ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Ցնորք

10.04.2020

Երբ հարևանությամբ ապրող Աբոն մի օր ասաց՝ «Երանի աչքերիդ, սիրուն կնիկ ունես», Կարապետ Իվանյանի աչքերը բոլոր կողմերից թաքուն նայեցին կնոջը և առաջին անգամ տեսան, որ նա, իսկապես, գեղեցիկ է ավելի, քան իրեն պետք է, խոշոր, սևորակ, կայծկլտուն աչքերով, նրբագիծ քիթ ու բերան, կրծքերը գայթակղում էին նույնիսկ զգեստի տակից, մեջքը բարակ, քայլելիս հետույքը թեթևակի պար էր գալիս, ոտքերը սլացիկ, ասես նորահարս լիներ ու ոչ երկու զավակ ծնած երեսունհինգամյա Ֆլորան։ Իվանյանը վախեցած աչքերը փակեց՝ կարո՞ղ է իմ կնիկը չէ, այլ ուրիշինը։ Բայց ո՞ւմը… Մի՞թե Աբոյինը, որը երկրորդ կին ունի, առաջինը մեռավ մի քանի տարի առաջ։ Եթե, մտածեց Կարապետ Իվանյանը, Աբոն զգացել է Ֆլորի գեղեցկությունը, ուրեմն աչք ունի նրա վրա։ Իվանյանի քունը փախավ։ Մի՞թե Ֆլորն էլ սիրահարված է Աբոյին։ Շուտով կասկածանքն այնքան խորացավ, որ նա արթմնի երազում տեսավ նրանց շատ անսովոր ու գռեհիկ սիրախաղ անելիս։ Նա Աբոյին մեղադրեց ու թշնամացավ ավելի, քան կնոջը, որի ամուսնական անհավատարմությանը դժվարանում էր հավատալ, իմ սիրուն հո չի կարող վերաբերվել հակասիրով, այն էլ Աբոյի պես ողորմելի մարդու հետ, աշխարհը, փառք Աստծո, դեռ շուռ չի եկել։ Մի օր բակում հանդիպելով Աբոյին, ասաց.

– Էլ կնկաս չնայես, կսպանեմ։

– Այ մարդ, շառդ քաշիր,– բարկացավ Աբոն։– Էլ բան ու գործ չունեմ, հա՞։

Կարապետ Իվանյանը հավատաց նրա անկեղծությանը, իբրև բարի մարդ՝ չցանկացավ շառ ու բան լինել նրա գլխին և մեղավորությունը նրա վրայից սրբեց։

– Մի՛ նեղացիր, հարևան ջան, հազար տարվա հարևան ենք, պապս կասեր՝ օրեր են, կմթնեն, անց կկենան։

– Ինձ բարև չտաս,– այդուամենայնիվ ասաց Աբոն,– դու էլ, քո սիրուն կնիկն էլ…

Երկրորդ անգամ ասված «սիրուն» բառը Իվանյանին դուր չեկավ, և նա շատ ուզեց Ֆլորը տգեղ լիներ ու բոլոր տղամարդկանց համար դառնար աչքի փուշ։

Աբոյի աչքերով նայեց ու նայեց ութերորդ դասարանի աշակերտուհի դստերը և անհանգստացավ.  «Շան աղջիկը մոր պես սիրուն է»։ Նայեց որդուն. «Լավ է, տղուկն ինձ է նման, արծվակտուց քիթ ունի և լոշտակ ականջներ»։

Մշտապես անտարբեր թաղի կանանց հանդեպ՝ այժմ Կարապետ Իվանյանը տղամարդու հետաքրքրասիրությամբ դիտում էր նրանց և մտահոգ համոզվում, որ Ֆլորից առավել գեղեցիկն ու գայթակղիչը չկա։ Եվ քանի որ թաղն ու հարակից փողոց-նրբանցքները նրա համար մեծ աշխարհ էին, մտածում էր, ցավոք սրտի, գոյություն չունի և ամբողջ աշխարհում։ Նա ամեն ինչ կտար, նույնիսկ չունեցած բաներ, որ Ֆլորը դառնար արև-լուսնի ներքո ամենատգեղ կինը։ Հուսահատվում էր, տեղին ու բնականորեն միտք մտմտալով, որ դա կարող է անել միայն Աստված, ինքը, բոլորն էլ գիտեն, շատ ու շատ հեռու է նրա ամենազորությունից։ Նա իրեն այնքան փոքր ու նվաստացած տեսավ Աստծո առջև ու չհաշտվելով հաշտվեց ճակատագրի հետ։

– Մեկ էլ չիմանամ Աբոյենց տան դռնովն անցնես,– բավականին կոպտորեն կնոջն ասաց Կարապետ Իվանյանը, երբ, մեկ էլ, Աբոյից մի կաթիլ հին կասկած մտավ նրա սիրտը։

– Մենք բակից դուրս գալու ուրիշ ճանապահ չունենք։

– Նրա կնիկը որ քեզ սուրճի կանչի, չգնաս, լսո՞ւմ ես, նրանց սուրճը ինձ համար թունավոր է։

– Չհասկացա…

– Ես էլ չեմ հասկանում, բայց հասկանում եմ։

– Գժվեցի՞ր…

– Մեր դռնից նրանց դռանը չնայես, մեր պատուհանից Աբոյի պատուհանին չնայես, վերջ։

– Ի՞նչ ես ուզում ինձնից,– հուզվեց Ֆլորը։

– Խալաթիդ կոճակները մինչև վերև կոճկիր։

– Շոգ է։

– Ինձ համար ցուրտ է։

Ֆլորը լաց եղավ։

Քիչ էր մնում Իվանյանն էլ լաց լիներ։ Այդ գիշեր նա շատ սեղմ փարվեց կնոջը, վախենալով, որ նա իր գրկից աղավնու պես թևին տալով կթռչի դուրս և ղու-ղու խոսելով կիջնի Աբոյենց տանիքի վրա։

Ֆլորը շարունակում էր Աբոյենց տան մոտով դուրս ու ներս անել, որովհետև, իսկապես, շուկա ու խանութներ գնալու ուրիշ ճանապարհ չկար, ընդամենը մի նեղ արահետ, որ գրեթե քսվում էր հարևանի դռանը։ Ի վերջո, Իվանյանը հաշտվեց այս ճանապարհային քարտեզի հետ՝ դա նույնպես համարելով ճակատագրի չար խաղ։ Նա չգիտեր, որ ճակատագիրը համաշխարհային երևույթ է՝ լի սուր հակասություններով, և մի օր իրեն պայծառ անակնկալ է մատուցելու։

Մի գիշեր Աբոն քնեց ու չարթնացավ, գնաց հազար տարվա մեռելների գերեզմանոցը, որտեղ ինչքան ասես գեղեցիկ կանայք կային. թող մի կուշտ վայելի,– մտածեց Կարապետ Իվանյանը,– ինձնից հեռու։

Իվանյանը ոչ միայն մասնակցեց Աբոյի թաղմանը, այլև հոգեհացին ճառ ասաց, լեզուն հո չէր բացվել, արտասանեց հայոց լեզվի լավագույն բառերը, բլբուլ էր կտրել, գովասանք արեց հանգուցյալին, եղբոր պես հարազատացավ նրան, այնքան էր ոգևորված, որ չէր կարողանում խոսքն ավարտել։ Ի վերջո, ներկաներից մեկը նրան ընդհատեց.

– Ա՛յ տղա, ձայնդ կտրիր, հո հարսանիք չի, սգի սեղան ենք, սիրուն կնոջիցդ ամաչիր։

«Սիրուն» բառի վրա Իվանյանը պապանձվեց ու տեսավ կնոջը, որն այդ պահին կարտոֆիլով խաշլամային հաջորդող գոլորշաշունչ քյուֆթան էր սեղանակիցներին մատուցում։ Նա սև շրջազգեստով էր և ավելի գեղեցիկ, քան երբևիցե։ «Դու ո՞ւմ համար ես սգավորվել,– մտքում չարացավ Իվանյանը,– մի սրան տես, քեզ մեկ էլ սիրուն չտեսնեմ»։ Նա իսկույն տեղը չբերեց իրեն կոպտորեն ընդհատած մարդուն։ Վերջապես տեսողական հիշողությունն արթնացավ՝ իրենց նախկին թաղեցին է՝ Ճանճ Թելոն։ Դպրոցում գրականության ուսուցչի գրպանից փող գողացավ, ճարպիկ ղումարբազ էր, զուգարանում փորձեց բռնաբարել մի աշակերտուհու և դպրոցից հեռացվեց, ոտքի վրա սարի ծամոն էր վաճառում, ավելի ուշ սիգարետների կրպակի տեր դարձավ, այդպես, դանդաղ թե արագ, հարստացավ ու քաղաքի կենտրոնում ռեստորան բացեց, ուրիշ սեփականություններ էլ ուներ՝ ավտոսերվիս, խաղատներ, հյուրանոց, մի խոսքով դարձավ օլիգարխ։ Շշնջում էին, թե նրա վրա փակված քրեական գործ կա՝ մարդասպանության մեղադրանքով։ Զգուշորեն նայելով նախկին Ճանճին, որն այժմ պարոն Թելման էր, Կարապետ Իվանյանը զարմանքով տեսավ նրա կատարյալ այլակերպությունը, ոնց որ իր ճանաչած Ճանճը չլիներ, սև բաճկոնի օձիքին՝ դեպուտատի կրծքանշան, դեմքը կլորացել էր, վիզը հաստացել, փորը հղիացել, կապույտ թիթեռ փողկապ էր կրում, ճարպակալ աչքերին ոսկի կամ ոսկեզօծ շրջանակով ակնոց կար, այդ ակնոցավոր աչքերով, Իվանյանը նկատեց, նա ծանր ու թեթև է անում գեղեցկուհի Ֆլորին, որը, բոլորը գիտեն, իր կինն է, ոչ թե նրա։

– Սիրելի ժողովուրդ,– ոտքի ելնելով, պարոն Թելմանը դիմեց սեղանակիցներին, որոնք չորս տղամարդիկ էին՝ Հայկոն, Դերոն, Գարոն ու Կարապետ Իվանյանը, ապա դարձավ միջանցքում նստոտած կանանց,– սիրելի կինարմատ հայ ժողովուրդ, սիրուն Ֆլոր,– իմաստալից դադար առավ՝ ասես նորովի հայտնագործելու աշխարհը,– կնանիք մեր կյանքի գինին են, կոնյակն ու օղին, ջերմուկը, Արագածի սառը ջուրը, ես ձեզ ասում եմ, տղամարդ սգվորներ, սիրեք ձեր և ուրիշների կնիկներին, միայն այդ ճանապարհով մենք կարող ենք ստեղծել դեմոկրատական հայրենիք։– Կրկին մի պահ լռեց։– Հանգուցյալ, սիրելի Աբոն գեղեցկություն գնահատել գիտեր, օրինակ՝ մեր Ֆլորին, ափսոս, մինչև վերջ չվայելեց Հայաստան աշխարհը, անժամանակ մեռավ, մենք շուտ որբացանք, բայց մենք, սիրելի ժողովուրդ, սիրելի տիկիններ ու պարոններ, որբ չենք, մենք, իմացած եղեք, համաշխարհային ազգ ենք, հա-մաշ-խար-հային։– Երկար լռություն եղավ, որի ընթացքում սեղանակիցները շարունակում էին ուտել քյուֆթան և Ֆլորի ձեռքով հենց նոր մատուցված «սիգ» ձուկը։ Լռության այդ րոպեներին ձկան փուշը մնաց Դերոյի կոկորդում, և նա հազ հազալով փուշը թքեց ափսեի մեջ։– Թանկագին հանգուցյալը ինձ թույլ է տալիս հետևյալ խնդրանքով դիմելու ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ինչպես գիտեք, մի օր տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրությունները։ Չեմ կասկածում, որ դուք ինձ նորից դեպուտատ կընտրեք, ես դեռ այնքան բիզնեսներ եմ բացելու, առանց ինձ մեր հայրենիքի զարգացումը կանգ կառնի, փոսում կհայտնվենք, փո-սում։ Եթե մտահոգ եք, ինձ երրորդ անգամ ընտրեք ռեյտինգային դեպուտատ, մինչև արյանս վերջին կաթիլը երդվում եմ ծառայել ձեզ։ Աստված մեզ օգնական։ Եթե մտահոգ եք, մենք էլի կհանդիպենք, երբ ձեզանից մեկը մեռնի։ Աբոյին նվիրում եմ հիսուն դոլար, որը հավասար է քսան հազար դրամի։ Օրը գա, բարին գա, ազնվությունը գա ու գնա, ճշմարտությունը գա, խիղճը գա՝ ձեզ էլ կտամ, սիրելի ժողովուրդ։

Պարոն Թելմանը սենյակից ելավ, միջանցքում վավաշալից ժպտաց Ֆլորին, կմշտեց այտը, որ Կարապետ Իվանյանի աչքից չվրիպեց, և արագ քայլեց դեպի փողոցում կայանված իր «Մերսեդեսը»։ Իվանյանը վազեց նրա ետևից և, երբ նա մեքենա էր նստում, նրա պարանոցից քաշեց-պոկեց թիթեռ փողկապը և հայհոյելուց ավելի թունդ սպառնաց.

– Ճանճի մեկը Ճանճ, կսպանեմ։

Իհարկե, նա պարոն Թելմանին չսպանեց, որ այս պատմվածքում անբնական կլիներ, ինչպես չէր սպանել հարևան Աբոյին։ Եվ, իզուր չեք հավատա, մտքով հաշտվեց պարոն Թելմանի հետ և, դարձյալ մտքի մեջ, ժամանակավորապես թե հավերժորեն թշնամացավ կնոջը, որ նա օրըստօրե ավելի է գեղեցկանում ու երիտասարդանում, կարծես նրա կյանքի տարիները ոչ թե առաջ, այլ ետ ու ետ են գնում՝ ծակելով ակնոցավոր թե անակնոց տղամարդկանց սրտի կեղտոտ աչքերը։

– Տնից դուրս չգաս։

– Մորս տուն էլ չգնա՞մ։

– Թող նա մեր տուն գա։

– Ընկերուհիներիս չտեսնե՞մ… Վաղը քավոր Մելսը ծնունդ է անում, շատ կնեղանա, եթե չգնանք։

– Քավորի նեղացածությունից ես չեմ նեղանում։

– Կիրակի գնալու եմ Թոխմախ գյոլ, հորս գերեզմանին։

– Արգելում եմ,– վճռականորեն ասաց Կարապետ Իվանյանը։

– Բայց ինչի՞,– զարմացավ Ֆլորը։

– Թոխմախում էլ քիչ չեն շոռաչք մեռելները, Աբոն այդտեղ է թաղված։ Որ պարոն Թելմանը մեռնի, նրան էլ Թոխմախ կտանեն։

