Թանգարան Կարինե Ռաֆայելյան

Պարույր Սևակի հիշատակի օրը՝ առցանց

17.06.2020

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է: 49 տարի առաջ հայ ժողովրդի սիրելի բանաստեղծը ավտովթարի զոհ դարձավ: 

Ինչպես և ընդունված է այսպիսի անհատականությունների դեպքում, ժողովուրդը շարունակեց ապրեցնել իր տաղանդավոր զավակին չխամրող հիշողությունների տիրույթում՝ ամեն տարի նրա մահվան տարելիցին հոծ խմբերով այցելելով Զանգակատուն գյուղում գործող Պարույր Սևակի տուն-թանգարան և ոգեկոչելով նրա հիշատակը տարատեսակ ձեռնարկումներով:

Պարույր Սևակի առանձնատունը 

Կորոնավիրուսի համավարակը, բնականաբար, այս տարի բացառել է այդօրինակ այցելություններն ու գրողի միջավայրում նրան հարգանքի, սիրո տուրք մատուցելու հնարավորությունը: 

Տխուր տարելիցին անդրադառնալու առիթով Ardi.am-ը զրույցի է հրավիրել Պարույր Սրակի տուն-թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Սևակ Ղազարյանին: Նա Պարույր Սևակի թոռն է՝ ավագ որդու՝ Արմեն Ղազարյանի որդին:

Սևակ Ղազարյան

— Սևակ, Պարույր Սևակի մահը, ինչպես և դրանից չորս տարի հետո Մինաս Ավետիսյանի մահը հայ ժողովուրդը չընդունեց միանշանակ: Իր արժանավոր երկու զավակների մահվան հանգամանքներն էլ մինչ օրս պարուրված են առեղծվածի քողով: Ժառանգների համար գոնե բացահայտվա՞ծ է այդ առեղծվածը, չկա՞ն կասկածներ այս առնչությամբ: 

— Ժառանգների և այդ դժբախտությանը տեղյակ մարդկանց համար այդ պատահարը երբեք առեղծված չի եղել: Մենք առավել քան համոզված ենք, որ դա իսկապես դժբախտ պատահար է եղել: Համոզվելու համար կան մի քանի էական հիմքեր: Նախ՝ Սևակն այդ ժամանակ եղել է ընդամենը սկսնակ, անփորձ վարորդ: Նա մեքենա վարել սովորելու ընթացքի մեջ էր: Մինչև այդ պատահարի օրը նրա մեքենան վարել են ուրիշները՝ որևէ փորձառու վարորդ, մեքենա վարելուն վարժ տիրապետող ընկերները, համագյուղացիները: Պատահարի նախորդ օրը ընկերներից մեկի հետ գնացել է մեքենան փորձնական վարելու և մեքենայով ընկել է առվի մեջ: Այսինքն՝ մինչ այդ նա երբևէ ինքնուրույն նման երկար ճամփորդություն չի իրականացրել: Իսկ այդ օրը անպատրաստ նստել է ղեկին և որոշել կտրել այդքան երկար ճանապարհ՝ այն ժամանակ Չանախչի կոչվող գյուղից մինչև Երևան: Հորս հուշերից պատմեմ, որոնք նույնպես կփարատեն կասկածները՝ վթարի առեղծվածային լինելու առնչությամբ: Սևակի առանձնատան ներքնահարկում կա ավտոտնակ, որտեղից Սևակը, մեքենան հետ տալով, դուրս է բերել: Հայրս, որ այդ ժամանակ 13 տարեկան է եղել, ասում է, որ իրենք շատ ուրախացել են, երբ Սևակը մեքենան անվնաս, առանց որևէ տեղ խփելու, կարողացել է դուրս բերել ավտոտնակից: Բացի այս, ավտովթարը տեղի է ունեցել ճանապարհի դժվարին՝ ոլորաններով հատվածն անցնելուց հետո: Սա հիմք է տալիս մտածելու, որ եթե ինչ-որ բան նրա դեմ նախապատրաստած լինեին, պիտի անեին մինչ այդտեղ հասնելը. ոլորանների հատվածում դա ավելի հեշտ կլիներ իրականացնելը: Ցավոք, մինչ օրս էլ վարորդներն այդ ոլորանները չեն հաջողում անփորձանք անցնել, և այդ հատվածներում լինում են ավտովթարներ, զոհեր: Վթարը տեղի է ունեցել ուղիղ, հարթ տեղում, որտեղ ներկայում բանաստեղծի մահից հետո հիմնված Պարույր Սևակ գյուղն է: Ճանապարհին նրանց առջևից գնացել է մի բեռնատար մեքենա, որից առաջ անցնել է փորձել Սևակը, իսկ բեռնատարի վարորդը ճանապարհ չի տվել: Այն ժամանակ մայրուղին շատ ավելի նեղ էր, քան այսօր, հետևաբար՝ մեկ բեռնատարը գրեթե ամբողջությամբ կզբաղեցներ ճանապարհը: Ձախով այդ բեռնատարից անցնել չի ստացվել, իսկ մենք՝ վարորդներս, լավ գիտենք, որ նման բաներ ամեն օր են կատարվում երթևեկության ընթացքում: Սրան հաջորդել է Սևակի հաջորդ վարորդական սխալը՝ պայմանավորված անփորձությամբ. նա որոշել է աջով առաջ անցնել բեռնատարից: Աջով անցնելիս մեքենան դուրս է եկել հողային հատված, բախվել է մի քարի և շրջվել: Այսինքն՝ երկու մեքենայի բախում, որպես այդպիսին, չի էլ եղել: Գիտեք, որ մեքենայում եղել են Սևակը, կինը և երկու որդիները՝ 13 տարեկան Արմենը և 6 տարեկան Կորյունը: Բարեբախտաբար, երեխաները ողջ են մնացել: 

