Նոր ներկայացման նախափուլում
Դերասանուհի, բեմադրիչ Կարինե Քոչարյանը իր գրած պիեսի հենքով պատրաստում է նոր թատերական ներկայացում՝ մեկ գործողությամբ դրամա՝ «Սարից այն կողմ» վերնագրով։
Ներկայացման նկարիչն է Մերի Սարգսյանը։ Դերերում հանդես են գալիս արցախցի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ դերասաններ։ Ներկայացման պրեմիերան կկայանա ապրիլի 22-ին, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկական թատրոնի բեմում։ Երկրորդ բեմելը մայիսի 5-ին է։ Ներկայացումն իրականացվում է Նյու Յորքի Հայ բարեգործական ընդհանուր միության մեկենասությամբ։ Դերասանները վճարվում են իրենց աշխատանքի դիմաց, իսկ ներկայացման հետագա ճակատագիրը մեծապես պայմանավորված է տոմսերի վաճառքից գոյացած հասույթով։ Եթե թատերասեր հանրությունը սիրի այս ներկայացումն ու գնի տոմսեր, ապա դրանով հնարավորություն կընձեռի, որպեսզի ներկայացումը բեմ բարձրանա նաև հետագայում՝ որոշակի պարբերականությամբ։
«Քանի որ այս ներկայացումը որևէ թատրոնի խաղացանկային ներկայացում չէ, այլ առանձին իրագործվող նախագիծ է, կխաղացվի այնքան, որքան որ հանդիսատեսը կունենա պահանջարկ։ Հուսամ, որ կունենա։ Մեր ներկայացումը բավականին սուր թեմա է բարձրացնում։ Մենք ցույց ենք տալիս այն ժամանակաշրջանը, որը ես իմ աչքով տեսել եմ Արցախում 2020 թվականի պատերազմից հինգ ամիս անց։ Պիեսում ընդգրկված կերպարներից շատերն ունեն իրենց նախատիպերը։ Ներկայացման մեջ հնչում են խոսքեր, արտահայտվում մտքեր, որոնք ես լսել եմ իրական մարդկանցից։ Այդ ամենը հորինվածք չէ։ Պիեսում մարդկանց իրական երազանքներն են ու նպատակները։ Իմ հերոսները մարդիկ են, որոնք չեն հրաժարվում իրենց հիշողությունից, որոնք այդ հիշողությունը սերունդներին փոխանցելու նպատակն ունեն»,- ասում է Կ․ Քոչարյանը։
Ներկայացման փորձերն անցկացվում են Դիզակ սրահում։ Ես ներկա եղա փորձերից մեկին, ծանոթացա դերասանների հետ, ականատես դարձա ներկայացման կայացման ստեղծագործական ընթացքին։ Հագուստի ընտրություն, երաժշտական ձևավորում, դերասանական խաղի նրբություններ, տեսարանների կառուցում, բեմական խոսքի հմտությունների մշակում, հուզական շեշտադրումների հստակեցում․․․ մի խոսքով՝ այն, ինչ կոչվում է նոր ներկայացման նախափուլ, պատկերացավ ինձ բոլոր մանրամասներով։
Ներկայացումն սկսվելու է ներկայացումից առաջ․ անվարագույր բեմում, որը քողարկված կլինի խավարով, կհնչի շվին, հետո քիչ-քիչ կլուսավորվի բեմը, և կսկսվի իրենց առօրյան ապրող պարզ մարդկանց կյանք-խաղը, որը հանդիսատեսին կտեղափոխի Արցախ ու կպատմի սարից այն կողմ ծավալվող հուզառատ դեպքերի, առտնին հոգսերի ու չամոքվող կարոտի մասին։
Փորձի ընթացքում

Կարինե Քոչարյանի հետ ճեպազրույցից տեղեկանում ենք, որ ներկայացման մեջ զբաղված դերասաններից շատերի հետ նա արդեն արել է մեկ ներկայացում՝ ըստ Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի։ Ոչ պրոֆեսիոնալ 13-14 տարեկան երեխաներ են ընդգրկված ներկայացման մեջ։ Վերջիններիս դերաբաժինը բավական մեծ է, բայց կարողանում են հաղթահարել։ «Ինձ համար հիմա դժվար է գնահատել փորձերի որակը,- ասում է տիկին Քոչարյանը։- Երբ խորացած ես աշխատանքի մեջ, դժվար է սթափ գնահատական տալ։ Ես հակված եմ մտածելու ընդունված տարբերակով՝ մեր աշխատանքը թող գնահատի նորին մեծություն հանդիսատեսը»։ Ստեղծագործական խմբի և բեմադրիչի համար ամենամեծ դժվարությունն այն է, որ փորձերն արվում են սենյակային պայմաններում։ Այնինչ ներկայացում անելիս մեկ-երկու ամիս պետք է փորձեր արվեն թատերական բեմում։ «Սարից այն կողմ»-ը հանդիսատեսի դատին ներկայանալուց առաջ ընդամենը երկու փորձ է ունենալու բեմում, որի ընթացքում պետք է հասցնեն անել ահռելի աշխատանք։ Դա ոչ միայն պիեսի գործողությունների խաղարկումն է, այլև բեմահարդարման, լուսավորության, հնչյունային մասի հետ կապված աշխատանքները, որոնք շատ բարդ ու ժամանակատար պրոցեսներ են։ Ասել է թե՝ թատրոնում կայանալիք այդ երկու փորձերը առավելապես միտված են լինելու տեխնիկական կողմն ապահովելուն։ «Սա շատ լուսային ներկայացում է,- ասում է բեմադրիչը։- Ներկայացումը չի կտրտվում, մի տեսարանից մյուսը շատ սահուն են անցումները։ Բեմում մի ընդհանուր արցախյան համապատկեր է, և լույսն այդտեղ կարևոր գործոն է։ Այսինքն՝ լույսը խաղում է բեմի վրա»։
Պիեսի առանցքային կերպարներից մեկին՝ Առաքել պապին մարմնավորում է Վլադիմիր Միքայելյանը։ Նա աշխատել է Արցախի պետական դրամատիկական թատրոնում, երկար տարիներ զբաղեցրել վարչական պատասխանատու պաշտոն։ Նա խոստովանում է, որ Առաքելի դերը ստանալիս կասկածել է, որ այն կհաղթահարի։ «Դժվար առաջադրանք էր թվում դա ինձ համար,- ասում է,- սա բարդ հոգեբանական դեր է, հավաքական կերպար։ Ես շատ աշխատեցի դերի վրա, տիկին Կարինեին էլ շատ չարչարեցի։ Սպասենք վերջնական արդյունքին»։
Մյուս կարևոր կերպարը՝ Անուշին մարմնավորում է Էդիտա Բաբայանը, որը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողուհի է։ Փորձի ժամանակ նա գերհուզական վիճակում էր, խորությամբ ապրում էր իր մարմնավորած կերպարն ու խաղում չզսպվող արցունքներով։
Փորձի ընթացքում

«Անուշն ինձ համար շատ հոգեհարազատ կերպար է։ Երբ դերի առաջարկն ստացա, կարդացի պիեսը, շատ հավանեցի։ Անուշի կերպարը ոչ թե կոնկրետ կերպար է, այլ համընդհանուր հույսի մարմնացում։ Որքան էլ յուրաքանչյուր մարդ իր առանձին կյանքով է ապրում, ինչ-որ պահի բոլորի մեջ էլ արթանանում է այդ հույսը, համախմբում մեկ նպատակի շուրջ։ Սա իսկապես բարդ կերպար է։ Մի քիչ վախենում եմ, մտածում, որ հանդիսատեսը կարող է չընկալել այն, բայց և վստահ եմ, որ Անուշը շատ մարդկային, ժողովրդին հարազատ, մեր օրերին համահունչ կերպար է, ուստի և սպասելիքներս հանդիսատեսից դրական են։ Կարծում եմ՝ կհավանեն իմ խաղացած դերը»,- ասում է Էդիտան։
Տիգրանի կերպարը մարմնավորում է շնորհալի պատանի Արման Հայրիյանը, որն զբաղված է տարբեր մշակութային նախագծերում, այդ պատճառով էլ նա միակ դերասանն է, որ ունի փոխարինող իր մարմնավորած կերպարի համար՝ ի դեմս Գևորգ Ստեփանյանի։ Արմանը ծնվել է Արցախում, ապրել այնտեղ ութ տարի։ 2020-ի պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստան։ «Տիգրանի կերպարը հաղթահարել եմ մեծ դժվարությամբ։ Սա մի կերպար է, որը բազմաթիվ մարդկանց է իր մեջ ընդգրկում։ Տիգրանը շատ էմոցիոնալ տղա է։ Իմ կարծիքով ինձ մի քիչ նման է։ Ինչպես Տիգրանը, այնպես էլ ես սիրում եմ մեծերին օգնել։ Եվ Տիգրանի նման էլ ծանր եմ տանում մարդու կորուստը»։
Ներկայացման ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն․ շվիով ժողովրդական և հոգևոր մեղեդիներ կկատարի Գագիկ Ադամյանը։ Նա նպատակ ունի իր նվագով փոխանցելու հանդիսատեսին իր բնօրրանի հուզական շունչը, ապրեցնելու մարդկանց իր երաժշտությամբ։
«Սարից այն կողմ» ներկայացումը կայացման նախափուլում է։ Հաշված օրեր են մնացել պրեմիերային։ Մաղթենք բեղուն ստեղծագործական ընթացք Կարինե Քոչարյանին, նրա խմբին և շտապենք ականատեսը դառնալ թատերական այս նոր իրադարձության։
Կարինե Ռաֆայելյան






