Այս հրապարակումով ներկայացնում ենք Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի (ԳԱԹ)Թատերական ֆոնդերում պահպանվող բացառիկ մի ազդագիր, որն ունի հետաքրքիր նախապատմություն։
Հայ թատրոնի երախտավոր, դերասան, բեմադրիչ Արամ Վրույրը (Արամ Մինասի Վրույր (Մաքաշչյան), 1863-1924 թթ․) կարևոր դերակատարություն է ունեցել Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» թատերգության հանրահռչակման գործում։
«1890-ին Արամ Վրույրը բեմադրել է Սունդուկյանի «Պեպոն»՝ «կատարելապես չափած ու ձևած Պոլսի համար», խաղացել է Պեպո (ձկնորս Մերիկ անունով) և ընդունվել բացառիկ ոգևորությամբ»։ (Քաղվածքը Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն․ XIX դար» գրքից է)։
Ա․ Վրույրը նախ Սունդուկյանի թիֆլիսյան բարբառով գրված գործը վերածել է արևմտահայերենի, ապա կայացրել բեմադրությունը և հանձնել Պոլսի հայ հանդիսատեսի դատին 1890 թ․ մարտի 11-ին։ ԳԱԹ-ում պահպանվում և ցուցադրվում է այդ ներկայացման ազդագիրը։
Պոլսում կայացած «Պեպո» ներկայացման ազդագիրը

Հայ թատրոնի պատմությունից հայտնի է, որ Արամ Վրույրը առաջին արտիստն է եղել, որը ճանաչելի է դարձրել Հակոբ Պարոնյանին՝ որպես թատերագրի։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ թատերական բեմում նա է բեմադրել և խաղացել Պարոնյան, մանսավորապես՝ «Պաղտասար աղբար» թատերգությունը։ Իհարկե, մինչ այդ՝ Պարոնյանի մահվանից երկու ամսի անց, «Բաղտասար աղբարը» բեմադրվել էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, սակայն Արամ Վրույրը Պարոնյանի գործը բարձրացնում է իսկական թատերաբեմ ու դրանով տալիս մեկնարկը Պարոնյանի բեմական փառքի անկասելի հաղթարշավի։
Պարոնյանի հիշատակի առջև այս բացառիկ տուրքը մատուցելուց հետո էլ Արամ Վրույրը ձեռնամուխ է լինում մեկ այլ երախտաշատ առաքելության՝ արևմտահայերենի է վերածում Սունդուկյանի «Պեպո» թատերգությունն ու բեմադրում Պոլսում։ Եվ զարմանալի է, որ այս ներկայացումը հաջողություն է ունենում՝ հակառակ այն տարածված կարծիքի, թե Սունդուկյանի ստեղծագործությունն իր բարբառն ունի և այն չի կարող տպավորել, եթե մատուցվում է այլ լեզվով։ Անվիճելի է, որ թիֆլիսյան բարբառն ունի առանձնահատուկ համ ու հոտ, որը խաթարելու դեպքում արդեն հեռանում ենք Սունդուկյանից ու նրա հյութեղ լեզվաոճային շերտերով համեմված պատմություններից։ Բայց փաստորեն, Արամ Վրույրին հաջողվել է համարժեք արդյունքի հասնել արևմտահայերենով սունդուկյանական գործը մատուցելիս, ինչը խոսում է Վրույրի լեզվամտածողության ճկունության, գրական երկի գեղարվեստական շունչը լավագույնս զգալու և բեմական խաղի հետ այդ ամենը վարպետորեն զուգակցելու շնորհի մասին։ Համոզելու համար, որ Արամ Վրույրի ստանձնած և լավագույնս իրագործած այս առաքելությունը բնավ էլ դյուրին գործ չի եղել, թատերագետ, ԳԱԹ Թատերական բաժնի վարիչ Նաիրա Շահվալադյանը մեջբերում է Գառնիկ Ստեփանյանի վկայությունն այն մասին, որ Փարիզում նույնպես փորձ է արվել բեմադրելու և խաղալու Սունդուկյանի պիեսը արևմտահայերենով, սակայն Փարիզի հայ հասարակությունը չի ընդունել այս ներկայացումը՝ նախընտրելով Սունդուկյանի գործը տեսնել բեմում բնօրինակ լեզվով՝ թեկուզ և մասամբ այն հասկանալ չկարողանալու նախապայմանով։ Ասել է թե՝ Արամ Վրույրը իր բեմադրած «Պեպոյի» պարագայում լուծել էր իսկապես բարդ խնդիր, ասել է թե՝ այս գործում վճռորոշ է եղել ոչ միայն նրա բացառիկ բեմադրական և արտիստական շնորհը, այլև լեզվագիտական նրբություններին տիրապետելու բացառիկ կարողությունը։
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարները՝ հեղինակի և ԳԱԹ ֆոնդերից
Գլխավոր լուսանկարում՝ Արամ Վրույրը՝ Հին Ջուղայի գերեզմանոցում