Ardi.am- ի զրուցակիցը Նվարդ Հայթայանն է։ Նկարում է, լուսանկարում, մասնակցում խմբակային ցուցահանդեսների։ Փորձում է իրականությունը մոտեցնել արվեստին, արվեստը՝ իրականությանը։ Նրա կտավներում գույների ու գծերի խաղը վերացական է այնքան, որքան որ իրական է։ Գուցե ապրումն է, վերհուշը, ուրվագիծը ինչ-որ բանի, որ անցել է կամ կա, ապրում է կամ ապրել է, անցել է գուցե, բայց արդեն եղել է… հավերժ է։ Նկարները դիտելուց ու մտովի երկխոսելուց հետո հարցերս ուղղեցի դրանց հեղինակին։
-Օրը ինչպե՞ս ես սկսում՝ սրճելո՞վ, նկարելո՞վ…
-Օրս սկսում եմ առաջին հերթին լիմոնաջուր խմելով։ Դրանից հետո արդեն մատիտը ձեռքս եմ վերցնում ու սկսում նկարել։ Բայց հիմնականում նկարելը շրջափուլերով է ընթանում. կարող եմ մի քանի ամիս չնկարել, հետո նկարել ամեն օր, երկար ու ձիգ…
—Երկար ու ձիգ մի ՞գործը…
-Չէ, ես հազվադեպ եմ մի նկարի վրա երկար աշխատում, հիմնականում ասես ակտ լինի. նկարվեց- վերջացավ, նկարվեց-վերջացավ…
-Մինչև կտավին հանձնելը, գլխումդ արդեն կա՞ պատկերը։ Գիտե՞ս՝ ինչ ես նկարում։
-Չէ, երբեք չգիտեմ՝ ինչ եմ նկարում, մատիտը դիպչում է թղթին ու… գործը սկսում է ծնվել։
-Նաև չգիտե՞ս՝ ինչպես ես նկարում։
-…Երբեմն, նկարելուց հետո, երբ նայում եմ, մտածում եմ, որ դա ես չէի։
-Ինչպե՞ս և որտե՞ղ ես «սովորել» նկարել. տեխնիկական նրբություններ և այլն։
-Մանկությունից աչքս բացել՝ արվեստ եմ տեսել։ Մեծացել եմ արվեստանոցներում, մեր տունը ապրել է արվեստով, եղբորս եմ շատ տեսել նկարելիս։ Եվ ինձ է շատ նկարել։ Ոնց որ թե արյանս մեջ է արվեստը։ Սովորել եմ Արկադի Պետրոսյանի արվեստանոցում, շատ փոքր տարիքում՝ Էդվարդ Խարազյանի արվեստանոցում։ Ավարտել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։

-Կարողանո՞ւմ ես աշխատանքդ կողքից նայել- գնահատել։
-Ես հստակ գիտեմ՝ գործը հաջողված է, թե ոչ։
-Խմբակային ցուցահանդեսների մասնակցել ես։ Իսկ ե՞րբ ես ներկայանալու անհատական ցուցահանդեսով։
-Մեծ պատասխանատվություն է առաջին անհատական ցուցահանդեսը։ Կարծում եմ՝ մինչև հիմա ավելի շատ հոգեբանորեն եմ անպատրաստ եղել։ Այժմ ավելի շատ զգում եմ, որ պատրաստ եմ։

-Արվեստանոցից նկարը միշտ չէ, որ դուրս է գալիս, միշտ չէ, որ ցուցահանդեսներ են լինում։ Երկխոսությունը ինչպե՞ս է կայանում:
-Առաջին հերթին ինձ համար եմ նկարել միշտ: Իհարկե, նկարիչը նկարում է, ու պիտի ցուցադրվի նրա աշխատանքը, բայց նկարն իմ հոգու ճիչն է, առաջին հերթին ինձ ապրեցնում է, ես անընդհատ ուզում եմ դրան նայել։ Նկարը էներգետիկա է, մեր տանը միշտ շատ նկարներ են եղել, ու ես վստահաբար կասեմ, որ ամեն նկարից բխում է նկարչի հոգեվիճակը, մտքերը, ու դա ազդում է քեզ վրա, մանավանդ երբ նուրբ, զգայական մարդ ես։
Շատ ընկերներ ունեմ, որ իրապես լավ աչք ունեն, անգամ նկարիչ չեն, և սիրում եմ, երբ նրանք քննադատում են ինձ՝ և՛ դրական, և՛ բացասական առումով, բայց որ ասեմ՝ սպասում եմ հանդիսատեսի կարծիքին, այդպես չէ։ Կար մի շրջան, որ գրեթե ամեն օր սոցցանցում նկար էի տեղադրում, ու մարդիկ տեսնում էին, ասում ՝ սպասում ենք նկարներիդ, եղել է, որ ասել են՝ ուզում ենք լուսաբացը քեզնով սկսվի, ու հասկանում ես, որ էական մի բան ես փոխում մարդու օրվա մեջ, ինքը նայում է, հաղորդակցվում քո ստեղծածի հետ, ու դու չգիտես դրա մասին։
Այսինքն՝ և՛ ուզում եմ ցուցադրել նկարներս, և՛, մեծ հաշվով, չունեմ դրա պահանջը։
-Նկարդներդ վաճառո՞ւմ ես։
-Շատ դժվար եմ վաճառում։ Երբ առաջարկ է լինում գնելու, առաջինը բանը, որ մտածում եմ, այն է, որ հաջորդ օրը առավոտյան իմ տանը կախված չի լինելու այդ նկարը, որ այլևս չեմ տեսնելու այն։ Կարծես երեխայիս վաճառեմ, նվիրեմ, թեև հիվանդագին զգացում է։ Գործեր կան, որ երբե՛ք չեմ վաճառի։

-Անավարտ գործ ունե՞ս։ Կամ գործ, որին երկար անդրադառնում ես։
-Ոչ, հիմնականում թուղթը դրվեց՝ գործը կամ հաջողվում է կամ չի հաջողվում։
-«Անուշ հայրենիք» շարք ունես։ Ինչպիսի՞ն է քո՛ հայրենիքը։
-44 -օրյա պատերազմից հետո ինձ համար հայրենիքը ավելի խոր հասկացություն դարձավ, ամբողջ այդ շրջանում ամեն օր նկարել եմ, աղոթքի պես եմ նկարել։ Մի գուցե մի օր ցուցադրեմ։ Հոգեվիճակս, մտածելակերպս ամբողջությամբ փոխվեց այդ օրերին։ Կա Նվարդ՝ 44-օրյայից առաջ, ու Նվարդ՝ 44-օրյայից հետո։

-Նկարչությո՞ւնդ էլ փոխվեց։
-Այո, ամեն ինչ փոխվեց ու անվերադարձ փոխվեց։
-Արվեստը փրկո՞ւմ է…
-Արվեստը առաջին հերթին փրկում է իրեն՝ արվեստագետին, երկրորդ հերթին՝ նրանց, ովքեր չեն կարող ապրել առանց արվեստի։ Օրինակ՝ ես չեմ կարողանում լինել այնպիսի տներում, որտեղ չկա արվեստի որևէ գործ՝ նկար, քանդակ… Ինձ ոչինչ չեն ասում շքեղ բնակարանը, թանկարժեք կահույքը. տունը պետք է պատմություն ունենա։ Մենք էլ ամեն մեկս արվեստի գործ ենք և ունենք պատմություն։
Հիմնականում արվեստագետները նուրբ հոգի ունեն ու մեր աշխարհում չխելագարվելու համար պետք է արարեն։
-Ասում են՝ նկարը նույնությամբ հնարավոր չէ կրկնել…
-Եթե Ռեմբրանդտին պատճենում ես, ուրեմն կարող ես քո նկարն էլ պատճենել։ Նկարիչներ կան, որ, այո, նույն նկարը կարող են գրեթե նույնութամբ նկարել։ Ես երբեք չեմ կարողացել նույն գործը «վերստեղծել» ու չեմ կարողանա։ Անգամ եթե քաղաքից դուրս եմ գնում, չեմ նստում նկարում տեսածս, այդ ամենը գլխումս է։ Օրինակ՝ Սևանի Շորժայի հատվածը մանկուց տեսել եմ, և նկարներիցս շատերը ասես այդ վայրերի արտացոլանքը լինեն, որովհետև այդ պատկերները խորը մխրճված են իմ մեջ, այդ սարերը անընդհատ իմ ներսում են։
-Ի՞նչ կմաղթեիր աշխարհին։
-Խաղաղություն։ Կուզեի մարդկանց հոգիները լցվեին սիրով։
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
Գլխավոր լուսանկարի հեղինակ՝ Լարիսա Կատասանովա