Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետի ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նորատուս գյուղը: Նորատուսը (Նորադուզը) հնագույն բնակավայր է` բրոնզի և երկաթի դարերով թվագրվող բազմաթիվ հուշարձաններով։ Միջնադարում այն երբեմն անվանվել է գյուղաքաղաք։ Կարծիք կա, որ Նորատուս բերդավանը կառուցել է Գեղամ Նահապետը և կոչել այն «Նորատունս»։ Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով։
Նորատուսը նախևառաջ հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով՝ նշանավոր «խաչքարերի անտառով»։
Նորատուսյան խաչքարեր
Մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են` կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։
Կան ընտանեկան գերեզմաններ, որոնց տապանաքարերն ունեն աշխարհիկ բովանդակության համապատասխան փորագրաքանդակներ: Օրինակ՝ մի ընտանեկան գերեզմանախմբում տեսնում ենք տան հոր, մոր, գինու գավաթները ձեռքներին երկու որդիների, հյուսքերով երկու դուստրերի և տան ամենափոքրիկի տապանները:
Հարթաքանդակներով գերեզմանաքարեր
Հանդիպում են փոքրիկ, ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարագործ վարպետներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։ Նորատուսի խաչքարերի անտառը տեսնելու են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ՝ աշխարհի տարբեր երկրներից ։ Իհարկե, կորոնավիրուսի համավարակն իր նողկալի շոշափուկներով հասել է նաև Նորատուս, և ինչպես վկայեցին խաչքարերի շուրջ պտտվող գեղեցկուհի քույրեր Էլենն ու Նարեն, վերջին շրջանում այնքան էլ շատ չեն այցելողները Նորատուս:
Այդուհանդերձ, երևանցիներիս այցը աննկատ չմնաց տեղացիների կողմից: Այնտեղ հասնելուց րոպեներ անց մեզ մոտեցավ Նորատուս գյուղի բնակիչ Հասմիկ Գրիգորյանը, որն իր ունեցած հետաքրքիր տեղեկությունների հսկայական պաշարը փոխանցեց՝ համեմելով տեղի հյութեղ բարբառով և զգայական դաշտով:
Փորձենք որոշ դրվագներ ներկայացնել տիկին Հասմիկի պատմածից:
Գեղամ իշխանը, առաջին անգամ ոտք դնելով Նորատուսի տարածք, հավանել է տեղանքն ու հաստատվել այստեղ: «Խաչքարերի անտառից» հրաշալի մի տեսարան է բացվում Գեղամա լեռների համապատկերով. լեռներն այդպես են կոչվել՝ ի պատիվ Գեղամ իշխանի: Այս պատմությունը մեզ պատմեց տիկին Հասմիկը՝ Գեղամ իշխանի տապանաքարի մոտ: Իշխանի տապանաքարի առջև կան ևս երկուսը, որոնց տակ հանգչում են նրա կինն ու որդին:
Տապանաքարերից մեկն իր հարթաքանդակներով խորհրդանշում է հայկական օջախը. քարի վրա փորագրված են լավաշ, թոնիր, գինի, խորովածի կտորներ, ձի, այսինքն՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ էր հայ ընտանիքի գոյատևման համար:
13-րդ դարի խաչքարեր կան, որոնցից կենտրոնականի վրա պատկերված է Հիսուս Քրիստոսը՝ վերևում, կողքին առաքյալներն են, քիչ ներքև՝ արևն ու լուսինը, Հիսուսը՝ արդեն խաչի վրա, խաչի կողքերին՝ պահապան հրեշտակները, իսկ ներքևում՝ նուռը՝ մեր ազգային խորհրդանիշը և բռունցք (սա պատգամ է. «Խաչը բռունցքով բռնիր»):
Այս խաչքարը 2006 թվականին տարվել է Ֆրանսիա և ցուցադրվել Լուվրում: Բարեբախտաբար, այն վերադարձվել է և այժմ գտնվում է իր ծագման վայրում:
13-րդ դարի խաչքարեր
Խաչքարերը միայն հոգևոր բովանդակության չեն: Օրինակ՝ եռանկյունաձև գլխով խաչքարը խորհրդանշում է Սևանա լիճը, իսկ երկու սրագագաթները՝ Մեծ և Փոքր Մասիսները: Վերջիններիս վրա պատկերված են նաև Արարատյան դաշտի խաղողն ու Նոյի աղավնու թևերը:
Եվս մեկ հետաքրքիր խաչքար՝ աշխարհիկ բովանդակությամբ, ներկայացրեց տիկին Հասմիկը: Կարմիր քարի վրա փորագրված են արծիվ ու գառնուկ: Ըստ մեր զբոսավարի՝ արծիվը հրեշտակի խորհրդանիշն է, գառը՝ հայկական հոգու:
Կան նաև ողորկ մակերեսով տապանաքարեր: Դրանք հանվել են Սևանա լճի հատակից և օգտագործվել իբրև շիրմաքար:
