Սկիզբը՝ այստեղ
Մենք շարունակում ենք զրույցը Մանասեի «Թևածող անթարգմանելին» գրքի շուրջ։
«Լուրջ մտածողները նախագծված տեղեկանքով չէ, որ կառուցում են իրենց աշխարհը»
-Մանասե՛, Նիցշե-Դոստոևսկի-Բուլգակով-Բերդյաև․ այս մտածողների, նաև Ձեր հայացքը՝ ուղղված Աստծուն (ես անպայման գրում եմ մեծատառով), նախախնամությանը, մեղքին, հավատի և անհավատության պարադոքսներին հանգեցնո՞ւմ են որոշակի գաղափարաբանության, թե՞ ամեն վերլուծող ավելի է խճճում խաղաթղթերը։
-Գրքի անունից դատելով` կարող են ենթադրել, թե թարգմանչական խնդիրներ եմ արծարծում, ո՛չ, թեև տեղ-տեղ նաև դա է,- ըստ էության, միանգամայն ուրիշ «անթարգմանելիության» մասին է խոսքը: Մտքի ինքնաբերության (իմանենտության) հրապուրանքն է եղել՝ հաճույք ինքն իր մեջ,- ստեղծել իմացական ցատկահարթակ (տրամպլին), ըստ որի հնարավոր է բացատրել բազմազանության երևույթը: Առաջադրված իդիոմատիկ միջանցքը, ինչի մասին խոսում եմ գրքում, օգնում է, քիչ թե շատ, կռահելու Բազումի առկայությունը տիեզերքում և մեր կյանքում, ինչո՞ւ միևնույն երևույթը տարբեր մտածողներ յուրակերպ են մեկնաբանում, ինչո՞ւ մեկի համար նույն քարը քար է, մեկ ուրիշի համար «հաց»… Ասենք, հրեաները համոզված էին, եթե աստված Մովսեսով չէ – թերի աստված է: Քրիստոնեությունը, որ մինչև տարածում գտնելը աղանդ էր համարվում հուդայականության մեջ, համոզված էր, եթե աստված Քրիստոսով չէ՝ թերի աստված է: Իսլամում Մուհամեդով է աստծո կատարելությունը: Միայն Բուդդհան էր, որ ազատագրեց աստծո մասին պատկերացումի պայմանական նախահիմքը անձնավորումից (Աստծո Որդի) – պետք չէ, որ իրեն աստված հռչակեն իր հետնորդները, աստծո Որդի լինելով մարդկությանը չես փրկի անկատարությունից: Աստված կա՞, թե ՝ոչ հարցադրումը ինքնաբավ է, Մտքի՝ ինքն իրենից հաճույք ստանալու հագեցում: Ավելի քան 2000 տարի Քրիստոս են քարոզում, քանի՞ քայլ է մարդը առաջընթաց ապրել բարոյականության մեջ,- Քրիստոսի մեղքը չէ դա, ի դեպ,- այսօր ռուս ուղղափառությունը ուղղակի, առանց վերապահումի մասնակից է Ուկրաինայի բռնազավթմանը, ավելին, ռուս հոգևորականը համոզում է ինձ, թե ինքը իր հողում խաղաղ նստած աղոթում էր, Կիևի ֆաշիստները ներխուժեցին իր սրբազան երկիրը: Ու այս նաիվ ցինիզմը միշտ էլ եղել է: Դոստոևսկին մեծ է, բայց դա չի նշանակում, թե նա իր ուղղափառ փառաբանումների տենդի մեջ չի կարող զառանցել՝ «Ռուսի հավատը մարդկության խիղճն է»: Ռուսը աշխարհի խի՞ղճը… Նույն Դոստոևսկին,- ամենահիշատակվողներից մեկը, որից հաճախ այն միտքն են հիշեցնում, թե ոչ մի արդարացում չունի մանկան մեկ կաթիլ արցունքի դիմաց մինչև իսկ հավերժական ներդաշնության գալուստին նպաստող որևէ պատերազմ՝ արդարացի պատերազմ լինի, թե ոչ,- նույն Դոստոևսկին,- ասում եմ,- չի բացառվում արդարացում գտներ (լավագույն դեպքում լռելով, ինչպես այսօր երևելի ռուս գրողներն են լռում) ուկրաինացի մանկան ոչ միայն արցունքի, նաև արյան հաշվին՝ Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա — ազգային անվտանգության շահերից ելնելով: Ռեալությունը սա է: Փաստը սա է: Փաստի հայացքն անշրջելի է, ինչքան էլ «մի քանի երես» հորինենք իր համար ու ծամածռվենք աստծո առաջ: Կա ռեալի, իրականի և իռացիոնալի, պատրանքայինի տիրույթ, որ չպետք է միախառնել — մեզ ցանկալի նպատակը արդարացնելու համար ի հաշիվ այլոց տառապանքի: Երբ Մարկեսի Խոսե Արկադիոն պատմում է, թե ինչպես է սովամահ լինելուց փրկվել՝ իր մեռած ընկերոջ «կոշտ ու քացրահամ» միսը համտեսելով,- սա չպետք է մոռացնել տա իրականության մեջ մարդակերության սոսկալիությունը, չպետք է մեզ զառանցական վերացարկումների մեջ պահի: Ի դեպ, Բուդդհան ինձ վերացարկումների մեջ էր պատկերանում՝ Քրիշնայի ինքնա-անէացման մանտրաների միջոցով, մի որոշ ժամանակ, երբ հարում էի Երևանում գործող «Քրիշնա գիտակցություն» աղանդին,- ես հավատում էի՝ կհասկանամ նաև Բուդդհային՝ սխալվում էի,- այժմ մտածումներս բուդդհայականության շուրջ միանգամայն այլ են: Շոշափի՛ր քեզ, մարդ, հաշվի՛ նստիր ռեալության հետ, մի՛ տրվիր պատրանքներին, մշակի՛ր վարքիդ կանոները, անանձնացի՛ր ոչ թե աստված դառնալու խաբեությամբ, այլ ինչպես քեզ պիտի պահես այս պատրանք-աշխարհում՝ այլևս այստեղ չվերադառնալու փրկությամբ: -Ես աստված չեմ,- ասում է Բուդդհան,-մարմինդ կեղեքելով չէ, ինչպես Քրիստոսի խաչվելն է, մուսուլման մարգարեների ինքնախարազանումն է և այլն,- խնդիրը Մտքի մեջ է, արդի բառագործածությամբ՝ ուղեղի նեյրոնային ցանցում – ահա՛, նախադրյալներից մեկը իմ մեծ հետաքրքրությունը առ նեյրոլոգիան, ահա՛, որտեղից է իդիոմատիկ միջանցքի մեր առաջադրած գաղափարը: Մանրուքի մեջ է տարբերակելին, ու եթե մենք միայն ընդհանրացումներով առաջնորդվենք, որոշ գաղափարաբանական նմանություններ ընդգծելով տարբեր մտածողների միջև,- չենք տարբերի՝ ում հետ գործ ունենք, – Պլատոնի՞, թե՞ Պլոտինոսի, Արիստոտելի՞, թե՞ Դավիթ Անհաղթի, հասկացություններին ու տրամաբանական բանաձևերին դեմառնելով կանգ կառնեինք, միևնույն կլիներ, ասենք, մետաֆիզիկայի նմանաբնույթ երկու ներկայացուցիչ ի՞նչ են մանրամասնում, որ տարբերում է նրանց: Լուրջ մտածողները նախագծված տեղեկանքով չէ, որ կառուցում են իրենց աշխարհը, հաճախ կարող են հակասել իրենք իրենց, նույնիսկ գաղափարաբանություն փոխել, ավելին՝ լինել Ժան-Պոլ Սարտր ու որևէ անլրջություն չտեսնել նրանում, որ մի ժամանակ հարում էիր Մարքսի գաղափարներին ու այսօր այլ են մոտեցումներդ: Ինքնահակասումը ամուր հիմքեր պիտի ունենա, ոչ թե տարօրինակ երևալու բեմականացմամբ աչքի ընկնելու համար է: Եվ է՛լ ավելին ասեմ. շատերը էկլեկտիզմը մտածողության ու առաձնապես փիլիսոփայության մեջ արհամարհում են, բայց ես դա համարում եմ փիլիսփայության ինքնապահպանման բնազդ: Դուք չեք կարող ինձ համոզել, ինչքան էլ հակառակն ապացուցեք, թե ոչ մի կապ չկա բեզոարյան այծի ու ֆրանսիական հեղափոխության միջև, եթե ես պնդում եմ՝ նրանք ոչ պակաս են կապակցված իրար, քան Միրաբոն ու Ռոբեսպիեռն են կապված եղել ֆրանսիական հեղափոխությանը: Խնդիրը պատճառաբանելու, հիմնավորելու