Նորայր Ադալյանի «Շրջանակից դուրս» ժողովածուն (Երևան, «Վան Արյան» հրատ․, 2024) բազմաժանր գործերի ընտրանի է՝ պատմվածք, թատերգություն, հրապարակագրություն․ այն ամենը, ինչ նա թղթին է հանձնել 2020-2023՝ մեր ազգի համար բախտորոշ թվականների ընթացքում։
Թեև ժանրերի բազմազանությունը ենթադրում է որոշակի սահմանգծերի առկայություն այս երկերում, սակայն գրողի, գրականագետի, փիլիսոփայի ընդգրկուն միտքն ու հայացքը փոխլրացնում են իրար բոլոր գործերում։ Դժվար է հստակորեն սահանազատել գեղարվեստական արձակ, թատերական պատկեր, ժամանակի հասարակական-քաղաքական դիմագիծ ներկայացնող հեղինակի գիրը և որոշակիորեն տեղորոշել նրա իմաստուն ասելիքն այս կամ այն տարածությունում՝ առանձին վերցրած։
«Ինձ վախեցրել են բոլոր հեղափոխությունները, հատկապես՝ Հոկտեմբերյան, որն աշխարհը ետ տարավ դեպի խավար կյանքը, իսկ հետագայում ցանեց չարիքի փշոտ ծաղիկներ՝ մարդատյացություն, միլիոնավոր մահեր, սով, անհավատություն, օրենքներ առանց օրենքի, երջանկության խաբկանք, ատելություն, սերը, բարին, իմաստությունը փոխարինվեցին Կալաշնիկովով, կաշառակերություն ու թալան, ես չասեմ, դուք խոսեք, սուտը հագավ ճշմարտության հինգաստղանի ուսադիրներ, ճշմարտությունը հռչակվեց սուտ և կանգնեց գնդակահարության պատի տակ, կեղծիքի հաղթարշավ, ամեն ազնիվ բառ վտարվեց բառարաններից, այո, ճիշտ եք ասում՝ երկիրը դարձավ համակենտրոնացման ճամբար եկաթե վարագույրով» (էջ 44): Մտածում եք՝ սա գրքի հրապարակախոսական հոդվածներից արված մեջբերո՞ւմ է։ Բոլորովին՝ ոչ։ Սա «Վախը» պատմվածքից է, գեղարվեստական արձակ երկից։
Մերօրյա հայ մարդու, և ինչո՞ւ միայն՝ հայ, հոգեվիճակի կարճառոտ բանաձևումին ենք հանդիպում «Մենուայի դիմանկարը շրջանակից դուրս» ծավալուն պատմվածքում․ «Սիմոնի մտքով անցավ՝ խելագար է նա, ով խելագար չէ» (էջ102): Առհասարակ, բոլոր պատմվածքներն են ծավալուն և իրենց նյութով կարող են մի ամբողջ վեպ ու վիպակ կառուցել։ Ի դեպ, հենց պատմվածքներն ինքնին ներհյուսված են միմյանց, երբեմն՝ նաև հերոսների առումով։ Նորայր Ադալյանը հաճախ նախատիպերը զետեղում է իր գրում իրենց իսկ անուններով, հասցեներով, անգամ՝ հեռախոսահամարով։ Նաև ինքն իր կերպարի հեղինակն է դառնում՝ բացասելով որևէ պայմանական շփոթ ու տողատակային գաղտնագրություն։ Նույն անպայմանականությունն է նաև ձոն-ընծայումների պարագայում․ «Տորնադո» պատմվածքը նվիրել է Վան Արյանին, «Ապահարզան հայկական ձևով» ոչ դրամատուրգիական ձևով, բայց թատրոնին հատուկ բովանդակությամբ գործը նվեր է թատրոնն ու գրականությունն իր կյանքում ու ստեղծագործության մեջ անքակտելիորեն ագուցած Կարինե Խոդիկյանին։ Իսկ մեզ բոլորիս նվիրել է իր տարիների իմաստնության, գրողի անսպառ երևակայության, գրական մուսայի հետ չխզվող մեծ բարեկամության սերմնահատիկներից ծլարծակած հունդերը, որոնք, ինչպես միշտ, հեղինակի տաղանդի, վարպետության, երիտասարդական ավյունի, կենսասիրության, արգելապատնեշներ չճանաչող երևակայության ու խոհի հայտնագործություններն են երևան հանում։
«Քանի որ «Ներողությունը» չկար, ոչ մեկի մտքով ու սրտով չէր անցնում գործած մեղքերի համար ապաշխարել, ամենուրեք՝ հյուսիս թե հարավ, արևելք թե արևմտյան հորիզոնականներում բացվեցին առանց երթևեկության կանոնների ու նշանների լայնահուն ճանապարհներ՝ նախանձի ու ատելության, թալանի, կաշառակերության, դավաճանության ու պոռնկության, ապստամբ գողերի, տմարդի դատավորների, բարոյազուրկ կրոնավորների, տգետ ուսուցիչների, սուտ ու կեղծավոր քաղաքագետների առջև։ Նոր հասարակարգ եղավ, որ դեռ ակադեմիական անուն չուներ:» (էջ 106),- կարդում ենք «Ներողություն» հեքիաթ-պատմվածքում։
Ի դեպ, որպեսզի մենք չհանդգնենք մեղադրել հեղինակին հեքիաթասացության ու հողից կտրվածության մեջ, նա հաճախ է մեզ բառացի հիշեցնում, որ իրեն խորթ չեն հեքիաթն ու ռոմանտիզմը։ Գրում է․ «Սխալ է, թե հույսը վերջինն է մեռնում։ Հույսը չի մեռնում երբեք, մնալով հավերժական մի հոգեվիճակ։ Սակայն որպեսզի չմեռնի, մենք այսօր բանիվ ու մտոք պետք է ազգովին համախմբվենք, բռունցք դառնանք և սիրենք իրար։ Սերը կփրկի Արմենիան ու արմեններիս» (էջ 248): Հիմա փորձեք ինձ համոզել, որ սա հեքիաթ չէ։ Եվ փորձեք համոզել, թե հեքիաթ է։ Կկարողանա՞ք արդյոք։
Անշուշտ, Նորայր Ադալյանի նպատակը մեզ հեքիաթով կերակրելը չէ։ Նա իր խոսքում ներմուծում է դառնության հատիկը, որ ինչպես ժողովուրդը կասեր՝ մի փութ մեղրով էլ կուլ չի գնում։ Ահա օրինակ․ «Ծովից ծով Հայաստանից մնացել է մի բուռ հայրենիք, ինչպես ասաց բանաստեղծը՝ այնքան փոքր, որ տեղավորվել է սրտի մեջ։ Ինչո՞ւ այսպես եղավ» (էջ 191)։ Հարց, որի պատասխանը միանշանակ չէ։
Այս ժողովածուում համատեղվում է անհամատեղելին։ Ամոթի, վախի, ներողության, ազատամտության, ատելության, անտարբերության, փողի, շուկայի, բարոյականության, բարեկամության, թշնամանքի, արվեստի և այլնի շուրջ ծավալվող դատողություններում մենք հանդիպում ենք, թվում է, միմյանց հետ ժամանակի ու տարածության մեջ չառնչվող դեմքերի․ Րաֆֆի, Աբովյան, Թումանյան, Դեմիրճյան, Չարենց, Թոթովենց, Անդրանիկ, Սևակ, Հովհաննես Գրիգորյան, Շեքսպիր, Ստենդալ, Հյուգո․․․ Նրանք շոշափելի որևէ թելով կապված չեն միմյանց, բայց Ն․ Ադալյանը շատ սահում կառուցում է չենթադրվող թելանցումն այս մեծերի ու նրանց ապրած ժամանակների միջև։
Մեկ համատոռ պարբերության մեջ նա համատեղում է Թումանյանին, Թոթովենցին, իրենց աշխարհատեր ու ընտրյալ կարծող ամերիկացիներին և կարճ-կոնկրետ ձևակերպում մի անհուն, անընդգրկելի, անառարկելի ճշմարտություն․ «Թոթովենցի հուշերում մի ամերիկացու այն հարցին, թե ինչ տարբերություն կա հայերի և ամերիկացիների միջև, Հովհաննես Թումանյանը պատասխանում է․ «Ամերիկացիները ծնվում են, ապրում են և մեռնում, իսկ հայերը ծնվում են, ապրում և սպանվում» (էջ 205)։
Ինչպես հասկանում ենք, Նորայր Ադալյանի հայացքը բազմափեղկ է, 3D, կամ գուցե ավելին։ Եվ բազում հանգուցաթելերով նա կապակցում է այդ հայացքի նկատումները։ Նա համլետյան դիլեմայի սևեռուն հետապնդումների մեջ է․ «Լինե՞լ, թե՞ չլինել»։ Պատասխանի որոնումները հեղինակին, ոչ անսպասելիորեն, մերձեցնում են իրենից առաջ այս երկսայրաբանության միջակայքում տատանված մեր դասականին՝ Դերենիկ Դեմիրճյանին։ «Շրջանակից դուրս»-ում կարդում ենք․ «Մեր մեծագույն հայագետներից մեկը՝ Դերենիկ Դեմիրճյանն է գրել․ «Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է և անիշխանական թե՛ հասարկության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար»։ Եթե նույնիսկ համաձայն չենք այսքան գերխիտ «բժշկական» ախտորոշման հետ, ջանանք մեր կյանքը, բնավորությունը, կենցաղը, գիտակցությունը բուժել այս և այլ հիվանդություններից» (էջ 201)։
Հայտնի է, որ ցանկացած հիվանդության հաղթահարումն սկսվում է ճիշտ, գրագետ ախտորոշումից։ Թերևս, հերթական անգամ սկիզբը դրված է։ Չզլանանք հոգ տանել շարունակության մասին։
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարն արվել է Դերենիկ Դեմիրճանի տուն-թանգարանում, Նորայր Ադալյանի «Շրջանակից դուրս» ժողովածուի շնորհանդեսի ժամանակ, 01.08.2025 թ.

