Պիեր Մարտոյի համար Հայաստանը նաև հուզական հայտնություն էր
Ֆրանսիական ժամանակակից մշակույթի ամենահետաքրքիր դեմքերից մեկը՝ Պիեր Մարտոն, այն եզակի արվեստագետներից է, ում ստեղծագործական ուղին հիշեցնում է ինտելեկտուալ մի մեծ ճանապարհորդություն։ Սորբոնի համալսարանում կլինիկական հոգեբանի որակավորում ստացած և մասնագիտական առաջին քայլերը մարդկային հոգու ներաշխարհում արած Մարտոն հետագայում իր փնտրտուքները շարունակեց լրագրության, իսկ 1986 թվականից՝ դերասանական արվեստի տիրույթում։ Հենց այս բազմակողմանի փորձն է թերևս նրա կերպարներին հաղորդում այն առանձնահատուկ խորությունն ու հոգեբանական ճշգրտությունը, որով նա գերել է թե՛ կինոքննադատներին, թե՛ լայն հանրությանը։ Պիեր Մարտոյի կինեմատոգրաֆիական կենսագրությունը հարուստ է համաշխարհային կինոյի աստղերի հետ համագործակցությամբ. Կլոդ Շաբրոլից մինչև Էնկի Բիլալ և Ֆիլիպ Գարել՝ նա կարողացել է իր ուրույն տեղը գտնել հեղինակային կինոյի վարպետների կադրերում։ Սակայն նրա տաղանդի մեկ այլ՝ ավելի դասական կողմը բացահայտվում է թատերական աշխարհում։ Մարմնավորելով համաշխարհային դրամատուրգիայի բարդագույն կերպարները՝ Էդիպ արքայից ու Կրեոնից մինչև Բոմարշեի Կոմս Ալմավիվա, նա ապացուցել է, որ տիրապետում է թե՛ անտիկ ողբերգության, թե՛ դասական կատակերգության բոլոր նրբություններին։
Թեև հեռուստատեսային մեծ հանրաճանաչությանը, որը նրան բերեց կապիտան Լեո Կաստելիի դերը «Ավելի գեղեցիկ կյանք» հայտնի նախագծում, Մարտոն երբեք չի դադարել հավատարիմ մնալ բարձր գրականությանը։ Սկսած 2011 թվականից՝ նա նախաձեռնել է հանրային ընթերցումների մի բացառիկ շարք՝ հանրայնացնելով համաշխարհային գրականության գլուխգործոցները։ Այսօր արվեստագետը գտնվում է իր կարիերայի նոր և հզոր վերելքի փուլում. Ալբեր Կամյուի «Սիզիփոսի առասպելի» նրա հեղինակային բեմադրությունը ոչ միայն նվաճել է Եվրոպայի հեղինակավոր բեմերը, այլև հաջողություն է ունեցել Ավինյոնի փառատոնում։

Օրեր առաջ նա Հայաստանում էր և իր փորձով կիսվեց հայ երիտասարդ արտիստների հետ՝ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» շրջանակում։ Աշխատանքի հիմքում Ալբեր Կամյուի «Արդարները» պիեսն էր։ Սակայն, ինչպես նշում է վարպետը, նպատակը ոչ թե պիեսի ամբողջական բեմադրությունն էր, այլ դրվագ առ դրվագ դրա էության մեջ թափանցելը։ Մինչ մեկնարկը Մարտոն հստակ մեթոդաբանություն էր սահմանել՝ հեռու վերջնական արդյունքի պարտադրանքից։ Նրա համար սա «աշխատանք էր ընթացքի մեջ», որտեղ առաջնահերթությունը ստեղծագործական ազատությանն ու խաղային ուրախությանն էր․ «Չկա նպատակ որևէ տեսարան վերջնական ձևով բեմադրելու։ Մենք սկսեցինք սեղանի շուրջ ընթերցանությամբ՝ ժամանակ հատկացնելով յուրաքանչյուր գործողության և խոսքի մանրակրկիտ վերլուծությանը»,- նշում է վարպետը։ Հատուկ շեշտադրում էր արվել այն տեսարանների վրա, որտեղ հերոսների տեսակետները բախվում են. դա հնարավորություն էր տալիս ուսանողներին զգալ Կամյուի դիրքորոշումը քաղաքական պայքարի և բռնության հարցում, ինչը պիեսի հիմնական առանցքն է։ Իսկ արդեն բուն աշխատանքի ընթացքում Մարտոն դերասաններից պահանջում էր ամեն մի վայրկյանի «ապրված» լինելը։ Նրա համար բեմում գոյություն ունենալու նախապայմանը մտածող ներկայությունն է։ Հղում անելով Դեկարտին՝ նա ձևակերպում է իր թատերական հավատամքը. «Ես մտածում եմ, ուրեմն կամ։ Եվ բեմում, եթե մենք չենք մտածում նրա մասին, թե ինչ ենք ասում, գոյություն չունենք, և ինչ-որ պահի կորցնում ենք հանդիսատեսին»,- ասում է նա։
Պիեր Մարտոյի համար Հայաստանը նաև հուզական հայտնություն էր։ Նրան զարմացրել էր հայաստանյան իրականության մեջ պահպանված հարգանքն ու «վարպետ-աշակերտ» այն նուրբ հարաբերությունները, որոնք Ֆրանսիայում արդեն պատմություն են։ «Հայաստանում ինձ մոտ տպավորություն է, որ ես 50 տարի առաջվա Ֆրանսիայում եմ, բայց ոչ բացասական իմաստով։ Կան ընտանեկան արժեքներ, հարգանք, որոնք հնազանդության արժեքներ չեն, դրանք ուղղակի ընդունելու արժեքներ են»,- ասում է Պիեր Մարտոն։ Դերասանը նկատում է, որ մինչ Արևմուտքը տարված է արդյունավետության և նյութական հաջողությունների վազքով, Հայաստանում դեռևս կենդանի է «պարզ բաների հաճույքը»։ Զբոսնող ընտանիքները, իրար ձեռք բռնած երեխաները, զույգերը Մարտոյի համար դարձել են մարդկային իմաստության և քննքշության խորհրդանիշներ։
Արդեն խոսելով ժամանակակից թատրոնի մասին՝ Մարտոն անկեղծորեն մտահոգվում է ձևի գերակայության համար։ Նա կարծում է, որ այսօր հաճախ փնտրում են պատմությունը պատմելու անսովոր ձևեր՝ մոռանալով կերպարների ներքին ապրումների մասին։ Իր աշխատանքում նա ձգտում է «զրոյացնել» թատերական խաղը՝ հասնելով առավելագույն պարզության։ Հենց այդ պարզության մեջ է նա տեսնում հանդիսատեսի հետ անկեղծ երկխոսություն կառուցելու միակ հնարավորությունը։
Վովա Արզումանյան






