Սիրանույշի բեմական հագուստը
Սիրանույշը (Մեսրոպե Գանթարջյան, 1897-1932) ծնվել է Պոլսի Բերա թաղամասում, ատաղձագործի ընտանիքում։ Թատրոնի հետ նրա կապը պայմանավորված էր ընտանեկան բարենպաստ հանգամանքներով․ նա հայտնի դերասանուհի Ազնիվ Հրաչյայի ազգականուհին էր, դերասանուհի Աստղիկ Գանթարջյանի քույրը։ Վաղ տարիքից սկսել է խաղալ Մաղաքյանի, ապա Վարդովյանի թատերախմբերում։
Պետրոս Ադամյանից հետո Սիրանույշն էր, որ յուրօրինակ կամուրջ դարձավ արևմտահայ և արևելահայ թատրոնների միջև՝ իր արվեստով հավաստելով նույնարմատ ծառի երկու ճյուղերի ներդաշնակությունն ու նրբերանգային տարբերությունները։ Նա ոչ միայն այս առաքելությամբ, այլև կոնկրետ ստեղծագործական կյանքի դրվագներով դարձավ Պետրոս Ադամյանի հետևորդը․ 1901 թ․ Թիֆլիսում բեմադրված Շեքսպիրի «Համլետում» խաղացած դանիացի արքայազնի դերում Սիրանույշը հանդես է եկել ըստ Պետրոս Ադամյանի Համլետի բեմական զգեստի կարված հագուստով։ Հայ թատերագիտության մեջ բազմաթիվ են զուգահեռները Ադամյանի և Սիրանույշի Համլետների միջև։ Բայց Սիրանույշի այս կերպարը նաև այլ զուգահեռների համար է հիմք ծառայել։ Նրանից առաջ Համելտի դերում հանդես էր եկել Սառա Բեռնարը։ Այս հանգամանքով պայմանավորված՝ հաճախ շրջանառվել է հայկական Սառա Բեռնար բնորոշումը Սիրանույշի Համլետի առնչությամբ։
Տաղանդավոր դերասանուհին հանդես է եկել Երևանում, Նախիջևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում՝ մարմնավորելով հայ և համաշխարհային դրամատուրգիայի նշանավոր կերպարներ՝ Մեդեա, Ռուզան, Հովհաննա, Մարգարիտ Գոթիե։
Դերենիկ Դեմիրճյանն այսպես է բնորոշել անմահ դերասանուհուն․ «Բարդ, կնճռոտ խնդիրներ, անելանելի հոգեվիճակ, պայքարի անհրաժեշտություն, կործանման անխուսափելիություն, կրքերի տիրապետություն, բողոք, տանջանք, մրրակհույզ ընթացք»։
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում են պահպանվում հայ բեմի թագուհու արժեքավոր մասունքները, որոնց մեջ իր առեղծվածային պատմությամբ առանձնանում է նրա խաղացած Համլետի բեմական հագուստի մեկ բաղադրիչը՝ գլխարկը։
Սիրանույշի Համլետի գլխարկը

ԳԱԹ Արվեստի բաժնի ղեկավար, արվեստագիտության թեկնածու Նաիրա Շահվալադյանի փոխանցմամբ՝ գլխարկը միակ նմուշն է Սիրանույշի կրած համլետյան հագուստից, որ հասել է Հայաստան և հանձնվել թանգարան։ Այս պատմության վրա լույս է սփռում թատերական ֆոնդերում պահպանվող մի նամակ՝ ուղղված թանգարանի այն ժամանակվա տնօրեն Սարգիս Մելիքսեթյանին։ Նամակն ուղարկվել է Եգիպտոսից՝ Ադրիանապոլսից, 1969 թ․ դեկտեմբերի 22-ին։ Գրողը Անդրանիկ Մկրտիչն է (Մկրտիչ Սեդրակ Բեմպէճեան)։
Անդրանիկ Մկրտիչի նամակը

Նամակում պատմվում է, որ կան որոշ հայ գործիչներ, որոնք արգելք են հանդիսանում Սիրանույշի իրերը հայրենիք տեղափոխելուն, բայց նամակագիրը հավաստիացնում է, որ իր կարողության սահմաններում կանի ամեն բան, որպեսզի դրանք հասնեն Հայաստան։ Նաև խնդրում է, որ Հայաստանում քայլեր ձեռնարկվեն՝ Սիրանույշի աճյունը տեղափոխելու և հայ մեծերի կողքին՝ Երևանի պանթեոնում հուղարկավորելու ուղղությամբ։ Նամակում մասնավորապես գրված է․ «Համլետի հագուստը և սուրը հանձնած են 1962-ին ներգաղթող Տիգրան Աղլաղանիանին, որ իբր թե զանոնք ծով նետած է»։
Ավաղ, չկան այլ պարզաբանումներ և տեղեկություններ Սիրանույշի բեմական հագուստի անհետացման վերաբերյալ, բայց մեծ բարեբախտություն է, որ գլխարկը գոնե հասել է մայր հայրենիք և այժմ այն կարելի է տեսնել ԳԱԹ հիմնական ցուցադրության սրահներից մեկում։
Կարինե Ռաֆայելյան
Լուսանկարներում՝ ԳԱԹ ֆոնդերում պահպանվող ցուցանմուշներ






