«Ո՞վ էր նա՝ այդ հանճարեղ Փարաջանովը՝ կինոպոե՞տ, գեղեցկության մո՞գ, չհասկացված գեղագե՞տ, հնավաճա՞ռ, հեքիաթասա՞ց, աճպարա՞ր, նկարի՞չ, հալածյալ հրեշտա՞կ, քաղաքական այլախո՞հ, թե՞ պարզապես ազատատենչ մարդ»։
Այս հարցի պատասխանները գտնելու տարիների պրպտումները հեռուստալրագրող Նունե Ալեքսանյանն ամփոփել է իր «Սերգեյ Փարաջանով․ Հավերժական շարժում» ժողովածուում։ Շնորհանդեսը կայացավ մայիսի 22-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։
Ժողովածուում ընդգրկված են ռեժիսորի կյանքի և գործունեության տարբեր փուլերին, բարեկամական և ստեղծագործական կապերին վերաբերող նյութեր։ Ընթերցողը տեսնում է հեղինակային կինոյի մասին Փարաջանովի ընկալումները, գեղարվեստական սկզբունքներն ու հավատամքը։
Նրա մասին էսսեները, հուշերը, նրա կյանքի կարևոր դրվագները, նրան քաջածանոթ արվեստագետների հետ հարցազրույցները ցույց են տալիս պոետիկ կինոյի մեծ վարպետի թողած ազդեցությունը։

Գրքում առանցքային է առաջին՝ «Հավերժական շարժում» գլուխը, որում ռեժիսորի հրապարակային ելույթներն են, սակավաթիվ հարցազրույցները, նամակներ ու տեքստեր։
Նունե Ալեքսանյանի խոսքով՝ Փարաջանովի մայրենի լեզուն հայերենը չէր, բնականաբար նա ստեղծագործել է այլ լեզվով։ Եվ դա է պատճառներից մեկը, որ ժողովածուում առանձնահատուկ տեղ է հատկացված Փարաջանովի հայկական ինքնությանն ու Հայաստանի հետ մշակութային կապին։
«Ժամանակի փոշին ծածկում է նույնիսկ ամենամեծ երևույթները։ Իմ կարծիքով՝ Փարաջանովի անվան շուրջ առավելապես միֆն է գերակայում, քան իրականությունը։ Ինձ համար շատ կարևոր էր փաստերով արձանագրված պատմություններ ներկայացնել հանրությանը»,- նշում է հեղինակը։
Իր հետազոտության ընթացքում բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է գտել։ Դրանցից մեկը երկու ընկերների՝ Փարաջանովի և Փելեշյանի այցն էր Կիևի օպերային թատրոն։ Արտավազդ Փելեշյանը պատմում է՝ երբ ներկայացումից փոքր-ինչ ուշացած հյուրերը դահլիճ են մտնում, արտիստները ընդհատում են իրենց խաղն ու սկսում ծափահարել Փարաջանովին։

Սակայն հեղինակին ամենաշատը հուզել են Փարաջանովի հուղարկավորության մանրամասները․ այն նույնքան արտասովոր էր, որքան ինքը՝ ռեժիսորը։ Նունե Ալեքսանյանը նկատում է՝ մեր երկրում սիրում են մերժել հանճարներին, բայց հաճույքով ընդունում են նրանց աճյունները։
Կինոգետ Սիրանույշ Գալստյանի դիտարկմամբ՝ Փարաջանովը գեղեցիկի պաշտամունքը հասցնում էր գերադրական աստիճանի։ Իր աշխարհն էկրանին արարելու ընթացքում նա արեց կինոյի պատմության մեծագույն գյուտերից մեկը՝ իր ձեռքով ստեղծած իրականությանը հաղորդելով կինեմատոգրաֆիկ հավաստիություն։ Նա չէր կարողանում համակերպվել, որ իր կինոխցիկը կարող է ֆիքսել միայն գոյություն ունեցող ֆիզիկական իրականությունը։ Որոշ ֆիլմերում հենց փարաջանովյան «դիտանկյան» շնորհիվ հանդիսատեսի առջև բացվում է մեկ այլ, նոր աշխարհ՝ տիկնիկային անիմացիա։ «Շատ զարմանալի երևույթ է՝ Փարաջանովն իր ստեղծածը հավերժական շարժում է անվանում այն դեպքում, երբ նրան մեղադրում էին ստատիկ կադրեր անելու մեջ։ Իրականում կանգնեցնելով կադրը՝ նա հայտնագործեց շարժման հակառակ երեսը։ Փելեշյանի կինոյում, հակառակը, շարժման անընդհատություն է, բայց նա ֆիքսում է դադարը։ Այս երկու մարդկանց ամեն կադրի մեջ խտացված է հավերժությունը, և սա պետք է ընկալվի որպես հայի հավերժություն»,- ասում է կինոգետը։

Խոսելով ժողովածուում տեղ գտած նյութերի բացառիկության մասին՝ «Վերնատուն» հրատարակչության խմբագիր Արմեն Սարգսյանը կատակով նշում է՝ Արտավազդ Փելեշյանն առաջին անգամ հենց գրքից է իմացել, թե իր մասին ինչ է ասել Փարաջանովը 1988 թվականին Փարիզում կայացած հարցազրույցի ժամանակ։ Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ կփոխեր, եթե լիներ Խորհրդային Միության մշակույթի նախարարը, Փարաջանովը պատասխանել էր. «Ռեժիսորների մեծ մասին կուղարկեի կորպորատիվ ֆիլմեր նկարելու և կթողնեի միայն Փելեշյանին ու Կլիմովին»։
Անի Անտոնյան