Թատրոն Վովա Արզումանյան

Քարը՝ հիշողություն ու պայքար, քարը՝ Հայաստա՛ն

Քարը՝ հիշողություն ու պայքար, քարը՝ Հայաստա՛ն

Քարն ուժ է։ Սպասում։ Քարը պայքար է ու հավերժություն։ Կռիվ է ու պար։ Խաղ է ու տաղ։ Քարը ճակատագիրն է հայի։ Քարը Հայաստանն է։ 

Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում ներկայացված «Քարը» բեմադրությունը նվիրված է հայ քանդակագործության հանճարեղ ներկայացուցիչ, եռաչափ պատկերային մտածողության հիմնադիր Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին։ Սակայն ներկայացման նպատակը կենսագրական հուշագրություն չէ, այն ձգտում է բեմում ձևավորել ստեղծագործական հիշողության տարածք, որտեղ քարը վերածվում է ոչ միայն նյութի, այլև գաղափարական ու հոգևոր խորհրդանիշի։

Այստեղ քարը տուն է։ Քարը սյուն է։ Հիմքն է ամեն ինչի։ Լույս է ու բոց։ Քաղաք է ու մարդ։ Հոգու շշուկ է։ Մարդու ընկերն է ու սիրո վկան։ 

Բեմադրիչ Անդրանիկ Միքայելյանի մեկնաբանությամբ քարը բազմաշերտ նշանակություն է ձեռք բերել։ Այն միաժամանակ մարմնավորում է ստեղծագործական դիմադրությունը, ազգային հիշողությունը, ժամանակի ծանրությունը և ինքնության անքակտելիությունը։ Ներկայացումը զարգանում է ոչ թե սյուժետային բախումների, այլ խորհրդանշական փոխակերպումների միջոցով։ Ներկայացումը փորձում է վերարտադրել Քոչարի ներքին ստեղծագործական հակադրությունները՝ ավանդույթ և փորձարարություն, ճնշում և ինքնաարտահայտում, հայրենիք և օտարություն։

Այս հակադրությունները բեմում դառնում են շարժում, խոսք և պլաստիկ գործողություն։ Դերասանների հմուտ խաղի շնորհիվ  վերակենդանանում են քանդակները, շունչ են առնում ու խոսում։ 

Երաժշտական հյուսվածքը տեղ-տեղ համեմված է ժողովրդական հնչողության տարրերով, երբեմն էլ կարծես դիմադրում է բեմական գործողությանը՝ ստեղծելով ներքին լարվածության շերտ, սակայն այդ դիմադրությունը ևս ներառված է ընդհանուր գեղարվեստական տրամաբանության մեջ և այդպիսով ներդաշնակորեն միահյուսվում է մտածված բեմադրական լուծումներին։ Այս մոտեցումը երաժշտությանը վերապահում է ոչ միայն մթնոլորտային, այլև իմաստակերտ գործառույթ՝ այն դարձնելով լիիրավ համահեղինակ։

Սևադա Համբարչյանի երաժշտական ձևավորումը ներկայացման մեջ կատարում է ոչ թե ուղեկցող, այլ կառուցող դեր։ Ազգային և հոգևոր հնչողությունների համադրությունը ստեղծում է զգայական միջավայր, որտեղ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության տողերը վերածվում են ներքին օրհներգի՝ հնչելով ոչ թե որպես ուղղակի մեջբերում, այլ որպես բեմական գործողության խորքային ենթաշերտ։ Երաժշտության նման մեկնաբանությունը ձևավորում է յուրահատուկ լսողական տարածություն, որտեղ ժամանակն ու հիշողությունը միավորվում են մեկ ամբողջական զգացողության մեջ։ Բանաստեղծական խոսքը հնչում է տարբեր մակարդակներում՝ շշնջոցով, համախմբված ձայնով, վարագույրից անդին շարունակվող արձագանքով։ Այս լուծումը ընդգծում է ներկայացման հիմնական գաղափարը․ հայրենիքը բեմական պատկեր չէ միայն, այլ շարունակվող ներքին ձայն, ապրում, պատասխանատվություն։ 

Դերասանական կազմը (Մանվել Սարգսյան, Հարություն Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան, Արման Չոփիկյան, Միլենա Ղազարյան, Մարիա Սեյրանյան) բեմում ներկայանում է ոչ միայն կերպարային հստակությամբ, այլև զգալի պլաստիկական մշակվածությամբ։ Մարմնի շարժման ճշգրտությունը, ներքին հավասարակշռության զգացումը և գործընկերային զգայուն արձագանքը ձևավորում են միասնական բեմական օրգանիզմ, որտեղ յուրաքանչյուր դերակատար իր անհատական գոյամարտն ունի քարի հետ՝ երբեմն դիմակայելով, երբեմն հաշտություն գտնելով, ապա կրկին վերադառնալով պայքարին։ Այդ փոխհարաբերությունը կառուցվում է «դեմ ու միասին» ներքին ռիթմով, որը դառնում է ներկայացման զարկերակը։

Բեմական տարածության մեջ պայքարը ստեղծում է նյութի դիմադրության զգացողություն, որը փոխակերպվում է հոգևոր հաղթահարման։

Այս ներկայացումը Երվանդ Քոչար ստեղծագործողի հայացքով պատմություն պատմելու փորձ է ու սերնդի կոչ՝ ապրել, ապրել, ապրել․․․

Որովհետև․․․ 

Որովհետև քարն ուժ է։ 

Քարը ճակատագիր է։ 

Քարը Հայաստանն է։ 

Վովա Արզումանյան