ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը հերթական մշակութային սխրանքն է գործել իր ղեկավարած ստուդիայի փոքրիկ, հանրությանը ոչ այնքան հայտնի բեմում՝ հանդես գալով աշխարհահռչակ երգչուհի Մարիա Կալասի կերպարի մարմնավորմամբ «Վարպետության դաս» պիեսում՝ ըստ Թերենս Մըքնելիի՝ 1995 թ. գրված թատերապատումի:
Բեմը ձևավորված է մինիմալիստական սկզբունքով: Այստեղ մեկ դաշնամուր է, մեկ աթոռ, մեկ աստիճան, մեկ միջնահարկ, երկու կամարների մեջ առնված էկրան, որի վրա երևակվում են ներկայացմանն անօրինակ շունչ հաղորդող անիմացիաները, համաշխարհային երաժշտության դասականների և բովանդակությամբ ու տեղորոշմամբ դրանցից առանձնացող Մարիա Կալասի նկարներ:
Բեմը՝ ներկայացումից առաջ

Օպերային ստուդիայի ներկայացումը, որ շատ էլ օպերային չէ, սկսվում է դահլիճից՝ Հասմիկ Պապյան-Կալասի խիստ, կամակոր, անսպասելիության խայծը նախանշող մուտքով:
Քիչ անց նա բեմում է, որտեղ նաև դաշնակահարն է՝ Արեն Ամիրյանի մարմնավորմամբ: Հետո առաջին և երկրորդ գործողությունների ընթացքում իրար են հաջորդում երաժշտա-դերասանական փոքր կազմի մյուս դեմքերը՝ սոպրանոներ Աննա Ղարագյուզյանը, Անի Յուխանյանը, տենոր Կարեն Նալբանդյանը, բեմի աշխատակից Վահե Պետրոսյանը:
Ներկայացման ռեժիսորը Գառնիկ Սեյրանյանն է, բեմի ձևավորողը՝ Աշոտ Համբարձումյանը, անիմացիան իրականացրել են «Իրական դպրոցի» սաները: Իսկ թվարկել Հասմիկ Պապյանի գործառույթներն ու ներդրման ծավալները «Վարպետության դաս» ներկայացման մեջ, գրեթե անհնարին է: Նա և՛ նախագծի ղեկավարն է, և՛ գլխավոր դերակատարը, և՛ բեմում հանդես եկող ստեղծագործական թիմի վարպետ-մանկավարժը՝ ներկայացման մեջ ու ներկայացումից դուրս:
Տպավորիչ օպերային կատարումները ստուդայի սաների կատարմամբ, Պապյան-Կալասի դիպուկ, հաճախ կոպիտ, կծու դիտողություն-ուղղորդումները, անիմացիայի միջոցով նրա անձնական կյանքի դրամատիկ պահերի բացահայտում-անկեղծացումները, մեծ Դիվայից ամուսնու և սիրեցյալի՝ Արիստոտրել Օնասիսի իրարամերժ ակնկալիքները հերթագայության մեջ են և ընդմիջվում են Հասմիկ Պապյանի ժլատ օպերային կատարումներով: Ինչո՞ւ ժլատ, որովհետև այդ կատարումների զգալի չափաբաժինը ներկայացման մեջ վերապահված է Մարիա Կալասին, ավելի քան 100-ամյա օպերային լեգենդին, որը հանդիսատեսին է ներկայանում էկրանից՝ իր 53-ամյա կարճ, բայց բեղմնառատ կենսագրության տպավորիչ դրվագների տեսագրություններով:
Դրվագ ներկայացումից

Հասմիկ Պապյանին այսօրինակ ներկայացմամբ հանդես գալուն մղել է ոչ միայն Կալասի 100-ամյա հոբելյանին թեկուզ ուշացումով տուրք տալու նպատակը, այլև Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի լսարանն ընդլայնելու գաղափարը: Եթե կան մարդիկ, որոնք հեռու են օպերայից, ապա կարող են գալ և տեսնել թատերական ներկայացում՝ ինքնօրինակ արտահայտչաձևերով և մատուցմամբ: Կարող են գալ և առերեսվել անակնկալի. Հասմիկ Պապյանը ոչ այնքան երգում, որքան խոսում է կիրթ, հմայիչ, ոսկեղենիկ հայերենով, որը նրա բեմական հմայքին ավելացնում է մինչ այդ անհայտ գույներ, հնչերանգներ:
Ներկայացման տպավորիչ դրվագներից է Կալասի աշակերտուհու (Անի Յուխանյան) մուտքը լեդի Մակբեթի մեներգով՝ «Մակբեթ»օպերայից. խաղարկվում է նամակի ընթերցման հայտնի տեսարանը: Գուցե տեղին չէ, բայց ես ակամա զուգահեռներ եմ անցկացնում Շեքսպիրի «Մակբեթի» մեջ Ալիսա Ֆրեյնդլիխի կատարմամբ իմ տեսած դրվագի և օպերային ստուդիայի ներկայացման այդ հատվածի միջև: Ոչ մի զուգահեռ պատահականորեն չի ծնվում:
Դրվագ ներկայացումից

Ինչևէ, «Վարպետության դասը» երեք ներկայացում ունեցավ Կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում: Իսկ առջևում նոր ծրագրեր են սպսավում, ի մասնավորի՝ Հասմիկ Պապյանը պատրաստվում է իր սաների հետ բեմադրել գերմանական թատրոնի ամենահանրահայտ երաժշտախաղը՝ Հումբերտինգի «Հենզել և Գրետել» օպերան:
Ասել, որ ահռելի է Հասմիկ Պապյանի ներդրումը համաշխարհային օպերային արվեստում, նշանակում է ոչինչ չասել: Հաջողություն ձեզ, սիրելի՛ տիկին Պապյան, որ նվաճելուց հետո օպերային արվեստի ամենաբարձր բեմերն աշխարհում, լծվել եք հայրենի օպերային արժանի հետևորդներ պատրաստելու երախտաշատ առաքելությանը:
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի