ԳրաԴաշտ Միքայել Բադալյան

Միքայել Բադալյան․Երևանից Էրեբունի

09.06.2020

Թող մտքերում քո Իթակեն լինի
վերջնանպատակը երկար ուղու:
Եվ մի′ փորձիր կրճատել այն, ընդհակառակը՝
մի քանի տարով ճանապարհը ձգիր,
որ կղզուն հանգրվանես որպես ծերուկ՝
հարստացած այն ամենով, ինչ ձեռք բերեցիր ճամփին՝
Իթակեից հարստություն չակնկալելով:
Կոնստանտինոս Կավաֆիս, Իթակե 

            Բարև…

Ես Միքայել Բադալյանն եմ՝ երևանցի հասարակ մի տղա, որ պատիվ ունի լինելու ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Օրն այսօր երկուշաբթի է: Ժամը 22:07: Սովորաբար շաբաթվա այս օրը գրեթե բոլոր թանգարանները չեն աշխատում: Սակայն Էրեբունին իր առինքնող մոգությամբ հաճախ է կանչում ինձ: Ո՞վ գիտի, երևի սրանից մի երկու հազար ութ հարյուր տարի առաջ, երբ նոր էր կառուցվում Բիայնա տերության այս շքեղ քաղաքը, երբ լսվում էին մարմիններից քրտինք ծորացող, ուժասպառ  քարտաշների գործիքների ձայները, երբ տաճարում փառաբանում էին երկրի բարօրության հավոնավոր ամենազոր Խալդի աստծուն ու նրան զոհեր մատուցում, ո՞վ գիտի, գուցե հենց այդ ժամանակ իմ պորտն էլ կտրեցին Էրեբունիում…

Երևի այդ գիշեր էլ այսօրվա պես լուսինը կատարյալ էր իր շրջանում, ու հորդառատ անձրև էր տեղում…

Նստած իմ առանձնասենյակում՝ ըմբոշխում եմ տեղացող անձրևի մեղեդին ու բաց պատուհաններից ներս թափանցող արբեցնող անձրևի բույրը: Լիալուսնի աննշմար շողերից մեկը հայտնվել է իմ և դիմացիս սպիտակ պատին կախված կտավի առջև, որը լավ ընկերս՝ Նարեկ Վանն է նկարել և ինձ նվիրել հունվարի 8-ին՝ ծննդյանս օրը: Կտավին սև ֆոնի վրա  պատկերված են բազմերանգ մանր, միջին ու ավելի խոշոր ձկներ: Նրանք բոլորն էլ ընթանում են  մեկ ուղղությամբ, բացի մեկից՝ նկարի կենտրոնում առանձնացող  ձկանից: Նա գնում է բոլորին հակառակ: Երբ գրասեղանիս մոտ աշխատելիս գլուխս վեր եմ բարձրացնում ու աչքերս հառում ընկերոջս նվիրած կտավին, այս ձուկը միշտ ինձ ժպտում է և ի հեճուկս բոլորի՝ շարունակում իր ուղով ընթանալ: Նարեկը,  որն այս կտավն անվանել է ‹‹Հակառակադրություն››, լավ գիտեր, որ առանձնասենյակիս հայելին է նվիրում: Դե, նա էլ է երևանցի հասարակ տղա…

Սեղանիս դրված է երևանցի մյուս ըներոջս՝ Հովիկի նվիրած գիրքը՝ 1866 թվականին տպագրված ամենատես Հոմերոսի՝ ինձ այդքան հարազատ ‹‹Ոդիսականը››՝ հունարեն բնագրով: Այս գրքից այն կողմ իմ ստացած մեդալներից, պատվոգրերից ու շնորհակալագրերից ամենաթանկն է. 

ՀՐԱՄԱՆ N 10

10-մարտի 2010 թ.                                                                    Ք. Երևան

Աշխատանքային վայրում անվայելուչ պահվածքի, աշխատանքային կարգապահությունը խախտելու համար թանգարանի էքսկուրսավար Միխաիլ Սուրենի Բադալյանին հայտարարել նկատողություն:

Թանգարանի տնօրեն՝ Գ.  Գյուրջյան (կնիք, ստորագրություն):

Երբ լրագրողները հարցնում են, թե ի՞նչ է Էրեբունին ինձ համար, փորձում եմ հնարավորինս լինել հակիրճ: Բայց՝ ոչ այսօր:

***

Ես Միքայել Բադալյանն եմ՝ երևանցի հասարակ մի տղա, որ պատիվ ունի լինելու ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:

Օրն այսօր երկուշաբթի է: Ժամը 22:09: Շարունակում եմ ըմբոշխնել պատուհանիցս ներս տարածվող անձրևի մոգական հոտն ու հորդացող մեհենական մեղեդին: Նայում եմ ընկերոջս՝ Նարեկ Վանի նվիրած նկարին: Բոլոր ձկները՝ փոքրիկ, մանր, միջին ու մի քիչ խոշոր, շարժվում են մեկ ուղղությամբ, բայց նրանցից առավել աչքի ընկնողն ընթանում է բոլորին հակառակ: Բոլոր ձկներից միայն նա է լսում անձրևի մեհենական մեղեդու ձայներն ու ըմբոշխում անձրևի՝ կախարդանք տարածող հոտը: Ձուկը շարունակում է ժպտալով շարունակել իր ընտրած ճամփան, իսկ անձրևի ամեն մի ձայն ներդաշնանկվում է ժամացույցի սլաքների հետ: 22:09 քառասուներեք վայրկյան, քառասուներկու, քառասունմեկ, քառասուն…

Անձրևի կախարդական երաժշտությունը շարունակվում է…

Իսկ գորշ բազալտե աստիճաններով շնչակտուր դեպի Էրեբունի թանգարան է վազում արևոտ աչքերով մի պատանի…

***

Երևի չորրորդ կամ հինգերորդ դասարանում էինք: Էքսկուրսիա էինք գնացել, կարծես՝ Գառնի: Հիմա լավ չեմ կարող մտաբերել: Բայց շատ հստակ հիշում եմ, երբ վերադառնում էինք, էքսկուրսիայի կազմակերպիչ, մեր շատ սիրելի ուսուցչուհի Սոֆա Սարգիսովնան առաջարկեց նաև այցելել Էրեբունի: Աչքերս փայլեցին: Ախր, չէ որ ես դեռ փոքրուց սիրել եմ պատմությունը, լսել եմ Արգիշթի թագավորի մասին: Նույնիսկ մի մանկական հանդես կար, որի նախավերջին էջում միշտ պատկերված էր որևէ ականավոր հայ հերոս կամ արքա: Իմ ընկեր Արթուրը սիրում էր Հայկ Նահապետի պատկերով համարը, իսկ ես՝ Արտաշես արքայի: Մենք երկուսով նստում ու նկարում էինք. Արթուրը՝ Հայկին, ես էլ՝ Արտաշեսին: Հիշում եմ Արտաշեսի բազկակալները, թագը: Հայոց արքան, ձեռքը ծնոտին դրած, մտածում էր: Ու ես միշտ ինքս ինձ հարց էի տալիս. ‹‹Տեսնես Արտաշեսը ինչո՞ւ ա էսպես մտածում››: Իրականում, երևի, հենց մեր մասին էլ մտածում էր…

Բայց հիմա մեր Լազ ավտոբուսը կանգնել է Էրեբունի թանգարանի աստիճանների առջև, ու մենք դասարանով վազում ենք գորշ բազալտե աստիճաններով՝ դեպի թանգարանի շենքը: Ես փորձում եմ առաջինը հասնել, շունչս կտրվում է: Նայում եմ թանգարանի ճակատին արված քանդակներին ու կենտրոնում՝ Արգիշթիի քանդակին: Շատ բան չեմ հասկանում: Միայն զգում եմ, թե այս թանգարանը որքան է ինձ հարազատ: Կանգնած ենք թանգարանի մուտքի մոտ: Բայց թանգարանն այսօր փակ է: Փոքրիկ, քրտնած դեմքս տխրել է: Էրեբունին ինձ համար այդ օրը անհասանելի մնաց: 

Երևի այդ օրն էլ երկուշաբթի էր…

***

Հինգերորդ դասարանից մենք սկսեցինք պատմություն անցնել: Մեր ուսուցիչը Վարդան Ավագյանն էր: Այդ ժամանակ՝ մեր դպրոցի ամենախիստ ուսուցիչներից մեկը: Քանի որ դպրոցում դասագրքերի խնդիր կար, ընկեր Ավագյանը մեզ դասերը թելադրում էր: Մյուս դասի կեսն էլ պատմում էինք սովորած նախորդ դասերը: Այդ ժամանակ տատիկիս տնից վերցրի մի քանի գիրք. Հարություն Մարտիրոսյանի ‹‹Քարի դարից Ուրարտուն››, որ հաճախ էի կարդում, և Հայոց պատմության բուհական դասագիրքը: Ես մեր դասերը սովորում էի հենց այդ դասագրքով: Հնագույն շրջանը իմ տարերքն էր: Երբ մի անգամ դաս էի պատմում, ընկեր Ավագյանը զարմացած ինձ հարցրեց, թե որտեղից գիտեմ նման փաստեր, որոնք ինքը մեզ չէր ասել: Ես հպարտորեն սեղանից վերցրի սև, հաստ կազմով բուհական դասագիքրը և ցույց տվեցի նրան: Ընկեր Ավագյանին այս դասագիքրը քաջ ծանոթ էր: Չէ՞ որ Մանկավարժական ինստիտուտի Պատմության ֆակուլտետում նա էլ էր այս գրքով սովորել: Շատ էի սիրում Ավագյանին: Ինձ թվում էր՝ նա ամեն ինչ գիտի: Նրա կերպարը մեծապես ազդեց ինձ վրա՝ մասնագիտությունս ընտրելու հարցում: 

Մի քանի տարի առաջ, երբ դպրոց էի գնացել, տեսա ընկեր Ավագյանին: Իմ մասին բավական տեղեկացված էր, երևի հեռուստացույցով էլ տեսած կլիներ: Ժպտաց, ասաց.

— Միքայե՛լ, մի օր, երևի, քեզ ասեմ՝ ինձ ձեզ հետ տանես պեղումների…

***

Վեցերորդ դասարանում ենք: Հաճախ էի զրուցում իմ ամենամաքրամաքուր ընկերուհիներից մեկի՝ Արմինեի հետ: Նրա հայրը հայտնի գիտնական է: Արմինեն մի օր բերել էր հոր գիրքը՝ Արամ Քոսյան՝ ‹‹Տուն Թորգոմայ››… Գրքի հետևի էջին պարոն Քոսյանի նկարն էր՝ փարթամ մազերով ու համառոտ ինքնակենսագրությունը: Արամ Քոսյան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն…

— Արմի՛ն, գիտես, չէ՞, որ մեծանամ, ես էլ եմ պապայիդ նման պատմական գիտությունների դոկտոր դառնալու:

Արմինեն ժպտում էր:

Անցել են շատ տարիներ: Պարոն Քոսյանն ինձ իր մակագրությամբ ‹‹Տուն Թորգոմայ››-ն նվիրեց: Երբ մանկավարժականի Գիտության բաժնի պետն էր, ու իր կաբինետում մի օր ոգևորված խոսում էի հնագույն շրջանի վերաբերյալ իմ պատկերացումների մասին, նա ասաց.

— Միքայել ջան, դու լավ մատերիալ ես, ափսոս ա կորես, պետք ա շարունակես:

Հիմա պարոն Քոսյանը իմ լավ ավագ ընկերն է: Այժմ նրա մազերը նկարի նման փարթամ չեն, բայց ես միշտ երախտապարտ կմնամ նրան, այն ամենի համար, ինչ ստացել եմ իրենից: 

***

Վեցերորդ դասարանում ենք: Հաճախ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ ընկեր Հակոբյանն ու ընկեր Դալլաքյանը կազմակերպում էին էքսկուրսիաներ՝ դեպի տարբեր թանգարաններ: Եվ ահա այդ օրը դասարանը գնալու էր Էրեբունի թանգարան: Բայց, որքան էլ ցանկանում էի, հրաժարվեցի: Դժվարին ժամանակներ էին: Այդ ժամանակ, լավ հասկանում էի, որ եթե հորիցս էքսկուրսիայի գումար ուզեմ, ապա մեր ընտանիքին զրկելու եմ օրվա հացից: Ես տանը բան չասացի: Դասարանը գնաց Էրեբունի: Քայլում էի մեր դպրոցի դիմաց: Այժմ հպարտ եմ, որ սովորել եմ մի դպրոցում, որն այսօր կրում է ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը: 

Դպրոցի մուտքի դիմաց կանգնած՝ իրար հետ զրուցում էին տիկին Նվարդը՝ Արմինեի մայրը, և տիկին Լալան՝ մեր դասարանի Նարեկի մայրը: Ես տխուր քայլում էի: Անցա, բարևեցի: Տիկին Նվարդը նայեց ինձ ու հարցրեց.

— Միքայել ջան, էս դու Էրեբունի չե՞ս գնացել:

— Չէ,- խուսափող ամաչկոտությամբ ատասխանեցի ես:

— Բա ինչո՞ւ:

-Որովհետև փող չկա,- արագ պատասխանեցի ու սկսեցի քայլել: Այդ օրը ես երևի հաղթեցի ինձ: Պոռթկումով պատասխանն ինձ այլևս ստիպեց երբեք չամաչել փող չունենալուց ու միշտ գիտակցել, որ Էրեբունու հետ մենք անպայման դեռ կհանդիպենք: 

***

Ավարտեցինք վեցերորդ դասարանը: Ուզում էի օգնել տնեցիներին: Մեր բարեկամի ամուսինը  ավտոբուսի ‹‹գիծ էր նայում››: Նրանք նաև իրենց ավտոբուսն ունեին: 24 համարի ավտոբուսը, որը Զեյթունի շուկայից գնում էր Շենգավիթ՝ Քյարփիչի գործարան: Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրվանից այդ ավտոբուսում տոմսավաճառ եմ աշխատելու: Կարծեմ օրը 1000 դրամ գումար էին խոստացել: Ավտոբուսի վարորդը հիսունին մոտ, բեղերով, կլորիկ դեմքով մի մարդ էր: Նրան բոլորը ‹‹մայոր›› էին ասում: Կարծեմ ծովային ուժերում էր ծառայել և մայորի կոչում ուներ: Եվ ահա, խանդավառությամբ վերցրել եմ բարակ, կարմիր ու սպիտակ գույներով պարուրված տոմսերն ու անցել գործիս: Կտրում էի, տոմս ստանում, մանր տալիս՝ հարկ եղած դեպքում: Արդեն մտքումս հաշվում էի, թե մի ամսում որքան գումար կաշխատեմ ու ընտանիքիս կօգնեմ: Լինում էին մարդիկ, որ գումար չէին ունենում: Ես չտեսնելու էի տալիս: Այդ օրվա ռեյսը վերջացավ: Լավ տանջվեցի: Սպասում եմ վաստակածս օրավարձին: Ես և ‹‹մայորն›› ենք մնացել ավտոբոսում: Վերջինս մեկ էլ մի հարյուր դրամանոց վերցրեց ու մեկնեց ինձ:

— Դե՛, տղա ջան, էս էլ՝ քեզ: 

Դրամը նրան շպրտեցի ու հիասթափված վերադարձա տուն: ‹‹Մայորը›› ինձ համար հիշվեց որպես շարքային սրիկա:

Երբ մայրս իմացավ այդ ամենի մասին, շատ տխրեց:

— Ոչի՛նչ, մա՛մ ջան, մի՛ տխրի: Ես կմեծանամ, մեծ մարդ կդառնամ ու քեզ լավ կպահեմ:

***

2003 թվականն է: Ամառ: Դպրոցը ավարտել ենք և տալիս ենք ընդունելության քննությունները: Ես դիմել եմ Մանկավարժական համալսարանի Պատմության բաժին: Եկել ենք Մանկավարժական համալսարան, որտեղ ինը հարկանի շենքի մուտքի մոտ գտնվող ապակիներին փակցված են Ընդհանուր պատմության քննության դիմորդների գնահատականները: Կարդում եմ… Բադալյան… 19: Միայն կարող եմ փառք տալ Աստծուն: Հիմա հաստատ ես անվճար ընդունվել եմ, հաստատ…

Որոշեցինք ընկորոջս հետ քայլել Լունա պարկի այգով: Բազմաթիվ մարդիկ քայլում են մեր առջևից: Ընկերս և ես ուրախ խոսելով գնում ենք: Մեկ էլ մի կին նայեց ինձ ու բղավեց.

— Տղա՛ ջան, կանգնի՛ր,- ցնորվածի տեսք ուներ:

— Ե՞ս:

— Հա՛, հե՛նց դու,- մոտեցավ, չռած աչքերով նայեց ինձ,- դու մեծ մարդ ես դառնալու ու մեծ ճանապարհի վրա ես կանգանած, բայց հետո ստեղ չես մնալու…

Ապշած նայում եմ կնոջը, չգիտեմ՝ լուրջ էր ասում, թե ոչ, բայց շարունակում եմ գնալ իմ բռնած ուղով…

***

Էրեբունի թանգարան ես գնացի միայն ուսանող ժամանակ: Մեզ տեղեկացրել էին, որ թանգարանի դիմաց Լևոն Շանթի ‹‹Հին աստվածներն›› էին բեմադրելու: Եվ մենք մի քանի հոգով Ռոսիա կինոթատրոնի մոտից ավտոբուս նստեցինք ու գնացինք: Ներկայացումը, իրոք, հրաշք էր: Հատկապես՝ արխայիկ երաժշտության հնչյունները: Հետո որոշեցինք մտնել թանգարան: Սակայն մեր ունեցած գումարը տոմսի համար չէր հերիքում: Բայց թանգարանում մեզ ընդառաջեցին ու մեր գումարի դիմաց տոմսեր տվեցին:

Թանգարանի ցուցադրությունում ենք: Լսում եմ իմ առաջին էքսկուրսիան ու էքսկուրսավարին: Նա Ուրարտուից ինչ-որ բաներ է պատմում, իսկ ես շարունակ ընդհատում և ուղղում եմ նրան: Հետո տարիներ անց, երբ նույն թանգարանում ինքս պետք է էքսկուրսիաներ վարեի, քաջ գիտակցում էի, որ ուրիշի ներկայությամբ էքսկուրսավարին ուղղելը հեչ լավ բան չէ:

Հետո բարձրացանք ամրոց, ու ես մեր խմբին սկսեցի պատմել Էրեբունու մասին: Արդեն մի քիչ սեպագիր կարդալ գիտեի: Չէի հավատում, որ դիպչում եմ Արգիշթիի թողած արձանագրություններին: Սկսում էի ցույց տալ իմ իմացած վանկերը, գաղափարագրերը, կարդալ արքաների անունները: 

Դրանից հետո ես հաճախ էի այստեղ գալու, բայց արդեն միայնակ՝ առանձնանալու ու փորձելու զգալ Էրեբունին…

***

2008 թվականին, երբ Մանկավարժականն ավարտել էի, միանշանակ որոշել էի, որ պետք է հնագետ դառնամ: Այդ ամենի մեղավորը մեր հնագիտության դասախոս պարոն Փիլիպոսյանն էր: Հենց նրա կերպարը ստիպեց ինձ ընտրել կախարդական այն աշխարհը, որին հնագիտություն են կոչում: Պարոն Փիլիպոսյանն էլ 2008 թվականին ինձ հրավիրեց մասնակցելու Էրեբունի ամրոցում ընթացող պեղումներին: Սկսեցի՝ որպես բանվոր: Այնքան ուրախ էի, որ ինձ վստահել էին կաչկա քշելու պատասխանատու գործը: Ինչ իմանայի, որ մի օր էլ ես կդառնամ Էրեբունու հնագիտական արշավախմբի ղեկավարը: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև այսօր կաչկա բավական վարպետորեն եմ քշում:

Փիլիպոսյանը նաև Էրեբունի թանգարանի տնօրենն էր: Նա դարձավ իմ թեկնածուականի գիտական ղեկավարը, իմ ուսուցիչը…  Մի օր զանգեց ինձ ու ասաց, որ գործերս բերեմ Էրեբունի թանգարան՝ աշխատանքի անցնելու համար:

2009 թվականի փետրվարի 1-ն էր: Ես արդեն Էրեբունի թանգարանի կրտսեր գիտաշխատող էի, միաժամանակ էքսկուրսիաներ էի տանում: Փիլիպոսյանը ամեն աշխատանքային օր քաղցրավենիքով գալի էր մեր սենյակ, մեզ հյուրասիրում ու խոսում Ուրարտուից: Երանի այդ ժամանակները…

***

Ամեն-ինչ փոխվեց, երբ պարոն Փիլիպոսյանին տնօրենի պաշտոնում փոխարինեց պարոն Գյուրջյանը: Բոլոր, այսպես ասած, ‹‹Փիլիպոսյանի կադրերը›› ընկան նշանառության տակ, այդ թվում՝ նաև ես: Մի քանի հոգու նկատողություն տրվեց: Նրանց թվում էի նաև ես: Ես ոչինչ չէի արել, իրականում: Մեր թանգարանի մի երիտասարդ աշխատակցուհու, որն ինձ վիրավորել էր, և որին պարոն Գյուրջյանը մեծ տեղ էր տալիս, ընդամենը ասել էի նրան վերաբերող ճշմարտությունը: Անմիջապես կանչվեցի տնօրենի կաբինետ.

Գյուրջյանն ասաց, որ վիգըվըռ եմ ստանալու, որպեսզի այլևս նման բաներ չկրկնեմ: Վիգըվըռ՝ անվայելուչ պահվածքի և թանգարանային կարգը խախտելու համար:

— Պարո՛ն Գյուրջյան, գուցե մի օր էլ ես կդառնամ Էրեբունի թանգարանի տնօրեն, ու էն բոլոր մարդիկ, որ հիմա գալիս, տարբեր մարդկանցից բամբասում են, էդ ժամանակ գալու են Ձեզնից բամբասեն: 

Չգիտեմ՝ պարոն Գյուրջյանը կհիշի, թե՝ ոչ, բայց նա քմծիծաղ տվեց: Ես կանչվեցի կադրերի պատասխանատու տիկին Գոհարի մոտ, և ինձ հանձնվեց այսօր ինձ համար այդքան թանկ՝ նկատողություն հայտարարելու հրամանը: 

Իրականում դա իմ տնօրեն դառնալու ուղեգիրն էր…

***

2011 թվականին պարոն Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ էինք իրականացնում Էրեբունի ամրոցի հյուսիս-արևմտյան լանջին: Քչերը գիտեն, որ Էրեբունի թանգարանից դեպի ամրոց բարձրանալիս՝ ձախ հատվածում, կան ուրարտական կառույցներ: Հիշում եմ այստեղ գտածս ուրարտական թասը: Մեզ համար շատ կարևոր էր գտնել բացված պատի շարունակությունը: Բայց օրերը վերջանում էին: Հաճախ է պատահում, որ թարսի պես, հնագիտական պեղումների ժամանակ ամենակարևոր գտածոները սկսում են դուրս գալ վերջին օրերին: Այդ հատվածում ինձ էր վստահված աշխատանքը: Մնում էր մի քանի ժամ, ու պատի առաջին հատվածը սկսեց բացվել… Անմիջապես զանգեցի պարոն Փիլիպոսյանին ու ավետեցի, որ պատը գտել ենք: Սա շատ կարևոր բացահայտում էր: Պատի բացված հատվածում կտրվածքով խորշ էր առաջացել: Այդ հատվածը ոչ մի տեղից չի երևում, ոչ ոք չի կարող տեսնել: Հաճախ, երբ տխուր էի լինում թանգարանում, բարձրանում էի, նստում այդտեղ ու մեջքս հենած պատին՝ մտածում: Դա իմ անկյունն էր, որ ոչ ոք չէր կարող տեսնել:

Հիշում եմ, պեղումների ավարտից հետո իմ ընկեր Նժդեհի հետ պայմանավորվել էինք հանդիպել Կասկադում՝ Թամանյանի արձանի մոտ: Երբ հանդիպեցինք ու նստած զրուցում էին, մեզ մոտեցավ մի տատիկ և ասաց, որ կորել է և կորցրել է իր տղային: Սկսեցինք համարներ ուզել ու զանգել: Բայց տատիկի ոչ մի ասած համար մեզ չօգնեց: Բոլորն ասում էին, որ էլ կապ չունեն այդ տատիկի հետ: Պարզ էր, որ տատին անօթևան էր դարձել իր տղայի հետ: 

— Ոչի՛նչ, տատի՛ ջան, մենք հեսա քո տղային կգտնեք:

Տատին հիշողության կորուստ էլ ուներ: Գրեթե ոչինչ չէր հիշում: Միայն կարողացանք հասկանալ, որ նրանք օթևանում են Լունա պարկում:

— Ո՞նց եք գտնելու, բալա՛ ջան: Չեք կարա գտնեք: Հիմա տղես էլ ինձ ա ման գալիս:

-Տատի՛ ջան, որ մենք էն պատը գտանք, քո տղային կգտնենք ու կգտնենք,-Նժդեհը ժպտում էր:

Տատին ապշած նայում էր մեզ, թե էս ի՞նչ են ասում:

Մեր տատիին համոզեցինք, որ գնանք իր տղային փնտրելու: Կասկադից քայլեցինք դեպի Մաշտոցի պողոտա: Հիմա կամ պետք է ձախ թեքվենք, կամ էլ ճանապարհն անցնենք ու շարունակ ենք Մոսկովյանով՝ դեպի Պապլավոկի այգի: Հենց այդ ուղով էլ կգնանք: Դեպի Պապլավոկ մի քիչ քայլելուց հետո՝ Մոսկովյանի մայթին, մեր դիմաց հայտնվեց տատիկի որդին: Ուրախ էին, որ գտան իրար:

— Բա՛, տատի՛, որ ասում էինք՝ տղայիդ կգտնե՜նք:

***

Պարոն Գյուրջյանը որոշեց ստեղծել թանգարանին կից ‹‹Պատանի հնագետ››-ի դպրոցը: Սկզբում պետք է այն ղեկավարեր մի տարեց կին հնագետ: Հետո ընտրությունը կանգ առավ ինձ վրա: Ես կազմեցի ամբողջ ծրագիրը: Արդեն ութ տարի անընդմեջ ինչ իմ աշխատանքից հետո՝ մոտ երկու ամիս ժամանակահատվածով, անվճար իրականացնում եմ ‹‹Պատանի հնագետ››-ի կրթական ծրագիրը: Երկրորդ տարում պարոն Գյուրջյանն ինձ հորդորեց դպրոցը դարձնել վճարովի: Հիշում եմ՝ ընտրվել էր պայմանական վճար: Արդեն մի քանի հոգի գրանցվել էին, երբ ասացին, որ մի տատիկ ուզում է ինձ տեսնել.

— Միքայել ջան, երկու թոռնուհիներիս համար եմ եկել: Շատ են ուզում գան ձեր դպրոց: Բայց հնարավորություն չունենք: Կարո՞ղ եք զեղչ անել, եթե հնարավոր ա.

Տիկին Նվարդին ու տիկին Լալային ասում եմ. ‹‹Փող չկա››: Աչքերիս առաջ այդ դրվագը եկավ:

-Տատի՛ ջան, Ձեր թոռնուհիները անվճար են գալու ‹‹Պատանի հնագետ››-ի դպրոց, ու բոլորը անվճար են գալու:

Երբ պարոն Գյուրջյանին ասացի, որ բոլորը անվճար են գալու, ու ‹‹Պատանի հնագետ››-ը միշտ անվճար պետք ա լինի, ասաց.

— Դե դու գիտես, ես մտածում էի՝ քեզ էլ գումար գա, էդքան գործ ես անում: 

‹‹Պատանի հնագետ›› դպրոցը կյանքի իմ ամենավառ, ամենապայծառ փուլերից է տարվա մեջ: Երեխաների հետ շփվելը, նրանցից ‹‹ընկեեր Միքայել›› լսելը ամենաթանկ բառերից է ինձ համար: Ամեն անգամ մանուկների հետ շփվելիս մաքրվում ես ու իմաստանում:

***

2012 թվականի նոյեմբերն էր: Մեր թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում կոնյակ էինք խմում: Պարոն Գյուրջյանն էր, մեր փոխտնօրեն տիկին Մեշինյանը, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը և մեր անվանի հնագետներից մեկը: Վահան Հովհաննիսյանն էլ, մինչև քաղաքանությամբ զբաղվելը, եղել էր փայլուն և հաջողակ հնագետ ու աշխատել մեր թանգարնում: Այդ օրը հանրապետության նախագահն Էրեբունի թանգարանում հանդիպել էր հնագետների հետ և տարբեր հարցեր քննարկել: Հանդիպումից հետո Վահան Հովհաննիսյանը և մեր անվանի հնագետներից մեկը մնացել էին թանգարանում: Ինձ էլ հրավիրեցին սեղանի շուրջ: Խոսում էին տարբեր հարցերից, քննարկում տարբեր թեմաներ: Այնպես ստացվեց, որ մեր անվանի հնագետի հետ վեճի բռնվեցի և սկսեցի նրան ապացուցել իր տեսության սխալ լինելը: Այդ հնագետն ինձ հրավիրեց իր կողմից իրականացվող պեղումներին, բայց չգնացի: Վեճի ժամանակ Վահան Հովհաննիսյանը, որին առաջին անգամ էի հանդիպել, նայում էր ինձ ու ժպտում: Եկավ հրաժեշտ տալու ժամանակը: Նա ինձ հրաժեշտ չտվեց: Թանգարանի դիմացի ցայտաղբյուրից ջուր խմեց, նայեց վրաս և ասաց.

-Вас найдут.

***

Անցան տարիներ: Ես թանգարանի կրտսեր գիտաշխատողից դարձա էքսկուրսավար, հետո՝ գիտաշխատող, այնուհետև՝ ‹‹Կարմիր բլուր›› մասնաճյուղի ղեկավար: 2019 թվականի մայիսին ընտրվեցի ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն: 

Հիշում եմ, տնօրենի ընտրության մրցույթից մի ամիս առաջ երազ տեսա: Կոկորդիցս, բերանիցս թել էի քաշում ու հանում… երկար բարակ թել: Երբ թված, որ թելը հանել եմ, ընկերներիցս մեկն ասաց.

— Մի՛ք, թելը հանեցիր, դու ես տնօրեն դառնալու:

— Չէ՛, դեռ չեմ հանել: 

Սկսեցի թելը քաշել, մեկ էլ կոկորդիցս մեխ դուրս եկավ՝ կապված թելի ծայրից:

— Ա՛յ հիմա հանեցի:

***

Կինս հաճախ ժպտալով հարցնում է.

— Կլինի՞ գոնե մի օր տանը Էրեբունուց չխոսես:

Կարճ պատասխանեմ՝ չի լինի: 

Անցած մեկ տարվա ընթացքում ընդամենը չորս անգամ է եղել, որ երազումս Էրեբունին չտեսնեմ: 

Չեմ ուզում այստեղ պատմել բոլոր այն ցավերի, ուրախ ու դժվար օրերի, ապրումների և ջարդված պատերի մասին, որ ունեցել ու ունենալու եմ Էրեբունիում: Սա իմ տունն է, իմ կենսակերպը…

Օրն այսօր երկուշաբթի է: Ժամը 22:09: Շարունակում եմ ըմբոշխնել պատուհանիցս ներս տարածվող անձրևի մոգական հոտն ու հորդացող մեհենական մեղեդին: Նայում եմ ընկերոջս՝ Նարեկ Վանի նվիրած նկարին: Բոլոր ձկները՝ փոքրիկ, մանր, միջին ու մի քիչ խոշոր, շարժվում են մեկ ուղղությամբ, բայց նրանցից առավել աչքի ընկնողն ընթանում է բոլորին հակառակ: Բոլոր ձկներից միայն նա է լսում անձրևի մեհենական մեղեդու ձայներն ու ըմբոշխում անձրևի՝ կախարդանք տարածող հոտը: Ձուկը էլի ժպտալով շարունակում է իր ընտրած ճամփան…

Ես Միքայել Բադալյանն եմ՝ երևանցի հասարակ մի տղա, որ պատիվ ունի լինելու ‹‹Էրեբունի›› պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, բայց հաստատ, իմ պորտն Էրեբունիում են կտրել…

Պատահում է, երբ թանգարանի դուռը բացում եմ, գորշ բազալտե աստիճաններով շնչակտուր դեպի Էրեբունի թանգարան է վազում արևոտ աչքերով մի պատանի… նայում եմ քեզ ու ժպտում…

Ուզում եմ քեզ ամուր գրկել. քեզնից առավել ոչ ոք չգիտի, թե որքան եմ քեզ սիրում, Էրեբունի՛…

No Comments

Leave a Reply