Անի Անտոնյան ԳրաԴաշտ

«Պատգամ»․ բանաստեղծությունների ժողովածու` կարոտի մասին

02.11.2022

Հոկտեմբերի 31-ին «Զանգակ» գրատանը կայացավ պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդու Պեսոայի MENSAGEM/«Պատգամ» գրքի շնորհանդեսը։ MENSAGEM-ը բանաստեղծի պորտուգալերեն գրված միակ ստեղծագործությունն է, որը հրատարակվել է նրա կենդանության օրոք՝ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին։ Գիրքը Պորտուգալիայի փառավոր անցյալի խորհրդանշական վերլուծություն է, «դժգույն» ներկայի քննադատություն և լուսավոր ապագայի կանխատեսում։ Բաղկացած է 44 բանաստեղծություններից, որոնք Պեսոան խմբավորել է երեք բաժնում՝ Պորտուգալական կայսրության ծնունդը, գործունեությունն ու անկումը։ Այս ստեղծագործությունը եզակի է նաև պորտուգալերենի արխայիկ ուղղագրության կիրառման տեսանկյունից։ Հայերեն թարգմանությունն իրականացվել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության «Երկկողմանի թարգմանություններ» մատենաշարի շրջանակում։ Թարգմանիչը Լուսինե Բրուտյանն է։ Տպագրել է «Էդիթ պրինտ» հրատարակչությունը։

«Այս գիրքն ինձ համար կարոտի ու հույսի մասին է։ Շառլ Ազնավուրը Լիսաբոնում եղած ժամանակ այսպիսի բան ասաց․ «Երկու ժողովուրդ կա, որոնք նույն նշանակությունն ունեցող բառ ունեն՝ հայերեն՝ «կարոտ», պորտուգալերեն՝ saudade: Երբ սկսվում են մեծ աշխարհագրական բացահայտումները, պորտուգալացի մայրերը նավերով ճանապարհում են իրենց որդիներին։ Շատերը չգիտեին՝ արդյոք էլի կտեսնե՞ն նրանց։ Նույնը հայերիս մոտ է»,- նշեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանը։

Խոսելով «Պատգամ»-ի թարգմանական դժվարություններից՝ Վահե Մխիթարյանը նկատեց՝ բանաստեղծություն թարգմանելը հեշտ չէ, բացի դրանից՝ Պեսոայի գրին բնորոշ է միստիկան։ Սա ոչ թե պարզապես բառացի թարգմանություն է, այլ այլաբանության և հստակ գաղափարախոսության փոխանցման փորձ։


«Պատգամ»-ը «Երկկողմանի թարգմանություններ» մատենաշարի առաջին ավարտուն գործն է, 2023 թվականին նախատեսվում է նաև պորտուգալացի հայտնի դրամատուրգ Ժոզե Սարամագոյի մեկ վեպի, ինչպես նաև հայ դասական ու ժամանակակից երկու գրողի ստեղծագործությունների թարգմանություն պորտուգալերեն և հայերեն։

«Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի խոսքով՝ Պեսոայի մասին խոսելիս պետք է դիտարկել առհասարակ պորտուգալական գրականությունը, որն անցել է նույն ուղին, ինչ եվրոպականը։ Պեսոան բազմիցս է հալածվել իր գաղափարախոսության համար, այդ պատճառով ստեղծագործել է այլ անուններով։ «Պատգամ»-ում նա հիշատակում է Հնգատիրության մասին։ «Ինչպես պորտուգալացի միսիոներ, քարոզիչ Անտոնիու Վիերան, այնպես էլ Պեսոան այս տերմինը վերցրել են Աստվածաշնչից․ Դանիել մարգարեն մեկնում է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի երազը՝ կանխատեսելով չորս՝ պարսկական, հունական, հռոմեական ու ասորական կայսրությունների ծագումն ու անկումը։ Հինգերորդ կայսրությունը, Պեսոայի համոզմամբ, պիտի դառնար Պորտուգալիան»,- մանրամասնեց Դավիթ Սամվելյանը։




«Էդիթ պրինտ» հրատարակչության գեղարվեստական խմբագիր, բանաստեղծ Նշան Աբասյանն ուշադրություն հրավիրեց հատկապես գրքում Պորտուգալիայի մշակույթի, բանահյուսության և պատմության բազմաթիվ հղումներին՝ գաղափարաբանական առումով Պեսոային համեմատելով Միքայել Նալբանդյանի հետ․ «Կարևոր է, որ բոլոր բանաստեղծությունների կողքին տողատակերը բացահայտող ծանոթագրություններ կան, որոնք ընթերցողին ներկայացնում են հերոսներին և ստիպում այլ աղբյուրներից մանրամասներ փնտրել։ Որպես ընթերցող՝ ինձ գրավեց գրագետ հայերենը։ Այս գիրքը միայն հույզի և ապրումի փոխանցում չէ, այն փիլիսոփայական վերլուծության պոեզիա է, դրանով պարզ է և ընկալելի»։

Հանդիպման ընթացքում ցուցադրվեցին նաև Պորտուգալիայում Ֆերնանդու Պեսոայի տուն-թանգարանի տնօրեն Կլարա Ռիզուի և թարգմանիչ Լուսինե Բրուտյանի տեսաուղերձները։ Թարգմանչի խոսքով՝ «Պատգամ»-ը դառնալու է Պորտուգալիան Հայաստանին ներկայացնելու այցեքարտ, ինչու ոչ, հայ արվեստագետները միգուցե ոգեշնչվեն Պեսոայի պոեզիայից և հայացքն ուղղեն դեպի իրենց իրական և առասպելական հզոր նախնիները՝ վերագտնելով նրանց կորովն ու ապրելու ցանկությունը։ «Պեսոան «Պատգամ»-ում երկու դեր ունի՝ հայրենասեր մարդ և համամարդկային արժեք։ Ամեն ինչ մարդկության համար, ոչինչ՝ ազգի դեմ, ասում էր բանաստեղծը։ Այս ստեղծագործությունը յուրահատուկ է նաև նրանով, որ Պեսոան այն ստորագրել է իր  անունով, ոչ թե՝ գրական դիմակի տակ։ MENSAGEM՝ MENS AGITAT MOLEM, այսինքն՝ միտքը շարժման մեջ է դնում նյութը։ Պեսոայի պոեզիան մի յուրահատուկ ճամփորդություն է, նավարկություն դեպի հոգու օվկիանոս»,- ամփոփեց թարգմանիչը։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Պորտուգալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սամուել Սամուելյանը, Պորտուգալիայի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը և այլք։

Անի Անտոնյան

No Comments

Leave a Reply