Կրեատիվ Վովա Արզումանյան

Նա իր արվեստով վերաձևել է ժամանակակից արվեստի պատկերացումները

10.08.2025

Սան-Ջին Լին, ավելի հայտնի որպես Polyc, ժամանակակից կորեական դաջվածքարվեստի առաջատարներից է։ Նրա անունը վաղուց անցել է Կորեայի սահմանները, իսկ ստեղծագործական ձեռագիրը՝ վառ գույներն ու պոլիգոնալ կառուցվածքը, դարձել է ճանաչելի նշան։ Սեուլում գործող Polyc Shop ստուդիայում ծնվում են նրա աշխատանքները, որոնք ներշնչված են կուբիզմից ու աբստրակտ ուղղություններից։ Polyc-ի ստեղծագործությունները հասել են միջազգային ցուցահանդեսների՝ Լոնդոնի Outernet-ից մինչև հանրահայտ Saatchi պատկերասրահ, և ներգրավվել Marvel Korea-ի ու համաշխարհային նորաձևության խոշորագույն բրենդների նախագծերում։ Նրա արվեստում դաջվածքը այլևս միայն մարմնի զարդ չէ․ այն ինքնության ու հոգու արտահայտման ազատ հարթակ է, որտեղ չկա սահման։

-Արվեստը իմ շնչառությունն է և իմ լեզուն։ Երբ զգացմունքները, որ բառերով չես կարող բացատրել, ձեռքիս միջոցով արտահայտվում են, ես զգում եմ, որ իսկապես ապրում եմ։ Այն պարզապես ստեղծագործելու մասին չէ, այլ իմ ներսի ճշմարտությունները բացահայտելու և աշխարհի հետ անկեղծ երկխոսելու,- ասում է Polyc-ը։

2023-ին Polyc-ը դարձավ առաջին կորեացի դաջվածքագործը, ում աշխատանքները ներկայացվեցին Լոնդոնի Saatchi պատկերասրահում։ 

-Սա անձնական երազանքի իրականացումից շատ ավելին էր։ Իմ համար դա այն պահն էր, երբ կորեական դաջվածքարվեստն ու ժամանակակից արվեստը ճանաչվեցին համաշխարհային հարթակում՝ հավասար արժեք ունեցող ձևեր։ Դաջվածքը մաշկի վրա պատկեր լինելու սահմանները կարող է անցնել՝ դառնալով խորքային զրույցի միջոց,- պատմում է նա։

Polyc-ի անունը կապված է նաև BTS խմբի անդամների խորհրդանշական «7» ընկերության դաջվածքների հետ։ Նրա համագործակցությունը Չոնգուկի հետ վերածվեց ոչ միայն նախագծի, այլև մշակութային իրադարձության, որի արձագանքը հասավ Ասիայից մինչև Ամերիկա։

-Չոնգուկը արվեստագետ է, ով երաժշտությամբ է շփվում աշխարհի հետ, իսկ ես՝ մաշկի վրա ստեղծված պատկերներով։ Երբ մեր աշխարհները հատվեցին, փոխադարձ ոգեշնչումը եկավ բնականաբար։ Անձնական առումով նա անչափ համեստ ու բաց մտածողությամբ է, և այս համագործակցությունը վերածվեց հարգանքի ու փոխադարձ ուսուցման բացառիկ շրջանի,-ասում է Polyc-ը։

Նրա համար արվեստը նաև ինքնաբուժման ճանապարհ է։ 

-Ի վերջո, ինձ բուժել են մարդիկ։ Երբ իմ աշխատանքի ընթացքում ուրիշները բացում են իրենց պատմությունները, մենք միասին ենք հաղթահարում նրանց ցավերը, և այդ գործընթացը նաև ինձ է բուժում։ Երբ ուրվագծում կամ փորագրում եմ մաշկի վրա, մտքերս հանդարտվում են, մնում է միայն ամենաիրական հույզը։ Դա իմ կյանքի ամենամեծ պահպանող ուժն է,- խոստովանում է նա։

Polyc-ը համարձակորեն խախտել է ավանդական սահմանները և իր արվեստով վերաձևել կորեական ժամանակակից արվեստի պատկերացումները՝ դաջվածքարվեստը բարձրացնելով նոր մակարդակի։ Այսօր նրա ստեղծագործական ուղին ոգեշնչում է ոչ միայն Կորեայում, այլև ամբողջ աշխարհում։

Նյութը պատրաստել են Լիլիթ Մովսիսյանն ու Վովա Արզումանյանը՝ պրոդյուսեր Լիլիթ Մովսիսյանի հեղինակած նախագծի շրջանակում, որի նպատակն է հանրահռչակել կորեացի արվեստագետների ստեղծագործությունները Հայաստանում։