Մի հետաքրքիր պատմություն էլ լսեցինք տիկին Հասմիկից՝ Տեր Կարապետ Ավետիսի Հովակիմյանի տապանաքարի մասին: Ննջեցյալի երկրային կյանքը ձգվել է 1780-1870թթ.: Նա եղել է բժիշկ, Նորատուս է եկել Արևմտյան Հայաստանից և խոստացել բուժել տեղացիներին, որոնց շրջանում (հատկապես՝ նորածինների) աղետալի չափերի է հասել մահացությունը: Մահանալուց առաջ պատգամել է, որ իր տապանաքարի վրա փոքր փոս անեն, մարդիկ այդտեղ ջուր լցնեն և լվացվեն դրանով՝ այդպիսով բուժվելով իրենց հիվանդություններից: Հասկանալի է, որ ուսյալ բժիշկը նպատակ է ունեցել անգամ հետմահու հոգեբանական ներգործությամբ բուժել նորատուսցիներին: Բայց ցավն այն է, որ տարիների ընթացքում այս բարի մտադրությունը աղավաղվել և ընդունել է բարբարոս դրսևորումներ. այժմ տապանաքարը դարձել է վախ չափելու գործիք: Ըստ որում՝ դա արվում է խիստ անընդունելի տարբերակով: Մարդիկ գալիս են բժշկի տապանաքարի մոտ շշերով, ջուր լցնում տապանաքարի փոսիկի մեջ, լվացվում, ապա, իբրև վախը հաղթահարելու մեծագույն բալասան, շրխկոցով կոտրում շիշը տապանաքարի վրա և իրենցից հետո թողնելով ապակու բազմագույն-բազմաձև կտորտանքների կույտը՝ հեռանում: Մի՞թե բժիշկ Հովակիմյանն այս էր պատգամել իրեն այնքա՜ն երախտապարտ նորատուսցիներին:
Բժիշկ Հովակիմյանի գերեզմանը
Կան նաև առանց խաչի տապանաքարեր. դրանք նախաքրիստոնեական ժամանակներից են այստեղ:
Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք Հասմիկ Գրիգորյանին՝ այս հարուստ, հետաքրքիր տեղեկությունները մեզ փոխանցելու համար: Սակայն վստահ ենք, որ Նորատուսի հրաշք կոթողախումբը ներկայացնելու խնդիրը պետք է դրվի պրոֆեսիոնալ հիմքերի վրա և գտնվի պետական հոգածության ներքո: Ու շատ ցանկալի կլինի, որ այդ գործը վստահվի հենց տեղացիներին՝ նրանց շրջանում համապատասխան ուսուցում կազմակերպելուց հետո: Հուսանք երբևէ տեսնել այս տարածքում իրազեկ, պատմական, գիտական հենքով իր խոսքը համեմած մեկին, որի շնորհիվ այցելուները կհեռանան առավել խորը ու հավաստի գիտելիքներով:
Քանի որ խոսքը, իսկապես, հրաշքի և իրականության միջակայքում գտնվող մի երևույթի մասին է, ուստի այն չէր կարող զերծ մնալ բանահյուսական գայթակղությունից: Պատահական չէ, որ Նորատուսի վերաբերյալ գոյություն ունեն ավանդազրույցներ, որոնք վավերացված են համապատասխան ուսումնասիրողների կողմից և ներկայացված հանրության լայն շրջանակներին:
Այդ ավանդազրույցներից մեկը նկարագրում է թուրքերի ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ։ Ունենալով շատ քիչ զինվորներ` վերջինս իր մարդկանց հրամայում է զինվորական համազգեստ հագցնել խաչքարերին և թշնամու համար ստեղծել խաբկանք` հեռվից թողնելով մեծաքանակ և ուժեղ բանակի տպավորություն։
Թուրքերը սարսափահար փախուստի են դիմում՝ հասցնելով ավերել իրենց առավել մոտ գտնվող մատուռը, իսկ Գեղամն իր խմբով հարձակվում և պարտության է մատնում թշնամուն։ Տիկին Հասմիկն ինքնավստահ ցույց է տալիս ավերված մատուռն ու հավաստիացնում, որ հենց այն ավերելուց հետո են թուրքերը դիմել փախուստի: Ի՞նչ իմանաս:
Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդության համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ։ Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, որոնք կտեղավորվեն ժամատան ներսում։ Քանի որ մատուռն ունեցել է գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվել է փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշահար է եղել՝ տեսնելով միայնակ աղոթող ավագանուն։ Ավագանին բացատրել է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք։
Մատուռներ Նորատուսում
Այսօր դժվար է գուշակել, թե «խաչքարերի անտառում» պահպանված ո՞ր մատուռին է վերաբերում այս ավանդազրույցը: Սակայն մի՞թե դա է էականը. չէ՞ որ այստեղ գտնվող ամեն քար ու մասունք է օժտված հրաշագործ ուժով: Այդ պատճառով էլ այցելուները ձեռքով հպվում են բազմադարյա քարերին և հավատում, որ դրանք իրենց կենարար լիցք կհաղորդեն:
Ի դեպ, համանման մի ավանդազրույց էլ կապվում է Նորատուսից ոչ շատ հեռու գտնվող Հայրավանքի հետ:
Համաձայն այդ ավանդազրույցի՝ Հայրավանքի վանահայրը վանքում պատսպարված մարդկանց իր աղոթքի ուժով վերածել է աղավնիների, նրանք դուրս են թռել վանքի լուսամուտից՝ ազատվելով թշնամու ձեռքից:
Ահա այսպիսի իրապատում-հրաշապատում հեքիաթների երկիր է Հայաստանը, որի ամեն թուփ ու քարի տակ մի մեծ ու լուսավոր առեղծված է ամբարված:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի
No Comments