Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Փանոս Թերլեմեզյան. «Սանահինի վանքի գավիթը»

09.11.2024

Մեծանուն հայ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանի (1865-1941 թթ.) կտավներից մեկն է սա: Առաջին հերթին այս գեղանկարչի մարդկային նկարագիրն է, որ պետք է յուրաքանչյուր հայի կողմից արժանանա ուշադրության և ընդօրինակման՝ թեկուզ հենց այն բանի համար, որ ծնված լինելով Վանում, ընդվզել է թուրքական իշխանությունների դեմ, և սուլթան Համիդը հեռակա կարգով նրան դատապարտել է մահվան: Թերլեմեզյանը այն գեղանկարիչն է, ով զենքը ձեռքին մասնակցել է Վանի ինքնապաշտպանական մարտերին, որի հրամանատարներից մեկն էր: Թուրքական հետապնդումներից խույս տալու համար տեղափոխվել է Իրան, այնտեղից էլ Թիֆլիս: Սովորել է Սանկտ Պետերբուրգում, ապա Փարիզի Ժուլիեն ակադեմիայում: Մինչ այդ՝ դեռևս Սանկտ Պետերբուրգում ուսանելու տարիներին, թուրքական կառավարության պահանջով ձերբակալվել է և կալանքը անցկացրել Մոսկվայի, Ռոստովի, Թիֆլիսի բանտերում:

Փանոս Թերլեմեզյանը մտերիմ է եղել Կոմիտասի, Վարուժանի, Սիամանթոյի և Պոլսում ապրող մեր մյուս մտավորականների հետ: Դպրոցական դասագրքերից մեզ ծանոթ Շիրվանզադեի դիմանկարը հենց նրա վրձնին է պատկանում։ Հայ մտավորականներից շատերի, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճարյանի, Երվանդ Լալայանի, Ազատ Վշտունու, Ակսել Բակունցի, Հովհաննես Աբելյանի, Ռոմանոս Մելիքյանի դիմանկարն է վրձնել: Եվ այս առումով կարելի է ասել Փանոս Թերլեմեզյանը արել է այն, ինչ Իլյա Ռեպինը ռուսական միջավայրում՝ վրձնելով իր ժամանակի ռուս անվանի մտավորականների դիմանկարները:

Հենց Փանոս Թերլեմեզյանի ու Եղիշե Թադևոսյանի ջանքերով է Թիֆլիսում ստեղծվել հայ արվեստագետների միության մասնաճյուղը: Մի խոսքով՝ բազմաթիվ շնորհակալ ու ազգաշահ գործեր է կատարել: Փանոս Թերլեմեզյանը շրջագայել է բազմաթիվ երկրներում, եղել է Ֆրանսիայում, Իտալիայում, Միացյալ Նահանգներում և այլուր: Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ է: Այսօր նրա անունն է կրում Երևանի գեղարվեստի ուսումնարանը: Խորհրդային տարիներին արդյունաբերական թեմայով շատ կտավներ է վրձնել, ինչպես, օրինակ, «Ալավերդու պղնձաձուլարանը», «Ալավերդի», «Ղափան» աշխատանքներն են: Բայց Փանոս Թերլեմեզյանի լավագույն ստեղծագործությունները դրանք չեն, այլ` հայ անվանի մտավորականների դիմանկարները և այն հրաշալի բնանկարները, որոնք վրձնել է տաղանդաշատ գեղանկարիչը:

Ներկայացված աշխատանքը կոչվում է «Սանահինի վանքի գավիթը»:

Առաջին հայացքից թվում է շատ պարզ, նույնիսկ մակերեսային մի պատկեր է մեր առջև: Բայց այս կտավը Մյունխենում (1913թ.) արժանացել է ոսկե մեդալի՝ մասնակցելով համաեվրոպական ցուցահանդեսին: Մենք կտավում տեսնում ենք եկեղեցու գավիթ, աղոթող մարդիկ: Առաջին բանը, որ գրավում է մեր ուշադրությունը, այն է, որ կտավի կոմպոզիցիոն կենտրոնը գեղանկարիչը տեղափոխել է կտավի աջ մաս. խոսքը երկթև կամարներով սյան մասին է, որի մոտ մարդկային ֆիգուրներ են պատկերված:

Նախ նշենք, որ տեսարանը իր մանրամասներով պատկերացում է տալիս միջնադարյան վանական համալիրի ճարտարապետության ինքնատիպության մասին: Առաջին պլանում տեսեք, թե ինչպիսի վեհությամբ է վեր ձգվում ծանրանիստ սյունը: Ուղղակի փառահեղ է։ Սյան մոտ մենք տեսնում ենք չորս մարդկային ֆիգուր: Նրանցից երեքը կանայք են, որոնք սպիտակաշոր են և կանգնած են, ոտքի վրա են, մինչդեռ նրանց կողքին չորրորդ ֆիգուրը սևաշոր է և ծնկաչոք: Կանայք սպիտակաշոր են, քանի որ քիչ առաջ են ավարտել իրենց աղոթքը, ապաշխարհել են ու սպիտակաշոր են որպես մաքրություն, քանի որ ազատվել են հոգու աղտեղություններից: Հենց դրա համար էլ ոտքի վրա են, մինչդեռ մյուսը, քանի դեռ չի ապաշխարհել` մեղքը իր հետ է, սևաշոր է և ծնկել է աղոթելու համար, բայց առաջին հերթին գործած մեղքերի բեռան ծանրությունից է նա ծնկել: Գեղանկարիչը վարպետորեն է վրձնել սպիտակաշոր կանանց ու նրանց դիրքը, ինչը նախ կտավին կենդանություն է հաղորդում և ապա ծնկի եկած աղոթողի հարևանությամբ կտավը դիտողի մոտ ստեղծում է հրեշտակների գոյության, ներկայության պատրանք: Այլ կերպ ասած, հեղինակը մեզ հուշում է, որ հոգու ապաշխարհանքի պահին երկնային հրեշտակները միշտ մեր կողքին, մեր թիկունքում են լինում, ու հենց նրանք են աղոթողի թախանձանքը լսելի դարձնում Աստծուն: Եվ քանի որ հրեշտակները աներևույթ են, տեսանելի չեն, Թերլեմեզյանը նրանց վրձնել է աղոթողի թիկունքում:

Ինչպես նշեցինք վերևում, գեղանկարիչը կոմպոզիցիոն կենտրոնը տեղափոխել է կտավի աջ մաս, որպեսզի և՛ տարածք լինի կտավում, և´ նկարը դիտողի ուշադրությունը կենտրոնանա այն հատվածի վրա, որը կտավի երկրորդ պլանն է, իսկ դա կիսաբաց դռների մեջ երևացող խորանն է և այնտեղ վառվող լույսը: Գավիթում տիրող աղոտությունը հուշում է, որ իրիկնաժամ է, ու եկեղեցում ժամերգություն է` խորքի սենյակի տաք գույնը, լույսը, նշմարվող մարդիկ, պատկերը դարձնում են հուզաթաթավ, խորհրդավոր: Գավիթում աղոթողների համար, որոնք դեմքով դեպի այդ լույսն են, խորանում վառվող լույսը այլ իմաստ է ստանում։ Շատ խոր իմաստ, որտեղ ամփոփվում է նաև մարդկային հոգում փայփայվող վերջին հույս ասվածը:

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)