» թատրոնների տասնյակ հիշարժան ներկայացումների հեղինակը: Տարեցների թատերախմբում թումանյանական պատումներ բեմադրելուց հետո, իր՝ «երբեք փորձից չուշացող ամենապարտաճանաչ դերասանների» իմացաբանական զրույցներից ոգևորված, գրում է «Շեքսպիրի մեղքերը» պիեսը, որիռնախատիպերը թատերախմբի կոնկրետ անձեր էին: Թատերախմբի քննարկումները ֆիլմի հետաքրքիր դրվագներից են:

-Ո՞վ կցանկանա Ռոմեո խաղալ, ով է Ռոմեոն:

-Հավանական է՝ ես…

Ինչպես շփվել տարեցների հետ արվեստի լեզվով, որ այն ընկալեն ոչ թե իրենցից հետու և վեր մի երևույթ, այլ իրենց կյանքում ծավալվող  և իրենց ձիրքին հատուկ մի բան: Շեքսպիրն անմահ է, բայց անսխալ չէ, և կարելի է Ջուլիետին մի քանի խորհուրդ տալ՝ հետագայի համար: Ջուլիետի մասին քննարկումը  աշխուժացնում է յոթանասունամյա կանանց: Նրանցից մեկը ընդամենը մեկ անգամ է սիրել ու ամուսնացել, մյուսը հիշում է.«Հազար հատ սիրած եմ ունեցել, օղորմի իրանց»: Երրորդն ավելի լուրջ է տրամադրված, առույգորեն խմբագրում էր Շեքսպիրին, միաժամանակ քարոզ կարդում ջահելներին.«Մենակ սերը չի, պարտականությո՛ւն կա, համբերությո՛ւն կա»:

«Ո՞նց է ձեր թանկագին առողջությունը».ռեժիսորը սիտուացիային համապատասխան է ողջունում թատերախմբին: «Տարմանիում» հումոր կա, այս անգամ ուղղված է փորձի հրավիրող ռեժիսորին.«Կթողնե՞ս  հաց ուտենք»:

2022 թվականից երեք տարի նկարահանված ֆիլմի ընթացքում դերակատարներ են փոխվել և շա՜տ բան՝ Հայաստանի կյանքում: Հին հեռուստացույցը թատերախմբի արցախցի Գայանեին ու մեզ հիշեցնում է մեր կորսված, հեռավոր հույսերը. «Արցախ է վերադարձել 70 հազար մարդ»: 

Ստեփանակերտի ծերանոցից տեղափոխված Գայանեն «երկու տարի ա ուժե ստեղ ա», բայց ամուր համոզում ունի.«Գնալու եմ իմ հայրենիք, համ էլ աշխատեմ ու վաստակեմ, բոլորին ճանաչում էի»: Առույգ քայլվածքով և հետ նայող հայացքով հրաժեշտ տալով արցախցի կինը լքում է ծերանոցը՝ ինքը գնալու տեղ և հայրենիք ունի: Բայց  ճակատագիրը ուրիշ բան էր գծել և մի քանի «էկոակտիվիստ» փակեցին կյանքի ճանապարհը: Կրկին ռմբակոծություն և զոհեր, և կինը նորից հանգրվանեց Նորքի ծերանոցում:

«Տարմանիի» արցախցի դերասանի պատմությունը անհատական էր ու հավաքական Հայաստանի կերպարը՝ նույն անձի մեջ:

11 րոպեանոց ֆիլմը նկարվել է երկու տարի։

«Մենակ երկուսով»-ի ռեժիսոր Արթուր Սահակյանն ու կինոօպերատոր Սիմոն Դավթյանը Շուրայի ու Օֆելյայի անխոս պատմության հեղինակներն են: Պեմզաշենցի ամուսինները վաղուց արդեն իրենց 64 քառակուսի մետր տանից դուրս չէին գալիս, հեռախոս չէին պահում, միակ խոսողը հին հեռուստացույցն էր: 

Ամենապատվավոր տեղում, հեռուստացույցի և պատի գորգի վերևում զոհվածի նկար է: Ո՞ր պատերազմի, Առաջին արցախյանի որդի է, թե Երկրորդ համաշխարհայինի զոհված եղբայր, անհայտ է:

Գերանակապ կամ փայտից օճորքով տանը օձի տարվա հին օրացույցը երկրորդ կյանք է ստացել, փակելու մի հերթական ավերակ անցք: 

Տան ու տանեցիների լռությունը կամ ավելորդ խոսքերի բացակայությունը/ «Սուրճը ուր ա», «Հեսա կբերեմ».վե՛րջ/ հեղինակներին հուշում է ֆիլմի լեզուն ու տոնայնությունը, երբեմն էլ կամերան միացնում ու հեռանում էին:

Ֆիլմի սկզբում տան ներսում հսկա մոմեր են, ծածկած հայելիներ, «Շնորհե թողություն մեր ննջեցելոց» ասող քահանա. երկուսից մեկը՝Օֆելյան, առաջինն է հեռացել: 

Կենդանացած տան հաջորդ կադրերում, քնար մահճկալներ են ու նախորդ դարի  անթերի պլպլացած կաթսաներ՝ շա՜տ կաթսաներ, իբրև ապահով, բազմամարդ ժամանակների եզակի ու խոսուն ցուցիչ:

-Հը, ինչ ա…

Ինքն իրեն սուրճ դնող Շուրան կատվին է դիմում:

Հայկական կինոն «Ոսկե ծիրանում» սակավաթիվ մրցանակներ ստացավ, «Մենակ երկուսովն»  արժանացավ հատուկ հիշատակման:

Գայանե Մկրտչյան