Արցախ

Պատերազմը չի մոռացվել  

22.12.2022

Սեպտեմբերի 27-ը մեր ընտանիքում սկսվեց ժպիտով, բայց այն քարացավ, երբ հեռախոսների էկրաններին կարդացինք պատերազմի լուրը։

Խուճապ էր։

Հեռուստատեսության բոլոր ալիքներով արտակարգ ռեժիմով պատմում էին պատերազմի մասին, ներկայացնում իրավիճակն Արցախի պաշտպանական գծի ողջ երկայնքով։

Հաջորդում էին պատերազմական ֆիլմերը։

Պատերազմի հենց առաջին օրը՝ կեսգիշերն անց, մեր գյուղը` Վաղաշենը, եռուզեռի մեջ էր։ Երիտասարդներից ոմանց առաջնագիծ մեկնելու ծանուցագիր էր եկել, ոմանք էլ կամավոր էին շտապում։

Պատերազմի առաջին օրը՝ կեսօրին, լսվեցին առաջին զոհերի անուններն, ու մայրս, որը սովորություն ունի աչքերը քոռացնելու բոլորի համար, ասաց. «Քոռանամ ես, ջահել եղնիկներ դնենք հողի տակ, հա՞»։

Օրը կիրակի էր։ Սեպտեմբերի վերջին կիրակին գյուղի ամենաակտիվ օրն էր։ Գյուղի չորս կողմում Շուշիի մասին երգ էր հնչում։ Գյուղապետարանում կամավորագրվելու էին գնացել անգամ այն երիտասարդները, որոնք խաղաղ պայմաններում առողջական խնդիրների պատճառով չէին անցել պարտադիր զինվորական ծառայություն, ու մերժում ստանալով՝ հետ էին գալիս, բայց շարունակ կրկնում էին` գնանք, թեկուզ ջուր տանք կամ մեր ախպերների քրտնած ճակատները սրբենք։

Օրը լուսացավ, եկավ սեպտեմբերի 28-ը, ու մեկը մյուսի ականջին պատմում էին, թե ինչ է տեղի ունեցել գիշերը։

«Երկու ախպեր կռվում էին, թե իրանցից ով պիտի գնա»։ «Տղեն պոստերն ա, հերն էլ ա գնացել գիշերը»։ «Էն Սամվելին չէին տանում, կռիվ տվեց, վերջը վրեն չկարեցան, նստավ, գնաց»։ «Զորոն էլ ալրաղացից եկավ ու գնաց»։ «Իր հագին շոր չկար, ասել են` մի՛ գնա, վերջը վրեն չկարեցան, ասեց` տղերքին մենակ չեմ թողի»։

Օրերն անցնում էին, ամեն օրն՝ ավելի լարված, ամեն օրն՝ ավելի մեծ համոզմունքով հաղթանակի հանդեպ։

Հոկտեմբերի 2-ին մայրս հաց էր թխում։ Կլորիկ ու սպիտակ գնդերը տեղավորելիս բետոնե սառը հատակի ծածկոցին մայրս հերթական աղոթքն էր մրմնջում։ Նա սովորություն ունի հաց թխելիս խմորի վրա ձեռքով խաչ անելու, իսկ վերջին հացը վառարանից հանելիս ասում է. «Էլ Աստված տա»։

Այդ օրը մորս աղոթքներում միայն հայրենիքն էր, մեր գյուղի կամավոր ու պարտադիր զինծառայողները, խաղաղությունը։ Ամեն գունդ բացելիս ու գրտնակելիս մեղուների բզզոցի տակ ես լսում էի մորս հերթական մրմնջոցը. «Աստված ջան, ջուր լցրու՛ էս կրակին, թող ջուր լցվի էս կրակին, էս ի՜նչ սև էր»։

Երեկոյան, երբ վերջին գունդը վառարան դրեց, շեղվեց ավանդույթից. «Էլ Աստված տա, խաղաղություն տա մեր խեղճ ու կրակ երկրին»։

Մութն արդեն ծածկել էր գյուղը։ Հանկարծ մայրս բացեց սենյակիս դուռն ու աղեկտուր ձայնով կանչեց` էս ի՜նչ  եղավ։

Մինչև կհասկանայի՝ ինչ է կատարվում, ու ինչու է այդքան հուզված, նրա աչքերից արցունքները գլորվեցին, ու արտասուքի միջից լսեցի մեր համագյուղացիների անծանոթ անունները։ Նրանցից մեկի անունը զրնգաց ականջներումս` Զորոն` մեր հարևանն ու խնամին։  