երևակայական հնարքների մեջ է, այլապես ծիծաղելի կթվար Էլիոթի փաստարկումը, թե բանաստեղծական պատկերակերտման մեջ անհնար է հասնել թարմ արտահայտչականության առաց անհամատեղելի երևույթները կապակցելու փորձերի, ինչպես եռացող թեյնիկի ու սիրո միջև կապ տեսնելու բանաստեղծական համատեղումն է: Պատկերավոր, գեղարվեստական, մետաֆորային ու մետամորֆոզ մտածողությունը սրա համար է տրված մեզ, որ «թևածող անթարգմանելի» մնանք գիտության համար: Բայց այս ամենը մի պայմանով, որ չմոռանանք՝ ռեալությունը այլ է, Խոսե Արկադիոյի ասած «կոշտ ու քաղցրահամ» մարդկային միս համտեսելը չէ: Ոճիրը պետք է տարբերել ոճից: «Ընդհանրապես» ներկայացված ոճիրը ինձ չի ցնցում, ինձ ցնցում է ոճրի մանրամասնորեն ներկայացվածը: Այս «ընդհանրապես»-ի դեմ ընդվզեց նաև Նիցշեն: Նմանապես փիլիսոփայության մեջ է: Իրենց ակադեմիական շրջանակից դուրս Հեգելը և Կանտը, նորագույններից Հայդեգերը և Դերիդան, սովորական ընթերցողի համար չեն: Նրանք եզակի մտածողներ են, բայց ինձ ուղեկցում են ոչ եզակիները, այլ ովքեր խոսում են մանրամասներում ներսուզված ապրումներիս հետ, պատասխանում են ոչ հասկացութային խնդիրներիս: Մանրուքը, «ի մասնավորի»-ն նատուրալիզմը չէ, ու ոչ էլ Մոպասանը կամ Զոլան ինձ ավելի հոգեհարազատ են, քան ասենք, Ինտրան կամ Հերման Հեսսեն: Մանրուքը մարդկային ու բնութենական դրդապատճառների, դեմընթացքի ու համընթացումների մեխանիզմի միկրո-քննությունն է («Թևածող անթարգմանելիում» նկատելի է դա): Փլիսոփայությունը չպետք է նպաստի՝ գիտական գիտելիքը հավատքի աղախինը դարձնելուն, ոչ էլ օգնի՝ հավատքը դարձնելու գիտության սպասարկուն: Կարող ենք թույլ տալ, որ գիտական գիտելիքը և հավատքը փիլիսոփայությանը վերցնեն իրենց տանը դայակության խնդրանքով, առանց հետո տանուտեր դառնալու այդ դայակի վրա: Այնպես որ, փիլիսոփայությունը պարտավոր չէ որևէ գաղափարախոսության ծառայելու: Կարելի է գաղափարաբանել, բայց այդ Բանիվը այնքան անշահախնդիր պետք է լինի, որ չօրինակենք Մարքսին, ապա մարքսիստներին, որոնց ջանքով կեցությունը իջեցվեց կենցաղայինի մակարդակի, հասցվեց գետնատարած ծառայության՝ հեղափոխական մոլագարների կրքերի բավարարման, ինչպես եղավ Ռուսաստանում 1917-ին, ինչպես և հարյուր տարի անց դարձյալ շարունակվում է Ռուսաստանում …. և Հայաստանում 2018-ից: Ուզում եմ Ձեր թույլտվությամբ մի հավելում անել այստեղ, քանի որ ակամա առիթը տալիս է Ձեր՝ Աստված… ես անպայման գրում եմ մեծատառով պարբերությունը, ոչ թե հակառակելու Ձեզ, այլ, եթե կուզեք, պատճառաբանելու իմ նախասիրությունը՝ կոնկրետ «Թևածող անթարգմանելիում» ինչո՞ւ եմ փոքրատառով գրել (որովհետև ուրիշ տեքստերում գրում եմ նաև մեծառատով): Քերականությունը աստվածաբանության աղախինը չէ, այլապես, եթե աստծուն մենք Տեր ենք ասում (Տեր Աստված), տրամաբանական կլիներ՝ մեզ ստրուկ համարեինք,- Տերը ենթադրում է իրեն ստորադասվածներ, եթե նույնիսկ նա աստված է: Ես անհավատությամբ չեմ տառապում, որ նախընտրում է փոքրատառով գրել Տիրոջ անունը, դա «ստորադասվածիս» վրեժխնդրություն չէ, ոչ էլ ըմբոստության դրսևորում,- դրսևորվելու համար շատ ավելի լուրջ տեղեր կան,- ուղղակի գոյություն ունի տեսողական-վիզուալ հարմարվողական սովորույթ, որ զուտ ձևական բնույթ ունի ու ոչինչ ենթատեքստային բան չի պարունակում — սիրում եմ, հարմար է ինձ (քերականորեն, եթե կարելի է ասել) այդ ուղղագրությամբ գրելը, դա այլ պատմություն է… ուրիշ է, երբ խնդրիը դրվում է գոյաբանորեն — ես հավատո՞ւմ եմ աստծո գոյությանը, թե ոչ: Աստված կա՞ թե՝ ոչ-ը հենց սոցիումացվում է ու ծառայեցվում որևէ (կրոնական թե աշխարհիկ) խմբի, համայնքի, գաղափարական, կուսակցական և այլն կառույցի պահպանմանը,- կորցնում է իր մետաֆիզիկ անշահախնդրությունը, ձեռք է բերում ուղղագիծ մեկնաբանություն: Գրողներից քչերն են Չեխովի չափ մարդասեր եղել գործնականում,- նա, գիտեք, բժիշկ էր և ինչքա՜ն է անհատույց, առանց որևէ ակնկալիքի մարդկանց հույս ու հավատ ներշնչել առողջական անհույս վիճակներից փրկելով,- ու թվում է՝ Չեխովն այդքան բարեգթությամբ ու քրիստոնեական կարեկցանքով հանդերձ պետք է օրինակելի հավատացյալ լիներ, բայց ո՛չ, Չեխովը չէր հավատում հետմահու կյանքին, նա չէր վարանում հեգնանքով կրկնել՝ ես կմեռնեմ ու ինձնից կաճի …․ լոպուխ (այսինքն՝ մոլախոտ, դիպուկ է հնչում լոպուխ, քան ասեի՝ կռատուկ), համակրում էր Նիցշեին, անվերապահ չէր հավատքի հարցերում, ինչպես Տոլստոյն էր:
«Մինչև ո՞ւր կարող է տանել «արհեստական բանականության» ճշմարտակեղծը»
-Բույրը ընթերցելուն, երաժշտության և բույրի միաձուլումին անդրադարձները Մարսել Պրուստի օրինակով տարածելի՞ են այլ հեղինակների վրա։
-Բացահայտումների է ուղղորդում հարցադրումը, որ դեռ մտքովս չէր անցել, ասենք, առանձնակի դասակարգել, թե ո՛ր հեղինակը լսողական ու հոտառական ի՞նչ
պատրանքներ է արթնացնում, չէի մտածել, օրինակ, Արթյուր Ռեմբոյի բույրն ու ռիթմը ի՞նչ զուգորդումներ է արթնացնում: Երևի նման փորձ անեմ — իսկապե՞ս մտածել ենք՝ ինչ բույր ունի Չարենցը, Տերյանը, Հրանտ Մաթևոսյանը: Հոտը, հոտային գրգռումները կարող են ենթագիտակցական ծածուկ նախամղումների վրա ներգործել, խելագարության հասցնել, ինչպես Զյուսքինդի հերոսն է «Օծանելիք» վեպում:
Մի հոգեխախտված հայտնվում է սերիալային սպանությունների մեջ տարբեր կանանց հոտը սեռական հագեցումի հետ ուղեկցելու մթագնումից զոհերին խեղդամահ անելով,- նման անհավասարակշիռ խախտվածության կարող է հասցնել այնպիսի մի անմեղ բան, ինչպիսին գիրքն է: «Գրքերի հրկիզում» կազմակերպած նացիոնալ-սոցիալիստներն ու նրանց ֆանատիկները հաճույք էին զգում Հայնեի հրկիզված գրքերի հոտից:
— Գրքի եզրափակող կանխատեսումը տագնապեցնող է․ «Ամեն ինչ պատրաստ էր։ 19-րդ դարավերջում թամբած էր առաջին ավտոմեքենան, մնում էր հեծյալին նախապատրաստել, որ վարորդ պիտի կոչվեր։ Հեծյալ-վարորդը նույնքան էր հայտնի, ինչքան Բալզակն ու Ֆլոբերը։ Վարորդ լինելու՝ այդ ժամանակ «երկնքից իջած» մասնագիտությանը վերաբերվում էին իբրև հրաշքի, որ հմտացած է «երկաթե ձիուն» սանձահարելու աներևակայելի կարողության մեջ։ Այսօր Բալզակն ու Ֆլոբերը դեռ չեն կորցրել իրենց եզակիությունը, բայց 19-րդ դարավերջից ի վեր վարորդներն այնքան են բազմացել, որ ուզում ես զսպել վարորդական իրավունքի աճը․․․ Գալու են ժամանակներ, որ գրողների հսկայական բազմության մեջ,- անթվարկելի՜, անթվարկելի՜, անթվարկելի՜,- ինչպես առաջին վարորդների անուններն են մոռացվել, կմոռացվեն Բալզակն ու ֆլոբերը»։ Սա անկասելի՞ ընթացք է։ Եթե ոչ՝ ո՞րն է այն կասեցնելու հնարը։
-Անկասելի է: Մեր՝ բոլորիս ուղևորատոմսը մի կանգառով է ավարտվելու:
-Պարոնայք, իջեք վագոններից,- մեզ կհորդորի Ժան Բոդրիյարը,- սա վերջին կայանն է: Ռուս մի տիեզերագնաց պատմում է, որ ինքը դեռահաս ժամանակ կիսակառույց շենքի կռունկավարին խնդրել է՝ կռունկի ձգալարը իր գոտկատեղից կապած՝ իրեն բարձրացնի գետնից այնպես, որ կարողանա օդում լողալու իմիտացիա անել, որովհետև տեսել է անօդ տարածության մեջ հայտնված տիեզերագնացի: -Օդում կախված,- շարունակում է պատմել նա,- ատամի մածուկ էի ուտում, որովհետև լսել էի՝ տիեզերքում պահածոյացված պաստաներով են սնվում իմ երազանքի հերոսները,- դե՜հ, ատամի մածուկն էլ նման է դրան, ես էլ դա էի ուտում: Մարդը ավելի ու ավելի է կախված մնալու վիրտուալ իրականությունից,- իր զրույցում ասում է Ժան Բոդրիյարը,- ինձ լրացնել տալով այսպես՝ ճիշտ, ինչպես կռունկից կախված «տիեզերագնացը»՝ ատամի մածուկով, որ երևակայում է թռիչք մի անկշռելիության մեջ, ինչը միայն տիեզերքում է իրական վերապրումներ արթնացնում: Գոգենը ցավով է փաստում. -Այն, որ մենք՝ նկարիչներս մեծագույն տանջանքով մի գեղանկար ենք
արարում, իր հաղթարշավը սկսած լուսանկարչությունը, մանավանդ գունավոր, անելու է մի քանի վայրկյանում: Լուսանկարչություն բառը փոխեք «արհեստական բանականությամբ»: Խնդիրն այն չէ, այդպես կլինի՞, թե ոչ,- գեղանկարչությունը, համենայն դեպս, չմեռավ,- այլ մինչև ո՞ւր կարող է տանել «արհեստական բանականության» ճշմարտակեղծը արվեստում, գրականության մեջ և այլն…
Բորխեսը մի ամբողջ «գրադարան» էր ընթերցում մի էսսե գրելու համար,-հանձնարարի՛ր դա «արհեստականին» ու մի քանի րոպեում «արտադրանքը» պատրաստ է: Տագնապեցնող է այն, որ կարող է Բորխեսի տառապանքի ու ատամի մածուկի միջև սահմանը ջնջվել… այ սա՛ է սարսափելին: Տեղեկատվական բեռը, ինֆորմացված լինելու ճնշվածությունը աստիճանաբար նվազեցնում է
գեղարվեստական հրապուրանքին, հմայքին տրվելու բնազդի անմիջականության դերը մարդու մեջ: Ինչքան «հոգով աղքատ» էր մարդը, այնքան երանելի էր իր անգիտությամբ: Սա նույնիսկ գիտական փաստարկումով է — էվոլյուցիայի ընթացքում հմայվելու և հմայելու «գենը» հետընթաց է ապրել, նահանջել է իր գործուն միջամտությունից, այն դեպքում, երբ կենդանիներից, ասենք, շնաձկան մոտ պահպանվել է 60 %-ով: Պոեզիան այլևս այն հետաքրքրությունը չունի, ինչ ընդամենը 30-40 տարի առաջ էր: Պատճառը որոնեք ոչ թե ողբալով, այլ հասկանալով, թե որտեղ է բացատրությունը:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի