Պատմություններ, ընթերցումներ և մտերմիկ միջավայր Իսահակյանի տան աշնանային այգում։
Հոկտեմբերի 30-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը լի էր իսահակյանասերներով։ Կիրակնօրյա անցուդարձը կապված էր համամարդկային, ազգային բանաստեղծի ծննդյան 147-ամյակի հետ։ Իսահակյանն իր կյանքի վերջին տասը տարիները անցկացրել է այս տանը, որտեղ հյուր են եղել անվանի մարդիկ և ոչ միայն։ Թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանի խոսքով՝ տան դուռը միշտ բաց է եղել բոլորի համար։
— Առավոտյան արթնանում էր, կաթով սուրճ խմում, և անծանոթ մեկը դռան զանգը կարող էր տալ և ասել, որ ուզում է Վարպետին տեսնել։ Հետաքրքիրն այն էր, որ Իսահակյանը բոլորի համար ժամանակ ուներ, անկախ նրանից՝ հիվանդ էր, թե հանդիպում ուներ, երբեք ոչ ոքի չէր մերժում։ Հենց այդ պատճառով էլ նա գիշերն էր ստեղծագործում, երբ բոլորը քնած էին։
— Ասացիք, որ Իսհակյանը սիրում էր կաթով սուրճ խմել։ Ինչպե՞ս է եղել սրճախմությունը իր կյանքում։ Կա՞ն հետաքրքիր պատմություններ։
— Քանի որ նա ապրել էր արտասահմանում, բնականաբար, սրճարան այցելելու ավանդույթը կար նրա մեջ։ Իսահակյանը հենց Փարիզում է սովորել սուրճ խմել, և այստեղ վերադառնալով՝ իր համար շատ դժվար է եղել, քանի որ չկար այդ ավանդույթը։ Անգամ ծանոթներից մեկին խնդրել է, որ իր համար Մոսկվայից սուրճ բերի։
61 տարեկանում Փարիզում սիրահարվում է մի աղջկա՝ Արշալույս Գրիգորյանին։ Քանի որ տանը չէին կարող հանդիպել, որովհետև կինը՝ Սոֆին, տանն էր լինում, հանդիպում էին Փարիզի սրճարաններից մեկում։ Եվ երբ Արշալույսը չէր գալիս, Իսահակյանը նստում և սրճելով նամակներ էր գրում նրան։
Թանգարանի տնօրենը հավելեց, որ Իսահակյանի՝ սուրճ խմելու արվեստը ժառանգել էր նաև Վարպետի որդին՝ Վիգենը։ Ասում է, որ 95 տարեկանում ընկերների հետ դուրս էր գալիս սուրճ և լրագրեր գնելու։
Ինեսա Սուքիասյան
No Comments