– Պարոն Թելմանին պանթեոն են տանելու։

– Ե՞րբ,– ոգևորված հարցրեց Իվանյանը։

– Չի մեռնի,– մի անորոշ զգացողությամբ չարախնդաց Ֆլորը,– նա անմահ է։

Կարապետ Իվանյանի սրտին անմահությունից խոր ու երկար անհանգստություն իջավ։ Ֆլորին տանը փակելու նրա բոլոր ջանքերը, խնդրանքներն ու սպառնալիքները ի դերև էին լինում։ Կինն առանց իմանալու, թե ինչ կասկած է փոթորկվում ամուսնու հոգում, շարունակում էր աշխույժ կյանք վարել ու ավելի գեղեցկանալ։ Թաղում, հարևան փողոցներում, քաղաքում ծանոթ-անծանոթ տղամարդ չմնաց, որին Իվանյանը չկասկածեր իր կնոջ հանդեպ ցանկասիրության մեջ։ Բոլորին էլ սպառնալիք էր անում սպանելու, բայց չէր սպանում, վախենում էր հանկարծ սխալ սպանի։ Այդպես տարիներ ու դար կշարունակվեր, եթե մի կեսգիշերի չերևար ողբերգական մի երազ, որ տակնուվրա ցնցեց, մսաղացով աղաց նրա կյանքն ու ոսկորները։ Միայն կապույտ թիթեռ փողկապով պարոն Թելմանը, դեռևս ողջ ու առողջ, հատակի նախշուն գորգի վրա սիրում է ավելի մերկանդամ Ֆլորին, սա էլ՝ նրան, տիրանում են միմյանց և չեն հագենում։ Իվանյանը երկուսին էլ սպանեց և, արթնանալով, գիտակցեց, որ չի սպանել։

Կրկին դար անցավ, որ հավասար էր թվաբանական հարյուր տարվա, իսկ փիլիսոփայական կտրվածքով՝ անսկիզբ-անվերջանալի հավերժության։ Կարապետ Իվանյանը կնոջը բանալիով կողպեց ննջարանում և պատուհանին թանձր վարագույր քաշեց, որ դրսի աչք չմտնի, միայն իրեն թույլատրեց այնտեղ լինել, այն էլ ոչ թե Ֆլորին սիրելու համար, թեև շատ էր սիրում, այլ համոզվելու, որ նրա մոտ ոչ Աբոն կա, ոչ որևէ մեկն անխիղճ աշխարհից։

Ինչպես պատահեց, մի օր Ֆլորն անճաղ պատուհանից դուրս փախավ և վազեց դատարան՝ ամուսնուց բաժանվելու։ Դահլիճում շատ մարդ կար, գրեթե ամբողջ թաղն էր ներկա։ Ֆլորը պատմեց իր կյանքը և լաց եղավ։ Բավականին տարեց դատավորն այդ լացից հուզվեց և դիմեց մեղադրյալի աթոռին վշտից կուչ եկած Կարապետ Իվանյանին.

– Անխիղճ մարդ, այս ինչ օրն ես հասցրել սիրուն կնոջդ։

«Սիրուն» բառի վրա Իվանյանը հուսահատ նայեց այս ու այն կողմ և դահլիճի վերջնամասում տեսավ մի մարդու, որը շատ նման էր հանգուցյալ Աբոյին, բայց կրում էր պարոն Թելմանի ոսկեզօծ ակնոցն ու կապույտ թիթեռ փողկապը։ Մի պահ ավելի ուշադիր դիտելով, եզրակացրեց՝ չէ, Աբոն չի, պարոն Թելմանն է՝ նախկին Ճանճը։ Հետո այդ ծանոթ-անծանոթ մարդը նրա աչքին մեկ Աբո էր երևում, մեկ էլ՝ Թելման։ Այս փոխակերպությունից Իվանյանի աչքերը մթնեցին, և նա զգաց, թե Ֆլորը որքան գեղեցիկ է ու մեղավոր։

Դատավորը նրանց մի քանի խաչաձև հարցեր տվեց՝ ով ում է սիրում, ով ում է դավաճանում, ինչու է սիրում, ինչու է դավաճանում, հանո՞ւն, թե՞ ընդդեմ, և այդ ընթացքում սիրահարվեց Ֆլորին, սիրտը բաղձաց՝ երանի նա իմ կինը լիներ։ Այդ սիրառատ ցանկությամբ էլ նա կայացրեց համապատասխան դատավճիռ և բարձրաձայնեց ի լուր աշխարհի։

– Իվանյան Կարապետ, անպետք մարդ, ննջարանում բանտարկելով կնոջդ՝ դու կոպտորեն ոտնահարել ես կանանց ազատության ու իրավունքների պաշտպանության միջազգային հռչակագիրը։ Դատարանս ձեզ բաժանում է։ Այս րոպեից դու սիրուն Ֆլորի ամուսինը չես։

– Ես սիրում եմ նրան,–  ճչաց Ֆլորը և հեկեկալով գրկեց ամուսնուն։– Թող հազար տարի բանտարկված լինեմ, ինձ անտեր մի թող։

– Դատավճիռս ենթակա չէ բեկանման,– հայտարարեց դատավորը, իր կնոջից թաքուն, մտքով ամուսնացավ Ֆլորի հետ և կյանքում առաջին անգամ զգաց երջանկության բույրն ու քաղցրությունը։

Ննջարանի բանալին առգրավվեց ու մտավ գործի մեջ՝ իբրև հանցագործության իրեղեն ապացույց։ Իվանյանը նայեց դատավորին, որը նման էր Աբոյին և պարոն Թելմանին միաժամանակ, և իրեն հազիվ լսելի շշնջաց՝ «կսպանեմ»։

Կարապետ Իվանյանը խոնարհ ու օրինապահ մարդ էր, դատավարությունից անմիջապես հետո խարխուլ ավտոբուս նստեց և, անվերջ ետ նայելով, գնաց ու գնաց իր հեռավոր գյուղը, որտեղից քաղաք էր եկել շատ տարիներ առաջ՝ աշխատանք անելու, և այլևս տուն չվերադարձավ։

Վարդիշաղը միայնակ կին էր, ապրում էր Կարապետ Իվանյանի հորենական խրճիթի հարևանությամբ, գրեթե ճարպագունդ և շատ տգեղ։ Երբ երեկոյան կովերի նախիրը կանաչ սարերից բառաչյունով, կաթից ծանրացած կուրծերը տարուբերելով, դանդաղ իջնում էր գյուղամեջ և ամեն մեկը գնում իր բակը, Վարդիշաղը դույլով նստում էր իր Ծիրան կովի տակ և հաստլիկ մատների ճարտար շարժումներով կթում նրան։ Վարդիշաղի կրծքերն էլ էին կովական, կարծես նա հենց նոր, նախրի հետ կուշտ ու կուռ կերել էր սարի հյութեղ խոտը։

Կարապետ Իվանյանին շուտով գրավիչ եղավ Վարդիշաղի ոչ թե չաղությունը, այլ անօրինակ տգեղությունը, հազիվ թե որևէ տղամարդ հետաքրքրվեր նրանով։ Նրանք ամուսնացան։ Ոչ անմիջապես պարզվեց, որ Վարդիշաղը կույս է, գումարած՝ չբեր, որ ուրախացրեց Իվանյանին։ Սակայն նրան առավել ուրախություն և հոգու խաղաղություն էր այն համոզմունքը, թե ոչ հանգուցյալ Աբոն, ոչ ապագա հանգուցյալ պարոն Թելմանը, աշխարհում ոչ ոք չի ցանկանա աչք տնկել երկրորդ կնոջը։

Այդուամենայնիվ, Կարապետ Իվանյանը մինչև օրս էլ ոչ թե երջանիկ է, այլ դժբախտից էլ դժբախտ, որովհետև ամեն րոպե նայում է ետ, մեծ քաղաքում տեսնում Ֆլորին և կարոտում ու կարոտում նրան։

Իսկ Ֆլորը ննջարանից գրեթե դուրս չի գալիս, քանզի այդպես էր կամեցել ամուսինը։

Լուսանկարի աղբյուրը՝avproduction.am

No Comments

Leave a Reply