Պարույր Սևակի և նրա տիկնոջ՝ Նելլի Մենաղարաշվիլիի շիրիմը

Անկախության շրջանում ուսումնասիրվել են նաև նախկին ԿԳԲ-ի արխիվներում պահպանվող փաստաթղթերը՝ այս դեպքին առնչվող: Որևէ փաստ, որը կվկայեր, թե այդ ավտովթարը եղել է դիտավորություն, չի գտնվել: Փաստերի համադրումով, ուղղակի և անուղղակի փաստերը ուսումնասիրելով՝ համոզվել ենք, որ այդ ավտովթարը եղել է զուտ դժբախտ պատահար: Հասկանալի է ժողովրդի վերաբերմունքը այս դեպքի նկատմամբ: Նախ՝ Սևակը շատ երիտասարդ տարիքում՝ 47 տարեկանում մահացավ: Բացի այդ, խնդիրը սրվեց նաև այն հանգամանքով, որ «Եղիցի լույս» գիրքը, որի ամբողջ տպաքանակը պատրաստ էր դեռևս 1969 թվականին, բանտարկված էր, թույլ չէին տալիս, որ այն լույս աշխարհ դուրս գա: Սևակի այդ բախումը՝ ժամանակի իշխանությունների, նաև հրատարակչական գործի ղեկավարների հետ, համընկավ դժբախտ պատահարին. սա ևս նպաստեց, որ տարբեր մեկնաբանություններ արվեն պատահարի առնչությամբ: Բայց և նշեմ, որ մենք՝ ժառանգներս, համոզված լինելով, որ դա կազմակերպված սպանություն չէր, պիտի ասենք, որ «Եղիցի լույսի» երկու տարի բանտարկված լինելու հանգամանքը սարսափելի ազդում էր բանաստեղծի հոգեկան աշխարհի վրա: Նա այդ ընթացքում շատ դյուրագրգիռ էր դարձել: Վթարի օրը վարորդ չի գտել, որ իրենց տեղափոխի Երևան: Վարորդը, որ պիտի տեղափոխեր, ասել է, որ մյուս օրը միայն կարող է դա անել, որովհետև գյուղում խոտքաղի շրջան է եղել, ինքը զբաղված է եղել այդ գործերով: Սևակն էլ իմպուլսիվ որոշում է կայացրել ու ինքն է նստել ղեկին: Ա՛յ սա, կարծում եմ, որ հենց «Եղիցի լույսի» պատճառով առաջացած նյարդային վիճակի հետևանք է եղել: Այս իմաստով, գուցե, ժամանակի իշխանությունները նպաստել են Սևակի մահվան հանգամանքին: Այդ ժամանակ նա շատ հիասթափված էր, ավելի քիչ ժամանակ էր անցկացնում Երևանում, ավելի հաճախ լինում էր գյուղում։ Խուսափում էր մարդկանցից, հասարակությունից, շփումներից, որովհետև արվեստագետի համար չկա ավելի մեծ ցավ, քան սեփական ստեղծագործությունը արգելված, բանտարկված տեսնելը: Այսքանով անուղղակի ազդեցություն եղել է իշխանությունների կողմից, բայց ոչ՝ ավելին: Ոչ՝ ուղղակիորեն:

— Վերջերս ասացիք, որ Պարույր Սևակին նվիրված վերջին ամփոփ, ամբողջական մենագրությունը գրել է Ալբերտ Արիստակեսյանը: Այդ մենագրությունը պատկառելի տարիք ունի: Ինչո՞ւ այդուհետ չի գրվել Սևակի մասին, որովհետև բա՞րդ հեղինակ է, թե՞ կան այլ պատճառներ:

— Չեմ կարծում, որ բարդությունն է խնդիրը: Այն շատ ավելի գլոբալ է և միայն Սևակին չէ, որ վերաբերում է: Դա մեր գրականագիտությանն է վերաբերում ընդհանրապես: Որքան էլ ցավալի է, սա ես պայմանավորում եմ սոցիալական հանգամանքներով: Իմ ճանաչած գիտնականները ստիպված են երկու-երեք, նույնիսկ ավելի տեղերում աշխատել, որպեսզի կարողանան լուծել իրենց կենսական խնդիրները: Ինքս, լինելով Երևանի պետական համալսարանի դասախոս, նաև Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրենն եմ, նաև հրատարակչական ոլորտում եմ աշխատում: Կյանքի բերումով զուտ գիտությամբ կամ դասախոսի աշխատանքով ապրել հնարավոր չէ: Կարծում եմ՝ սա ամենակարևոր հանգամանքն է: Մենք էլ, ուսանողներին հանձնարարություն տալիս, ստիպված ենք երբեմն նրանց առաջարկել կարդալ 50-60 տարվա վաղեմության գրականագիտական աշխատություններ: Սա մեծ խնդիր է, մանավանդ որ դրանցից շատերում կան խորհրդային գաղափարախոսության պարտադրանքները, որովհետև այն ժամանակ դա չէր կարելի շրջանցել: Իսկ եթե խոսեմ կոնկրետ Սևակի մասին, պիտի ասեմ, որ մի քանի գիրք Ալբերտ Արիստակեսյանի գրքից հետո, իհարկե, գրվել են: Բայց դրանցում կա՛մ եղել են այն կետերի կրկնությունները, որոնք կան Ալբերտ Արիստակեսյանի մոտ, կա՛մ ավելի կոնկրետ, նեղ ուղղվածություն են ունեցել՝ անդրադառնալով Սևակի ստեղծագործության այս կամ այն ոլորտին, մի բան, որն ընդհանուր պատկերացում չի տալիս Սևակի կյանքի ու ստեղծագործության մասին: Իհարկե, վերջին ժամանակներում կա առաջընթաց: Օրինակ՝ Սեյրան Գրիգորյանը հրատարակեց «Պարույր Սևակը և համաշխարհային պոեզիան» գիրքը, որը միանշանակ նոր խոսք է սևակագիտության մեջ: Այստեղ ցույց են տրված Սևակի և 20-րդ դարի ռուսական, եվրոպական, լատինաամերիկյան բանաստեղծների ընդհանրությունները: Սա սևակագիտությամբ զբաղվողների համար մի նոր թեմա, մի նոր դաշտ է բացում: 

— Շատ կարևոր հրամայական է Հայաստանի համար մշակույթի ապակենտրոնացումը, մայրաքաղաքից մշակութային կյանքը դուրս բերելն ու մարզերում տեղայնացնելը: Այս իմաստով ի՞նչ գործառույթ է իրականացնում Սևակի թանգարանը Արարատի մարզի և կոնկրետ Զանգակատուն գյուղի կյանքում:  

— Ես Սևակի տուն-թանգարանի տնօրեն եմ նշանակվել 2018 թվականի վերջին: Այս ընթացքում մեծ փոփոխություններ են եղել թանգարանում: Այստեղ բազմաթիվ խնդիրներ կային՝ սկսած ամենատարրականներից մինչև խոշորները, օրինակ՝ տոմսեր չունենալուց մինչև տարածքի չջեռուցվելը: Այս և այլ խնդիրների լուծմամբ ենք զբաղվել: Արվել է թանգարանի բրենդավորում: Փոխվել է թանգարանի արտաքին տեսքը, նոր իմիջային նկարագրով է ներկայանում այսօր թանգարանը: Ներկայում ունենք տոմսեր, բեյջեր, հուշանվերների տեսականի և այլն: Այսինքն՝ այն ամենը, ինչ պիտի ունենա ժամանակակից թանգարանը: Մասնավոր ներդրումների միջոցով կարողացանք երկու կարևոր հարց լուծել: Մեկը հենց ջեռուցման խնդիրն էր, որի բացակայությունը պարզապես անհնար էր դարձնում թանգարանի գործունեությունը տարվա մեջ մոտ 4-5 ամիս: Այս խնդրի լուծումը բարդ էր նրանով, որ Զանգակատուն գյուղը գազաֆիկացված չէր, իսկ էլէկտրաէներգիայով տաքացնելը մեր ունեցած ֆինանսների պայմաններում անհնար էր: Ուստի մենք գտանք այլ լուծում՝ արևային կայան տեղադրեցինք թանգարանի տանիքին: Այս գործը իրականացվեց ռուսաստանաբնակ մեր հայրենակից, Սամարա քաղաքի հայկական համայնքի ղեկավար Հրաչ Խանսանամյանի աջակցությամբ: Սրա շնորհիվ թանգարանը 2019 և 2020 թվականներին աշխատել է ձմռան ամիսներին, մի բան, որ շատ կարևոր ձեռքբերում էր: 

Արևային կայան՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի տանիքին

2019-ի վերջին մեկ այլ հովանավորի՝ Վարուժան Բադալյանի միջոցով կառուցվեց սանհանգույց դրսում՝ այցելուների համար: Մենք ունեինք շատ հին, այսպես կոչված, ասիական սանհանգույց, ինչը բնավ հարիր չէր 21-րդ դարի չափանիշներին: Սևակի ծննդյան օրը հունվարի 24-ն է: Բնականաբար, նախկինում այն երբեք հանրային մասշտաբներով չի նշվել՝ ջեռուցման բացակայությամբ պայմանավորված: Այս տարի այդ հնարավորությունն ստեղծված էր: Եվ մենք, Թումանյանի թանգարանի հետ համատեղ, մի ծրագիր իրականացրինք, որի շրջանակներում գիրք հրատարակեցինք: 

Թումանյանի և Սևակի մանկական ստեղծագործությունները՝ մեկ գրքով

Գրքում ընդգրկված են Թումանյանի և Սևակի մանկական ստեղծագործությունները: Սևակի ծննդյան օրը արեցինք այդ գրքի շնորհանդեսը մեր թանգարանում, որը շատ գեղեցիկ, մշակութային միջոցառում դարձավ՝ հագեցած թումանյանական և սևակյան շնչով: Մեր այցելուների համար մեծ նորություն և ուրախություն էր, որ բացվեց Զանգակատան գյուղամիջում գտնվող Սևակի հայրական տան դուռը:

Պարույր Սևակի հայրական տունը

Այս տունը երբեք չի եղել Սևակի թանգարանի ցուցադրության մաս, իսկ հիմա այն ևս մենք ներկայացնում ենք մեր այցելուներին, էքսկուրսիաներ ենք կազմակերպում թանգարանից դեպի այդ տունը: Դա 1920-ականների տուն է՝ ամբողջությամբ պահպանված թե՛ ներսից, թե՛ դրսից: Մարդկանց համար շատ հետաքրքիր է տեսնել, թե որտեղ է ծնվել, մեծացել Սևակը և թե, առհասարակ, ինչպես է ապրել հայ գյուղացին 100 տարի առաջ, թե ինչպիսի սուղ, համեստ միջոցներով է վարել իր կենցաղը: Օրինակ՝ 2019-ի սեպտեմբերին՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում, հենց այդ հայրական տան բակում գյուղին նվիրված տոնը նշեցինք: 

Եվրոպական ժառանգության օրեր, Զանգակատուն, 2019 թ.

Դա փառատոն էր, որին ներկայացված էին մեր տարածաշրջանին հատուկ  ուտեստները, արհեստագործության նմուշներ: Մենք մտադիր էինք սա դարձնել ամենամյա փառատոն, բայց այս տարի չենք կարող ոչինչ կանխատեսել՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Դե, իհարկե, բազմաթիվ այլ միջոցառումներ ենք անցկացրել, որոնք հիմա, դարձյալ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, չենք կարողանում իրականացնել: Եթե թվերով խոսեմ, ավելի պարզ կլինի պատկերը: 2018 թվականին թանգարանն ունեցել է 6200 այցելու, 2019-ին՝ 14000-ից ավելի: Նաև ակտիվ գործունեություն ենք ծավալում սոցիալական հարթակներում: Աշխատում ենք դպրոցների, ներքին տուրիզմով զբաղվող ընկերությունների հետ: Ծրագրերը շատ էին և են, բայց ցավոք, կորոնավիրուսը ժամանակավորապես ամեն ինչ կանգնեցրել է: Եվ այս տարի՝ առաջին անգամ, հունիսի 17-ին Սևակի թանգարանը փակ կլինի այցելուների համար, այն դեպքում, որ անցյալ տարի այդ օրը միայն մենք ունեցել ենք 700-ից ավելի այցելու: 

Հունիսի 17, 2019 թ.

Բնականաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ այս տարի այդպիսի բազմություն հավաքվի թանգարանում, և առաջանա վարակի տարածման վտանգ, մանավանդ որ մինչ այս պահը Զանգակատանը վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Այնպես որ, խնդրում ենք, որ մարդիկ առցանց իրենց հարգանքի տուրքը մատուցեն Սևակին այս տարի:      

Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply