Հոկտեմբերի 13-ին, 15-ին և 16-ին՝ ժամը 19:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, որը երկարատև դադարից հետո վերականգնվել է և դարձյալ թատրոնի խաղացանկում է: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան, բեմադրող բալետմայստեր՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչ, նկարիչ՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձե։
Ներկայացումը վերականգնվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենակատարները:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ տեղի է ունեցել 2009 թվականին: Արամ Խաչատրյանը «Սպարտակ» բալետը գրել է 1954 թվականին: Լիբրետոյի հեղինակն է Նիկոլայ Վոլկովը։ Առաջին անգամ բալետը բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին Լենինգրադի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմքում ընկած է Ռաֆաելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը։ 1959 թվականին բալետն արժանացել է ԽՍՀՄ Լենինյան մրցանակի։
1950 թվականի հուլիսի 9-ին «Սպարտակ» բալետի պարտիտուրի առաջին էջին Արամ Խաչատրյանը գրել է. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»: Վերջին էջում կարդում ենք. «Երեք ու կես տարի տևեց «Սպարտակ»-ի վրա աշխատանքը: Գրում էի հիմնականում ամռանը: Ընդհանուր վերցված «Սպարտակը » 8 ամսվա ընթացքում է գրվել: Վերջացրել եմ 1954թ.-ի փետրվարի 22-ին: Ողջ երաժշտությունը գրվել է Հին Ռուզայում՝ կոմպոզիտորների տանը: Արամ Խաչատրյան»:
No Comments