ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Նշան Աբասյան․ Խոսքային վթարներ

14.04.2025

Խոսքային վթարները լեզվական սխալների տեսակ են, որոնք հոգեբանական, ենթագիտակցական պատճառ ունեն։ Ահա այդպիսի մի քանի սխալ.

Ժողովուրդը եկան։

Նրանց մի մասը գրում էին։

Ապացուցել դրա մասին։

Այսպես՝ առաջին նախադասության մեջ ժողովուրդ բառի՝ հավաքական գոյական լինելու հանգամանքը հանգեցրել է ստորոգյալի հոգնակի թվին, մինչդեռ քերականորեն ճիշտ տարբերակն է «Ժողովուրդը եկավ», քանի որ ենթական եզակի թվով է։ Երկրորդ օրինակում նրանց բառը ոչ թե նախադասության ենթական է, այլ հատկացուցիչ, իսկ ենթական մասը բառն է, ուստի ստորոգյալը ևս պետք է լինի եզակի թվով․ մասը եկավ, ոչ թե նրանք եկան։

Տրված երրորդ նախադասության մեջ ապացուցել բայը, իմաստով մոտ լինելով վկայել բառին, ստացել է մասին կապով ձևավորված լրացում: Քանի որ ասում ենք «վկայել այսինչի մասին», այդ նմանությամբ էլ ենթագիտակցաբար ասում են նաև «ապացուցել դրա մասին», այնինչ պետք է լիներ «ապացուցել դա», «ապացուցել այսինչ բանը», որովհետև հիշյալ բայն արդեն պահանջում է ուղիղ խնդիր, ոչ թե վերաբերության անուղղակի խնդիր. ի՞նչ ապացուցել, ոչ թե՝ ինչի՞ մասին ապացուցել։

Երբեմն էլ նախադասության բառերը խոսողի շտապողականության պատճառով են «վթարի» ենթարկվում, օրինակ՝ համեմատվող և համեմատալի երևույթներն են սխալ տրվում․ «Լոռիում ծառերի տեսակները տարբեր են Սյունիքից»․ իրականում ծառերի տեսակները ոչ թե Սյունիքից են տարբեր, այլ Սյունիքում աճող տեսակներից:

Խոսքային վթարների շարքից է նաև միմյանց «ներառող» հասկացությունների համատեղ գործածությունը, օրինակ՝ «Գրականությունը և արվեստը շատ կարևոր են մարդու կյանքում». գրականությունն էլ արվեստի տեսակ է, իսկ եթե անհրաժեշտություն կա այն առանձին ընդգծելու, ապա նախադասությունը կարելի է կազմել այսպես․ «Արվեստը, օրինակ (մասնավորապես) գրականությունը, շատ կարևոր է մարդու կյանքում»։ (Թեպետ Էդ. Ջրբաշյանն այս տարանջատման իր բացատրությունն ունի. նրա մեկնաբանությամբ՝ գրականության դերը այնքան յուրահատուկ է դարձել մարդկանց համար, որ այն սկսել է մշտապես առանձնացվել արվեստի բոլոր մյուս տեսակներից)։

Հակառակ օրինակը` «Ես սիրում եմ մսեղեն, կաթնամթերք և այլ բուսական կերակուրներ»: Այսպես ստացվում է, թե մսեղենն ու կաթնամթերքը նույնպես բուսական կերակուր են, ուստի պետք էր ասել․«Ես սիրում եմ և՛ մսեղեն, և՛ կաթնամթերք, և՛ բուսական կերակուրներ»: