ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Օգնություն մեդիային՝ ընդդեմ միօրինակության

Օգնություն մեդիային՝ ընդդեմ միօրինակության

Օգնություն մեդիային՝ ընդդեմ միօրինակության

Կան բառեր, արտահայտություններ, որոնք կազմությամբ կամ քերականորեն սխալ չեն, բայց այնքան շատ են կիրառվում, որ «սեփականացնում» են մի ամբողջ իմաստային «լանդշաֆտ»՝ գործածությունից դուրս մղելով իրենց բազմաթիվ գեղեցիկ հոմանիշներ։

  • «Բարձրաձայնել» (ռուսերեն озвучивать բառից)․ լրագրողական տեքստերում և պաշտոնական խոսքում տարածված «վարակներից»։ Այժմ բոլորս ամեն ինչ «բարձրաձայնում» ենք՝ խնդիր, հարց, կարծիք, մինչդեռ ավելի գունեղ համարժեքներ ունենք՝ վերհանել, արծարծել, հնչեցնել, օրակարգ բերել։
  • «Մարտահրավեր» (անգլերեն challenge բառից)․ օտարալեզու մամուլի ազդեցությամբ այսօր ցանկացած մանր խնդիր կամ դժվարություն անվանում են մարտահրավեր։ Բառն արժեզրկվել է ու հաճախ խիստ պաթետիկ է հնչում կենցաղային հարցերի համատեքստում։ Գեղեցիկ ու տեղին կլիներ երբեմն կիրառել նաև մեր պարզ ու հասարակ հոմանիշները՝ խնդիր, դժվարություն, փորձություն։
  • «Միջոցառում» (ռուսերեն «мероприятие» բառից)՝ խիստ պաշտոնական, չոր և անդեմ բառ․ հատկապես տոնական կամ մշակութային իրադարձությունների դեպքում ավելի գրագետ և բնական կհնչեն այնպիսի բառեր, ինչպիսին են՝ հանդես, հավաք, իրադարձություն, տոնախմբություն (վերջին բառը կարծես ամբողջությամբ մոռացված է)։
  • «Ուղերձ»․ անգլերեն message բառի թարգմանությունն է, որն այսօր անտեղի խցկում ենք ամենուրեք․ ֆիլմի ուղերձը, հոդվածի ուղերձը, արարքի ուղերձը։ Շատ դեպքերում սրա փոխարեն տեղին ու վայել կհնչեին իմաստ, ասելիք կամ նպատակ բառերը։
  • «Հարթակ» անընդհատ լսում ենք՝ «քաղաքական հարթակ», «քննարկումների հարթակ», «ներկայանալու հարթակ» և այլն, և այլն։ Անգլերեն platform և ռուսերեն площадка բառերի այս ուղիղ թարգմանությունը գրեթե դուրս է մղել մեր գեղեցիկ բառերը՝ միջավայր, դաշտ, վերջապես՝ ասպարեզ։

Հոմանիշների կիրառությունը գունեղ ու հարուստ է դարձնում մեր խոսքը, և այն միշտ հնչում է թարմ ու տպավորիչ։

Նշան Աբասյան