Արմինե Սարգսյան Երաժշտություն

Մշակույթը կարող է հենց այս փուլում կենարար դեր ունենալ

07.09.2022

 

Նշանավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն արդեն ավելի քան մեկ տարի Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավարի ու գլխավոր դիրիժորի պաշտոնն է զբաղեցնում։ Մինչ այդ մաեստրո Օրբելյանը հինգ տարի ղեկավարում էր Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը։ Նրա գործունեության ժամանակակից փուլի և ընդհանրապես օպերային, բալետային արվեստների մասին է մեր զրույցը։

— Մաեստրո՛, պահպանո՞ւմ եք կապ հայ արտիստների հետ։

— Շնորհակալություն, որ ուշադիր եք իմ ստեղծագործական ընթացքին և պարբերաբար անդրադառնում եք իմ գործունեությանը։ Ուղիղ մեկ տարի է, ինչ ես չեմ աշխատում Հայաստանում, սակայն դա ամենևին էլ չի խանգարում, որ պահեմ կապը Հայրենիքի և հայ արտիստների հետ։ Ի վերջո, հայաստանյան գործունեության ընթացքում մեծ թվով ընկերներ, բարեկամներ եմ ձեռք բերել, որոնց հետ իսկապես ջերմ հուշեր կան կապված։ Նրանցից ոմանց հետ իրականացրել ենք տարբեր նախագծեր։ Ես մշտապես, հնարավորության դեպքում, փորձում եմ հայաստանցի իմ գործընկերներին մասնակից դարձնել տարբեր միջազգային նախագծերի։ Մասնավորապես՝ սեպտեմբերի 24-30-ը Վրաստանի Բաթումի քաղաքում տեղի ունեցող «Օպերայի ոսկյա ձայները» միջազգային մրցույթին (որի ժյուրիի կազմում եմ նաև ես) Հայաստանը կներկայացնեն մեր տաղանդաշատ երիտասարդ երգիչները։

 — Հետադարձ հայացքով կարո՞ղ եք ասել՝ ինչով էին առանձնանում հայաստանյան օպերային թատրոնը, թատրոնի արտիստները, հայ հանդիսատեսը։

— Գիտեք, հայաստանյան հանդիսատեսի ջերմությունը, անկեղծությունը, բարձրաճաշակ լինելը ես դեռ շատ տարիներ առաջ եմ զգացել, իսկ Հայրենիքում իմ գործունեության հինգ տարվա ընթացքում առավել կապվեցի ու սիրեցի մեր հանդիսատեսին։ Հայաստանցի հանդիսատեսը շատ արագ է կարողանում գնահատել որակյալ ստեղծագործությունը։ Իսկ արտիստներն իսկապես անչափ տաղանդավոր են և պատիվ կարող են բերել աշխարհի ցանկացած հեղինակավոր թատրոնի։ Մենք համատեղ ելույթներով ներկայացել ենք նաև աշխարհի մի շարք բեմերում։ Վստահեցնում եմ, որ մեր արտիստներն այնպիսի տպավորություն են կարողացել թողնել աշխարհի տարբեր բեմահարթակներում, որ երկար տարիներ նրանցից շատերին անվանական հիշում են։

 — Կայի՞ն օպերային թատրոնի հետ կապված նպատակներ, ծրագրեր, որ անավարտ մնացին։

—  Գործընկերներիս հետ մեծածավալ ծրագրեր ենք իրականացրել, սակայն հայտնի դեպքերի պատճառով տևական ժամանակահատված դատական պրոցեսների մեջ էինք, ինչը չէր կարող չխաթարել իմ և թատրոնի բնականոն գործունեությունը։ Ինչևէ, այդ ամենն արդեն անցյալում է, և հուսանք՝ հետագայի համար արժանի դաս կլինի, որ կառավարիչները, պաշտոնյաները, մշակույթի ոլորտ համակարգող անձինք մեկ տեսլական ունենան՝ զարգացնել հայրենի մշակույթը։

-Եթե հնարավորություն տրվեր նորից ղեկավարելու թատրոնը, ինչի՞ց կսկսեիք, կվերանայեի՞ք Ձեր գործունեությունն ու հարաբերություններն արտիստների հետ։

— Բարեբախտաբար, ես Հայաստանում հենց առաջին օրվանից արժանացել եմ առանձնահատուկ ուշադրության և սիրո իմ գործընկերների կողմից։ Մեր աշխատանքային հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա են եղել։ Այնպես որ, այս հարցում իսկապես ամեն ինչ հիանալի է եղել։

-Պատերազմ տեսած երկրում քաղաքականությունն առաջին պլան է մղվում, երկրում կա անհանգստութուն, լարում, բազում խնդիրներ․․․․ մշակույթի դերն այս դեպքում ո՞րն է։

— Հենց այս դեպքում է, որ մշակույթն առավել մեծ պատասխանատվությամբ պետք է ծառայի երկրին, ազգին, ժողովրդի ոգեղենության բարձրացմանը։ Մշակույթը կարող է հենց այս փուլում կենարար դեր ունենալ։ Մեր երկրի կարևորագույն հաղթանակները նաև մշակույթով պետք է թրծվեն, պարզապես այսօր պետք է գրագետ, համակարգված և ճիշտ մշակութային ռազմավարություն մշակել, որպեսզի որևէ անհարկի վրիպում չունենանք։

— Մաեստրո, օրեր առաջ Ձեր ծննդյան օրն էր, ինչի առթիվ շնորհավորում ենք և ցանկանում ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ ու առողջություն։

— Շնորհակալ եմ բարի խոսքերի և շնորհավորանքի համար։ Ես էլ իմ հերթին ցանկանում եմ Հայրենիքիս, մեր ժողովրդին միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները, մեր պետության զարգացումը կախված է մեզնից, յուրաքանչյուրի սրտացավ մոտեցումից և աշխատանքից։ Ուրեմն, ի գործ․․․

Զրուցեց Արմինե Սարգսյանը

No Comments

Leave a Reply