ԳիտաՆյութ Զավեն Բեկյան

Պոեզիան՝ Երկնքի և Երկրի արանքում

12.12.2023

Հրեշտակները Ոգու ոլորտինն են, մարմնական չեն և, հետևապես, անսեռ են, որովհետև բազմացման կարիք չունեն․ նրանք Բանի «արգանդից» են արտածվում։

      Մարդը Ոգու և Նյութի սահմանագծին գտնվող մի բան է, մի առեղծված և երկուսից է՛լ՝ Ոգուց էլ, Նյութից էլ, մաս ունի։ Ստորակարգը՝ նյութական աշխարհը, վիճելի է, թե ինչ պատճառի արդյունք է։ Արարչագործության վրիպում լինել չէր կարող, որովհետև Աստծո կատարելությունն աներկբա է, թեև կան «վրիպման» տեսություններ՝ հարթման, կաբալայի կողմնակիցներ և այլն։ Հավանաբար, Արարչին այն պետք էր Իր Մեծ խաղի համար, ինչպես երեխան իր խաղի համար օգտագործում է․․․ պլաստիլինը, մատների մեջ տրորում և հաճույք է ստանում, ծեփում քանդակներ և հաճույք ստանում․․․  Եվ մարդը, հավանաբար, շոշափուկի պես մի բան է, որի միջոցով Ոգին լողարկում է իրեն Նյութի հոսանուտ ավազանում, ԶԳՈՒՄ ԵՎ ԸՄԲՈՇԽՆՈՒՄ այն․․․ Այս մասին մի սքանչելի բանաստեղծություն ունի Ֆրիդրիխ Հյոլդեռլինը, որից մի հատված՝

               Քանզի ամեն ինչ չեն

               Երկնայինները կարող։ Զի որ մահկանացուները ավելի շուտ են հասնում

               Հատակը անդունդի։ ՈՒրեմն և ետ դարձավ նա՝

               Արձագանքը,

               Նրանց հետ։ Երկար է

               Ժամանակը, ճշմարիտը սակայն

                Կկատարվի։

«Մնեմոզինե»( գերմ․ թարգմ․՝ Հ Մովսեսի)։

       Բանաստեղծությունը՝ որպես Բանի իջեցում, աստվորացում, վերը բերվածին համապատասխան իրողությունների մեջ է, այն և՛ ոգեղեն է, և՛ նյութական շոշափումներով- Երկնքի և Երկրի միջակայքում է։

       Գրեթե Զուտ Ոգեղենի հարթության վրա գտնվող պոեզիան (թեև այն լիակատար ձևով, ամբողջապես այդպիսին լինել չի կարող, որովհետև այնուամենայնիվ մարդու ստեղծած է) ընտրյալների պոեզիա է, քիչ են իր ընթերցողները։ Զուտ Ոգեղենի հարթության պոեզիա գրողները կգերադասեին․․․չգրել, որովհետև նրանց ասելիքը ԼՌՈՒԹՅՈՒՆՆ է(«Շանթի՜հ, շանթի՜հ․․․»,- Թ․ Ս․ Էլիոթ )։ Նարեկացին մի ողջ միստիկ էպոպեա ստեղծելուց հետո, հավանաբար, խորհած կլիներ՝ «Ի վերջո Լռությունն է Էականը», բայց այդ տառապանքը միգուցե ավելի շատ արել է մեզ՝ մահկանացուներիս համար, իբրև ԲԱՆԱՎՈՐ ԽԱՉՅԱԼ, Աստծո զոհաբերություն․․․ Հավանաբար իրեն ավելի լավ է զգացել իր տաղերի մեջ՝ զնգու՜ն, շքեղ տերունական Բանի ժանյակներ․․․  Ֆրանցիսկ Ասսիզացին հասկանում էր թռչունների լեզուն, «սուպերպոլիգլոտ» էր, բայց գերադասում էր Լռել՝ Աստծո մեջ (փոքրատառով «լռելը» մարդկանց միջավայրի համար է)։

          Զուտ Ոգեղենի հարթության պոեզիային մերձ պոեզիա է, օրինակ, Էլիոթինը, Ռիլկեինը, Պոլ Վալերիինը և այլոց։ Դա դժվար գրվող և դժվար ընթերցվող պոեզիա է։

           Հասկանալի է, որ կա նաև Նյութականի հարթության պոեզիա, նույնիսկ՝ Զուտ Նյութականի հարթության պոեզիա։ Այն հեշտ է գրվում և հեշտ է ընթերցվում, ընթերցողներ շատ ունի։ Այնքան հեշտ է գրվում, որ այդ հեշտագրությունը հաճախ հանգում է․․․ հեշտասիրության։ Որովհետև մարդս ոգեղեն հրեշտակ չէ, սեռ ունի և առավելապես հանապազօրյա զսեռականիվս կեցցե․․․Այն հաճախ հանգում է․․․ սեռագրության, որի և պոռնկագրության միջև մի փոքրի՜կ, հեղհեղուկ սահման միայն գոյություն ունի։ Դրա մեծ գուրուն՝ Բուկովսկին, հայացքն ամբողջովին կտրելով Վերևից, լրիվ սևեռել էր Ստորինի վրա, իսկ այս հարթության վրա միայն․․․ գարեջուր է, տռփանք և այլ մարդախոշոշ, դժոխային կրակներով այրող․․․ զխկումներ ․․․

Զավեն Բեկյան

      

No Comments

Leave a Reply