…Զոհվել էին…

Հայրս, որ երբեք խոր չի քնում, արթնացավ իմ ու մորս լացի ձայնից։ Միացրեց հեռուստացույցն այն պահին, երբ լուրերով հերթական զոհերի անուններն էին տալիս, բայց դրանց մեջ ոչ մի անուն չհամընկավ մեր լսած անունների հետ։ Հետո բարկացավ նման անհիմն լուրեր տարածողների վրա ու դեռ չէր հասցրել բարկությունը թափել, երբ հեռախոսը զանգեց, ու նույն պահին քեռիս բացեց մեր տան դուռը․ զոհվել են։

Գյուղում տարբեր առեղծվածներ էին հյուսվում այն մասին, թե ինչպես են զոհվել Նորայր Հայրապետյանը, Նորայր Բադոյանը,  Արտյոմ Խաչատրյանը, Զոհրաբ Արշակյանը, Արտյոմ Պետրոսյանը և Սամվել Գասպարյանը։

Գյուղում շրջանառվող վարկածով՝ Քարվաճառի դիրքերից մեկն առաջ են տվել, հոգնել են, հավաքվել են իրար գլուխ ու այդ պահին՝ հաշված վայրկյաններում, ԱԹՍ-ն հարվածել է։  

Հոկտեմբերի 4-ն ամենածանր օրն էր Վաղաշենում:

Մնացած բոլոր օրերին` մինչև պատերազմի ավարտը, գյուղում աղմուկ չկար, ու, թերևս, միակ աղմուկը լսվում էր հողամասերից, որտեղ բերքահավաք էր։ Բոլորը լուռ, անձայն, ամեն մեկն իր ցավը, իր վախը սրտում՝ կարտոֆիլ էր հավաքում, իսկ երբ խոսում էին, ասում էին՝ սա էլ ցրվելու մի նոր ձև է, լուրերից էսպես են կտրվում։

Մինչ օրս էլ Վաղաշենի նախկին ակտիվությունը չի վերականգնվել։

Հոկտեմբերի 1-ից Վաղաշենի մելամաղձոտ տրամադրության մեջ երկինքը սկսեց լուսավորվել աստղիկներով, որոնք սովորականից խոշոր էին ու ավելի վառ երանգ ունեին, քան աստղերը ։ Հետո գրառումներ հայտնվեցին սոցկայքերում, որտեղ հստակ երևում էին, թե ինչպիսի տեսք ունեն ԱԹՍ աստղիկները։ Երբ ՀՕՊ համակարգը պայթեցրեց օդը, տան բոլոր դռներն ու պատուհաները դղրդացին։ Վախեցանք։ Երևի առաջին անգամ պատերազմը մեր քթի տակ էր կամ գլխավերևում, իսկ հետո բոլորս ապշեցինք մեր վախից։

Մենք, ոչինչ չտեսած, վախեցանք, իսկ Արցախում, մահն աչքների առաջ, զինվորներն այնպիսի «անհոգ» ձայնով էին խոսում, որ ես մեր վախից ամաչեցի։

Հերթական բոլոր գիշերներում կանգնում էինք դրսում, անջատում բոլոր հնարավոր լույսերը, որ կարող էին տեղանքը մատնել, ու հաշվում էինք երկնքի աստղիկները՝ անհամբեր սպասելով, թե մեր ՀՕՊ համակարգը երբ պիտի ցրի մեր նշմարածները։ Հետո, երբ հերթական անգամ պատուհաններն ու դռները իրար էին զարկվում, մենք ուրախանում էինք. հակառակորդից էլի մի բան ոչնչացրին մերոնք։ Մենք էլ էինք ոչնչանում, բայց առավել հաճելի էր կարծել, որ հակառակորդդ կամ թշնամիդ հյուծվում է, ու երևի բան չի մնացել։

Հետո գյուղի պատմության մեջ նոր հերոսի անուն ավելացավ՝ Խաժակ Ֆորմիկի Գրիգորյան։ Էլի ցավ, արցունք, վիշտ ու տառապանք։ Ու ամեն անգամ, երբ գյուղից մեկն ընկնում էր, ինձ թվում էր՝ պատերազմի հաղթական ավարտից հետո քչերը ողջ կմնան։ Խաժակն ամուսնացած էր, ուներ 3 երեխա։ Պատերազմ էր գնացել կամավոր, սեպտեմբերի 27-ի գիշերը, բայց ոչ թե որդու մոտ, այլ Քարվաճառ, որտեղ անցել էին իր ծառայության տարիները։ Նրա հուղարկավորությունից հետո ասացին՝ իրական հերոս էր, չի վախեցել թշնամու առաջ կանգնելուց։  

Հաջորդ զոհն Արման Մալխասյանն էր՝ գյուղում հայտնի իր ընկերասիրությամբ։ Հանուն ընկերոջ էլ նետվեց առաջ ու անմահացավ հոկտեմբերի 14-ին։

Արմանի եղբայրն անձամբ էր գրկել նրա մարմինը, դրել Հայաստան եկող մեքենայի մեջ, իր վերնաշապիկով կապել, որ հեշտ գտնեն, բայց Հայաստանում նրան երկար ժամանակ չէին գտնում։ Ամեն վայրկյան ծնողները, հարազատները ու գյուղը սպասում էին, որ լսեն՝ ողջ է։ Օրերն անցնում էին հիվանդանոցներում ու դիահերձարաններում, փնտրում էին 6 օր շարունակ ու վերջապես գտան։

Մարմինը հողին հանձնեցին։

Արմանի նախնիները մշեցիներ էին, մորական կողմից ես ազգակցական կապ ունեի նրա հետ։ Ասում էին` ոգեշնչված էր մշեցի պապերի քաջագործություններով։ Մի մշեցի պապ էլ իմ պապն էր։ Արմանի կորուստն անդառնալի դարձավ նաև պապիս համար։ Նեղսրտելով էնքան մաշվեց, մինչև հիվանդանոց ընկավ։ Պապիկի հիվանդության անունն ինձ անհասկանալի մնաց, բայց նրա սպիտակ մազերն ավելի սպիտակեցին Արմանից հետո, ու մի գիշերում ծերացավ։ Պապս մահացավ հոկտեմբերի 25-ին։ Այդ օրերին գյուղը դեռ «կռիվ էր տալիս» ԱԹՍ-ների դեմ, աղոթում հարազատների համար։ Պապիկիս թաղման օրը գյուղը նոր հերոս ուներ՝ Արտյոմ Խաչատուրի Խաչատրյանը, որի հետ 12 տարի նույն դասասենյակում ենք նստել, ընկերություն արել։ Հիշում եմ՝ մյուս դասընկերոջս տատը (Նարեկ Մարտիրոսյանի, որը ևս այդ օրերին առաջնագծում էր) պապիկիս տանն էր։ Լալիս էր։ Ծերացած իր աչքերում վախ կար, սուգ, տառապանք ։ Երբ լսել էր Արտյոմի զոհվելու լուրը, շատ ծանր էր տարել. չէ ՞որ իր թոռան տարիքի էր, պատերազմը տարիք չէր ճանաչում։

Պապիս ինքնահողի օրն Արտյոմի թաղումն էր։ Արտյոմը պատերազմում զոհված վերջին վաղաշենցին էր։

Վիրավորներ ունեինք, բայց ոչ մեկը չէր անհանգստանում վիրավոր տղաների վիրավոր լինելու համար, որովհետև կարևորը ողջ էին։

Նոյեմբերի 8-ի առավոտյան  BBC միջազգային լրատվական կայքը գրել էր, որ ադրբեջանցիներն ազատագրել են Շուշին ու վերանվանափոխել Շուշա։

Ես չէի հավատում, ծիծաղեցի այդ մեծ «ստի» վրա, այնինչ երեկոյան ողջ հայությունը ցասման մեջ էր։ Փառահեղ հաղթանակը, որին սպասում էինք, վերածվեց ամոթալի պարտության։ Շուշին ընկել էր։ 44 օր փայփայած հաղթանակի հույսը միանգամից մեռավ։ Արցախի կորստի ցավը պատեց բոլորիս։  

Երկու տարի անց կարելի էր կարծել, թե պիտի համակերպված լինեինք անդառնալի կորստի հետ, բայց սուգ ունեցողներն ամեն օր կռիվ են տալիս բախտի, ճակատագրի, երկրի իշխանությունների ու թշնամու հետ։

Անցել է արդեն 24 ամիս։ Ինձ թվում էր` մոռացել էի պատերազմը, բայց այն քնել էր իմ մեջ ու արթնացավ այս տարվա սեպտեմբերի 13-ին, երբ ՀՀ սահմանին էլի կուտակումներ եղան, էլի զոհ ու վիրավորներ։ Ու հերթական անգամ գյուղ մտնող բոլոր ճանապարհներին սև ժապավենի վրա գրվեց՝ Արամ, 20 տարեկան։

Պատերազմը չի մոռացվել և չի ավարտվել ոչ մեկիս համար։

Լուսինե Ալեքսանյան 
Գլխավոր լուսանկարի աղբյուրը՝ wikipedia.org

No Comments

Leave a Reply