«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագիծը մեկնարկելու է նոյեմբերի 1-ին, Կինոյի տանը՝ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի առաջնախաղով։
Մինչև նոյեմբերի 8-ը Կինոյի տանը նախատեսվում են նաև Ջիվան Ավետիսյանի՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված «Դրախտի դարպասը», Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա», պատերազմական թեմայով՝ Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու» և Հակոբ Մելքոնյանի «Բլոկադա» ֆիլմերի համահայկական առաջնախաղերը:
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կցուցադրվի նաև նոյեմբերի 6-ին։
Ցուցադրությունները լինելու են բացառապես տոմսերով և գոյացած ողջ հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին:
Ելնելով համավարակային իրավիճակից և դրանով պայմանավորված անվտանգության կանոնների պահպանումից, դահլիճում տեղերը լինելու են սահմանափակ: Յուրաքանչյուր ցուցադրման համար վաճառվելու է ընդամենը 150 տոմս:
Նախագծի գործընկերներ IDBank-ն ու Idram-ը եռակողմ հուշագիր են կնքել «Ոսկե ծիրան»-ի հետ, որի արդյունքում երկու կառույցները հիմնադրամին կփոխանցեն նույնքան գումար՝ այդպիսով կրկնապատկելով նվիրատվությունը։
Ծրագրի շրջանակում կկազմակերպվի նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների ցուցահանդես-վաճառք:
No Comments