Թատրոն Կարինե Ռաֆայելյան ՄարզաԴիտակ

Հրազդանի թատրոնը մայրաքաղաքում

22.04.2025

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ Հրազդանի դրամատիկական թատրոնի «Ծառերը կանգնած են մահանում» տրագիկոմեդիայի հյուրախաղային ներկայացումը։ Այս թատերգությունը Հայաստանում ամենահաճախ բեմադրված գործերից է:

Թատերգության իսպանացի հեղինակը՝ Ալեխանդրո Կասոնան ստեղծել է մի գործ, որը հասկանալի, հոգեհարազատ է ցանկացած ազգության հանդիսատեսի համար, մի բան, որ ևս մեկ անգամ ապացուցվեց Պարոնյան թատրոնի դահլիճում հավաքված հանդիսատեսի օրինակով։

Թատերգության մեջ արծարծվող թեման արդիական է բոլոր ժամանակներում։ Ուստի, այս գործի ընտրությամբ թատերախումբը, ինչպես ընդունված է ասել, խփել է ճիշտ նշանակետին։

Մինիմալիստական բեմանկարչական լուծումներով, զուսպ, ճաշակով ներհարդարանքով, հուզական, ներդաշնակ երաժշտական ձևավորումով Հրազդանի թատրոնի ներկայացումը կարողանում էր իր վրա սևեռել հանդիսատեսի ուշադրությունը յուրաքանչյուր տեսարանի, բեմական յուրաքանչյուր դետալի խաղարկման պարագայում։

Տեսարան ներկայացումից

Ներկայացումն ունի հետևյալ ստեղծագործական կազմը․ բեմադրիչ և պապիկի դերակատար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյան, նկարիչ՝ Մարիամ Մուրադյան, երաժշտական ձևավորող՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյան, դերերում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյան, Վարդան Կուղյանոսյան, Աշոտ Հակոբյան, Նարինե Սարգսյան, Հասմիկ Վերդյան, Լևոն Մամիկոնյան, Սմբատ Ստեփանյան, Սիրանուշ Եսայան, Թագուհի Մկրտչյան, Անահիտ Կարապետյան, Անի Բարբարյան։ 

Սամվել Բաղինյանի հետ զրույցից տեղեկանում ենք «Ծառերը կանգնած են մահանում» թատերգության նախապատմության մասին հայկական բեմերում․ «Հայկական բեմում՝ Սունդուկյան թատրոնում, տատիկի դերի առաջին կատարողը եղել է Օլգա Գուլազյանը։ Տատիկի դերում հետագայում հանդես են եկել հայ բեմի բազմաթիվ երախտավորներ․ Էմմա Ստեփանյանը՝ Թիֆլիսի հայկական թատրոնում, Մագդա Գյուրջյանը՝ Արտաշատի թատրոնում, Լենա Փաշինյանը՝ Վանաձորի թատրոնում, Մարգո Բալասանյանը՝ Ստեփանակերտի թատրոնում, Նինել Դալլաքյանը՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում»։

Հրազդանի թատրոնի բեմադրությանը նախորդել է Գյումրիի թատրոնում լուսահոգի Ռաֆայել Գրիգորյանի բեմադրած  «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի բեմադրությունը։ Այնտեղ տատիկին մարմնավորել է Վարդուհի Վարդերեսյանը։

Ժամանակագրական առումով, փաստորեն,  «ամենաերիտասարդ»  բեմադրությունն առայժմ Հրազդանի դրամատիկական թատրոնինն է։ Ս․ Բաղինյանը պարզաբանում է, որ այն բեմադրվել է Հրազդանում, որովհետև այնտեղ կար դրա հնարավորությունը․ «Ամեն թատրոն ունի իր ծրագրերը, իր պայմանները։ Իհարկե, ցանկալի էր, որ այս բեմադրությունը լիներ Սունդուկյանի թատրոնում, բայց փաստորեն Հրազդանի թատրոնում էր առկա այդ հնարավորությունը։ Հրազդանի թատրոնը վերջին շրջանում ապրում է ստեղծագործական վերելք։ Դա մեծապես պայմանավորված է գործունյա տնօրեն Վահագն Մարգարյանի ջանքերով։ Թատրոնում գոհ են Հրազդանի քաղաքային իշխանություններից, որոնք մեծ հոգատարությամբ և ուշադրությամբ են վերաբերվում թատրոնին։ Իսկ թատերախումբն էլ իր հերթին ձգտել է անելու այնպիսի ներկայացում, որը կարելի լիներ բեմ հանել նաև մայրաքաղաքում։ Ցավոք, ստեղծագործական կազմը թատրոնում առայժմ համալրված չէ տարբեր տարիքի դերասաններով։ Ներկայացման մեջ զբաղված են ինչպես թատրոնի բոլոր դերասանները, այնպես էլ հրավիրյալ դերասաններ Սունդուկյան  և Պարոնյան թատրոններից»։

Տեխնիկական առումով բավական դժվար է եղել աշխատել տարբեր թատրոնների դերասանների հետ։ Փորձերը անցկացվել են և՛ Երևանում, և՛ Հրազդանում։

Բեմադրիչի բարդ առաքելությունը չի խանգարել Սամվել Բաղինյանին նաև բարեհաջող իրականացնելու գլխավոր հերոսներից մեկի՝ պապիկի կերպարի մարմնավորումը ներկայացման մեջ։ Ս․ Բաղինյանը նշում է, որ բեմադրության ընթացքում իրեն օգնել են Վ․ Կուղյանոսյանը և Ա․ Հակոբյանը։

Տեսարան ներկայացումից  

Իհարկե, այս թատերգության գլխավոր շարժիչ ուժը տատիկն է, որի շուրջ ծավալվում են բոլոր գործողությունները, եթե անգամ նա ֆիզիկապես ներկա չէ բեմում։

Այս դերի վարպետ կատարումով հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը, որի համար երազանք է եղել խաղալ տատիկի դերը։ Այս կերպարը երկակի բնութագրով է ներկայանում Կասոնայի գործում․ սկզբում նա թույլ, պաշտպանության, հոգածության կարիք ունեցող մի տատիկ է, բայց գործողությունների զարգացմանը զուգահեռ և հատկապես կուլմինացիայում հենց նա է դառնում իրադրությունն իր ձեռքը վերցնող, ուժեղ, կամային որակներով տարիների խճճված հանգույցը քանդող կերպարը։ Այս հատկանիշները մեկ կերպարի մեջ համադրելը, անշուշտ, բարդ գործ է, և այն լավագույնս կարողացել է իրականացնել Ջուլիետա Ստեփանյանը։ Նա պատմում է․ «Ամեն բան հաջողվում է աշխատանքի շնորհիվ։ Գիտեք, որ երիտասարդ տարիքում նույն պիեսում Իզաբելլա-Մարթա եմ խաղացել և երազում էի հասնել տատիկի դերը խաղալուն։ Տատիկը իմաստուն, շատ խելացի կին է, և ես սկսել եմ երևակայել, որ բնավորության գծերով այս կերպարը ինչ-որ չափով նման է ինձ։ Խաղընկերներս էլ շատ լավ են աշխատել, կարողացել են ճիշտ մարմնավորել կերպարները և իրենց պահվածքով, վերաբերմունքով օգնել ինձ ամեն առումով»։

Պարոնյան թատրոնի հանդիսատեսը պարզապես բուռն ծափերով դիմավորեց վաստակաշատ, սիրված դերասանուհուն բեմում հայտնվելու հենց առաջին ակնթարթից: Էլ չենք խոսում ներկայացման ավարտից հետո հոտնկայս ծափերի և ծաղկեփնջերի մասին:

Բեմադրության մեջ տպավորիչ էին Վարդան Կուդյանոսյանի Մաուրիսիոն, Հասմիկ Վերդյանի Մարթա-Իզաբելլան, Սմբատ Սարգսյանի տնօրենը, Սիրանուշ Եսայանի դայակը։ Բեմադրությանն իրենց ուրույն գույներն էին բերում Թագուհի Մկրտչյանի Ֆելիսյան և Անահիտ Կարապետյանի Ելենան։ Փաստորեն, ստացվել էր հետաքրքիր անսամբլային ներկայացում։    

«Անառակ թոռան վերադարձը» ենթավերնագիրը կրող «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացումը երևանյան հանդիսատեսի համար հասանելի կլինի նաև այսուհետ․ այն պարբերաբար խաղալու են մայրաքաղաքի բեմերում։ Կլինեն նաև հյուրախաղեր Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Կապանում, այլուր։ Անկասկած, «Ծառերը կանգնած են մահանում» հանրահայտ թատերգության՝ Հրազդանի դրամատիկական թատրոնի մեկնաբանությունը կգտնի իր ջերմ հանդիսատեսին նաև այդ քաղաքներում։

Կարինե Ռաֆայելյան