Սարոյանական աշխարհը՝ տանիքում
Այս անգամ ձեզ պատմելու ենք «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» ներկայացման մասին, որը կարող եք դիտել կամ ընկերների հետ, կամ՝ ընտանիքով, ոչ մի դեպքում միայնակ դիտելը չի խրախուսվում։ Որովհետև այն ջերմությունն ու հոգատարությունը, որ բեմադրող ռեժիսորը փորձել է փոխանցել, հասցեատերեր ունի։
Երևի լսել եք «Թատրոն տանիքում»-ի մասին։ Թեև եղանակային անբարենպաստ պայմաններին՝ տանիքում տաք է, հնչում է կենդանի երաժշտություն, որի ուղեկցությամբ էլ գնում ենք ներկայացում դիտելու։

Վիլյամ Սարոյանի երկու հանրահայտ ստեղծագործություններին Մհեր Զաքարյանն է համարձակորեն ձեռք մեկնել։ «Հայրիկ, դու խենթ ես» և «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» ստեղծագործությունների նմանօրինակ մատուցումը վկայում է երիտասարդ ռեժիսորի բեմադրաոճի առանձնահատկությունների մասին։ Երկու տուն, երկու կիսված աշխարհ, որ թեև թվում է՝ առաջին իսկ վայրկյանից կմերձենան այդ աշխարհում ապրող մարդիկ, նոր հարցեր է առաջացնում, կանգնեցնում կարևոր որոշումների առաջ, լարվածության մեջ պահում, պահի տակ թուլացնում ու դող ներարկում հոգում։ Այստեղ հանդիսատեսն իրեն զգում է ոչ թե դիտորդ, այլ նույն ընտանիքի անդամ։ Երբեմն տարօրինակ, երբեմն անտրամաբանական, բայց անչափ սիրելի կերպարներ, որոնք ազատության, մանկական խաղի, կյանքի հանդեպ հում ու անկեղծ վերաբերմունքի մարմնավորումներ են, կարող են սխալվել, կարող են խենթանալ, բայց երբեք չկորցնել կյանքի զարկերակը՝ մարդկային ջերմությունը։ Ներկայացման դադարները շատ են։ Սա գուցե այն լռությունն է, որտեղ կուտակված են անսահման հոգատարությունը, սպասումը, մարդու երևակայության անսահմանությունը։

Բեմում ամեն ինչ կառուցված է հիշողության տրամաբանությամբ․ կարծես թերթում ենք ընտանեկան ալբոմ։ Այս մոտեցումը շատ հարազատ է հենց Սարոյանի գրականությանը, որտեղ սյուժեն հաճախ երկրորդական է, առաջնայինը զգացողությունն է ու այդ պահի կյանքը։
Ռեժիսորին հաջողվել է փոխանցել Սարոյանի տեքստերի տրամադրությունը։ Նա կարողանում է աշխատել լռության, դադարի, կիսատ խոսքի հետ՝ այն դարձնելով նույնքան խոսուն, որքան մենախոսությունը։ Տեսարանների միջև անցումները երբեմն նուրբ են, երբեմն էլ խառնվում է ամբողջ ներկայացման տրամաբանությունը։ Թեև վստահ լինելով, որ ռեժիսորը դերասանների հետ աշխատելիս փորձել է այնպես անել, որ կերպարները բնավորության գծերն ամբողջությամբ «ժառանգեն» ու իրենցը դարձնեն՝ բնական խաղ ստանալու համար, որոշ դեպքերում այն չի հասել իր նպատակակետին։ Դերակատարները (Ռոզի Ավետիսովա, Լևոն Զաքարյան, Էդուարդ Մալյան, Ռայա Հովհաննիսյան, Մարի Գրիգորյան, Արամ Կոստանյան) ձևավորում են այն կենդանի, շնչող միջավայրը, որտեղ յուրաքանչյուր կերպար գոյություն ունի որպես հիշողության մի հատված։ Նրանց խաղը հաճախ կառուցված է փոքր ժեստերի, կիսատ հայացքների, կենցաղային շարժումների վրա, որոնք աստիճանաբար վերածվում են դրամատիկական հենքի։ Թեև կրկնեմ՝ նշելով՝ «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» ներկայացումը ոչ այնքան պատմություն է, որքան վիճակ, զգացողություն, հանդիպում սեփական հիշողությունների հետ։

Այս ներկայացումը ցույց է տալիս, թե որքան արդիական են Վիլյամ Սարոյանն ու իր գրական տարածքն այսօր։ Նրա խոսքը ժամանակից դուրս է, որովհետև այն վերաբերում է ամենապարզ, բայց ամենադժվար պահվող արժեքներին՝ ընտանիք, սեր, համբերություն, մարդ լինելը։ Այսպիսով ստացվում է տաք, ընտանեկան ներկայացում։
Այստեղ, իհարկե, ընտանիքը չի իդեալականացվում․ կան դժվարություններ, ֆինանսական խնդիրներ, հոգնածություն, բայց կա ամենակարևորը՝ միասին լինելու զգացումը։

Ջերմ, մարդկային և խորապես անձնական հանդիպում է Սարոյանական աշխարհի հետ։ Սա այն ներկայացումներից է, որտեղ թատրոնը պարզապես դառնում է մի տուն՝ հիշողություններով, ծիծաղով, ցավով ու ամենակարևորը՝ սիրով լցված։
Վովա Արզումանյան






