Կերպարվեստ Մարտիրոս Ոբնեցի

Ռեմբրանդտ. «Անառակ որդու վերադարձը»

05.10.2024


Աշխարհահռչակ գեղանկարիչ Հյորմենս (ճիշտ արտասանությունը) վան Ռեյն Ռեմբրանդտի լավագույն կտավներից մեկը «Անառակ որդու վերադարձը» կտավն է, իր վերջին ստեղծագործությունը: Ռեմբրանդտը ծնվել է Լեյդենում 1606 թվականին և մահացել է 1669 թվականին: Այսինքն այս կտավի ծննդյան տարեթիվն է 1669: Բայց Ռեմբրանդտը այն վրձնել է մի ամբողջ տարի` սկսած 1668-ից: Մեծ հոլանդացին եղել է ջրաղացպանի որդի, տեղափոխվել է Ամստերդամ, ողջ կյանքը ապրել այնտեղ: Հակառակ իր ունեցած փառքին ու հարստությանը, կյանքի վերջին տարիներին ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: Այնքան աղքատ է եղել, որ երկրորդ կնոջ՝ Հենդրիկեի մահից հետո, որպեսզի նրա գերեզմանին կարողանա տապանաքար դնել, իր առաջին կնոջ՝ Սասկիայի գերեզմանաքարը, որը արժեքավոր էր (Սասկիան մահացավ 1642 թվականին, իսկ դա Ռեմբրանդտի հարուստ, ճոխ կյանքի տարիներն էին), վաճառեց և ստացված գումարով երկու՝ ավելի էժան տապանաքար ձեռք բերեց իր վաղամեռիկ կանանց շիրիմների համար:

Նրա արվեստի բնորոշ գիծը կերպարների կենսունակությունն է, մարդկային խորը հոգեբանությունը: Լուսաստվերը՝ իր էֆեկտներով, նրա կտավներում կերպարների ներաշխարհը բացահայտելու միջոց լինելով հանդերձ, դառնում է տվյալ կտավի հերթական գործող անձը, աննյութական մի պերսոնաժ, որը քեզ պատմում է տվյալ կտավի պատմական ողջ անդրադարձը, կերպարի կենսագրությունը, ներաշխարհի դրամատիզմը, փիլիսոփայական մեկնակետը: Այն, ինչը յոթը փակի տակ է մարդու ներաշխարհում, Ռեմբրանդտը մոգական վրձնահարվածներով կարողացել է ի ցույց դնել կտավի վրա։ Եվ ոչ այնքան դա է նայողին շշմեցնողը, որքան այն խորհրդավոր, գերբնական, անշարժացած պահը, որից դենը շարժումն է: Եթե մի փոքր երկար նայես կտավին, կսկսի շարժումը, և կտավից քեզ նայողը կխոսի: Ստեղծած պատրանքը Ռեմբրանդտի զորությունն է:

Ռեմբրանդը եղավ այն գեղանկարիչը, ով կարելի է ասել, միջնադարյան նիդերլանդական կերպարվեստի նվաճումները ի մի բերեց` ստեղծելով մի նոր որակ, մի նոր բարձունք, ինչը դարձավ կերպարվեստի համաշխարհային պատմության փառահեղ էջերից մեկը։ Ռեմբրանդտով ամփոփվում և ավարտվում է հոլանդական Վերածնունդը։ Խնդիրը միայն նրա կտավներում առկա ռեալիզմն ու մարդկային հոգու խորը դրամատիզմը չէ, նորություն էր նաև նրա աշխատելու տեխնիկան։ Ցայսօր էլ առեղծվածային է մնում նրա օֆորտի ժանրում արած աշխատանքների տեխնոլոգիան։

Աստվածաշնչյան հայտնի առակի պատմություն է ընկած այս կտավի հիմքում, ըստ որի՝ կրտսեր որդին հորից պահանջում է ունեցվածքի իր բաժինը, և հայրը այն կիսում է երկու եղբայրների միջև: Կրտսեր որդին իր բաժինը վերցնում և հեռանում է ուրիշ երկիր: Վարելով ցոփ ու շվայտ կյանք, ողջ դրամը մսխում է և հայտնվում աղքատության մեջ։ Ստիպված է լինում սրա-նրա մոտ ծառայություն անել, խոզ պահել մի կտոր հացի համար: Ի վերջո մի օր մտածում է, որ իր հայրը ուրիշներին է ծառա պահում իր մոտ, մինչդեռ ինքն այստեղ ապրում է աղքատ ու կիսաքաղց: Եվ վճռում է տուն վերադառնալ: Ռեմբրանդտը պատկերել է այդ հանդիպման կուլմինացիան: Գեղանկարիչն այնպիսի վարպետությամբ է վրձնել կտավը՝ հիմնականում մուգ գույներով, որ լուսավորվի միայն կտավի կենտրոնական մասը` մեր ուշադրությունը բևեռելու համար հոր և որդու վրա*: Հայրական սիրո ինչպիսի՜ դրսևորում կա ծերունու պահվածքում: Որդին չոքել է հոր առաջ, այսինքն հոր ոտքերն է ընկել ի նշան մեղանչումի: Մենք նրա դեմքը չենք տեսնում, և դա Ռեմբրանդտի ստեղծագործական նվաճումներից է: Ու հարկ է նկատել, որ այս կտավի կոմպոզիցիան կառուցելիս Ռեմբրանդտը հաշվի է առել ամեն մի մանրուք։ Կտավում չկա ոչ մի ավելորդություն: Միանգամայն ճիշտ է ընտրված կերպարների տեղն ու դիրքը, ռակուրսը, լուսաստվերի հարաբերությունը, ինչն էլ տեսարանը դարձնում է կենդանի, հույզերով առլեցուն: Եթե մենք չենք տեսնում անառակ որդու դեմքը, իսկ դա Ռեմբրանդտին պետք չէր, քանի որ պիտի նվազեցներ տեսարանի հուզականությունը, փոխարենը թափառականի ապրած կյանքի, կրած զրկանքների ու հոգեկան տառապանքների մասին չափազանց շատ բան է պատմում նրա վերքաշատ, ոջլոտ գլուխը, նրա քրջոտ հագուստը, ինչպես նաև կտավում ուշադրություն գրավող անառակ որդու բոբիկ ներբանը, որը օտար ճամփերքի վրա երկար դեգերելուց է ճաքճքել, կեղտոտվել ու փոշոտվել:

Եվ եթե այս ամենը ներկայացնում է թափառականի կյանքով ապրածի կենցաղն ու սոցիալական վիճակը, ապա ոտքից դուրս եկած կոշիկը ներկայացնում է անառակ որդու երկակի հոգեվիճակը: Առաջին պահ է թվում, թե կոշիկը ոտքից դուրս է եկել ու արվեստաբաններից գրեթե ոչ ոք չի կարևորում դա՝ կոշիկի գոյությունը՝ կենտրոնանալով վարպետորեն վրձնված բոբիկ ոտքի վրա: Այնինչ Ռեմբրանդտը կոշիկի միջոցով այլ բան է ասում: Եթե կոշիկը ոտքից ընդամենը դուրս եկած լիներ, դա պետք է տեղի ունենար որդու՝ հորն ընդառաջ գնալիս, այսինքն կոշիկը պետք է գտնվեր կտավը դիտողին ավելի մոտիկ, մինչդեռ այն գտնվում է մյուս կոշիկի հարևանությամբ: Ասել է թե` տուն եկած որդին ինքն է հանել կոշիկը (տուն եկողը հանում է ոտնամանները: Բոսխի նույնանուն կտավում անառակ որդու մի ոտքին հողաթափ է: Տես նաև Ռեմբրանդտի «Սուսաննան և ծերունիները» կտավը, որտեղ Սուսաննան շփոթմունքից չի կարողանում հագնել կոշիկը): Այնպես որ Ռեմբրանդտը և՛ այստեղ է կոշիկն օգտագործել որպես կերպարի հոգեվիճակը ներկայացնելու միջոց: Ուստի պատահական չէ, որ տուն եկած որդին հանել է մի ոտնամանը միայն։ Նա երկմտանքի մեջ է, նա դեռ չգիտի՝ հայրը իրեն կների, թե տնից դուրս կվռնդի: Իսկ հայրը, որ համարյա կույր է, ողջ էությամբ հասկանում է որդու մտատանջությունը: Նրա կասկածները փարատելու համար, ոչ թե որդուն գրկել է, այլ ծեր արծվի նման առել է իր թևերի տակ, ինչը նշանակում է սատար լինել, թև-թիկունք դառնալ, հայրություն անել: Կտավում գտնվող մյուս չորս անձինք, որոնցից մեկը ծերունու ավագ որդին է, այդ է հուշում նրա պահվածքն ու մտախոհ հայացքը, ընդհանուր առմամբ գոհ են տեղի ունեցածի համար։ Ավագ որդին, ինչ խոսք, նույնպես գոհ է, որ կրտսեր եղբայրը ողջ է , և տուն է եկել, ինչը ուրախացրել է իրենց հորը, բայց միևնույն ժամանակ նաև մտահոգ է նա, քանի որ այս իրադարձության պատճառով ինքը ստիպված է լինելու մորթել մատաղացու եզը: Ու հիմա մտովի հաշվում է, թե ինչքան գումար է ծախսվելու և իր վրա որքան թանկ է նստելու եղբոր այս վերադարձը: Բայց այդ կերպարների ներկայությունը կարծում ենք Ռեմբրանդտը ոչ միայն վրձնել է կոլորիտի համար, այլև Ռեմբրանդտը ուզում է ասել, որ ծերունին այդ ողջ տարիներին չնայած շրջապատված է եղել հարազատ-բարեկամներով, բայց միևնույն է, հայրական սիրտը շարունակ տոչորվել է հեռուներում գտնվող որդու կարոտից:

Զավակի հանդեպ ունեցած ծնողական սիրուն ոչինչ և ոչ ոք փոխարինել չի կարող, ահա թե ինչու այդ մարդիկ Ռեմբրանդտի վրձնի տակ մղվել են երկրորդ և երրորդ պլան: Կտավին նայելիս մարդ ուղղակի խոնարհվել է ուզում այն անսահման լավատեսության, սիրո ու բարության առաջ, որ Ռեմբրանդտն էր տածում մարդկության ու աշխարհի նկատմամբ։ Չնայած կյանքը նրան դաժան ճակատագիր էր բաժին հանել. հոլանդական հարկադիր ծառայությունը , որը ավելի անողոք ու դաժան էր, քան իսպանական ինկվիզիցիան, գեղանկարչին ունեզրկել էր՝ աճուրդի հանելով նրա ողջ ունեցվածքը պարտքերի դիմաց, մարդ, որը կորցրել էր ոչ միայն իր երկու կանանց, այլև իր քսանյոթ ամյա որդուն՝ Տիտուսին , որը նույնպես նկարիչ էր, և ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, այդուհանդերձ չչարացավ մարդկության ու աշխարհի հանդեպ։ Լավագույն վկայությունը ներկա կտավն է։
Ծնողական սիրո յուրատեսակ ձոն է այս կտավը, և կարելի է ասել՝ Ռեմբրանդտի կտակն է, հորդորը, պատվիրանը` ուղղված մարդկությանը. մարդ արարածը վեհանում է իր մերձավորի նկատմամբ ունեցած սիրով, ներողամտությամբ, կարեկցանքով, ինչի շնորհիվ էլ այս դաժան աշխարհում հեշտանում է ապրելը:


*Այս տեխնիկան առաջինը կիրառել է իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոն (1573 — 1610 թ.թ.)

Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)