Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում վերաբացվել է մշտական ցուցադրությունը, ինչպես նաև հանրությանն է ներկայացվել «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։
Վերջին ամիսների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։
Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր նյութերով, որոնք տրամադրվել են Հայաստանի ազգային արխիվի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի կողմից։
Այցելուները հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Աբովյանի կյանքի և գործունեության ուշագրավ կողմերը։
«Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում ներկայացված է Աբովյանի մանկավարժական գործունեությունը։ Ցուցադրության առանցքում է Աբովյանի կենդանության օրոք տպագրված միակ գիրքը՝ առաջին աշխարհաբար այբբենարան-դասագիրքը, որը բերված է Մատենադարանից։ Ցուցադրությունը կգործի 6 ամիս: